Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Նարեկյան Պատարագ

19:28, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Նարեկյան Պատարագ

Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան №2 միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ.Զիրոյանը նարեկյան դաս էր ներկայացնում անսովոր ձևի մեջ՝ նարեկյան պատարագ, ուր զուգակցված էին աշխարհիկն ու հոգևորը:
     Դասարանը վերածվել էր խորանի, աշակերտները՝ սքեմներով և վեղարներով պատարագիչների:
     Դասն սկսվեց Աղան Երնջակյանի «Տեր ողորմեա» շարականի հնչյունների ներքո, այնուհետև եկեղեցու զանգերը ներս հրավիրեցին աշակերտներին՝ վառվող մոմերով: Ծավալվեց պատարագը: Աշակերտների սահուն, գրագետ խոսքը պարուրեց ներկաներին.
     Նարեկավանքը՝ երկնքից կախված քարե մի մատուռ
     Եվ այրվող մի սիրտ,
     Հրդեհվող մի սիրտ՝ բուրվառում քարե,
     Ու ես իմ դարից խենթ ու հողմավար
     Այցի եմ գալիս
     Քեզ, խղճի՛ ճորտակ, բարու՛ մարգարե…

Ցավ կար նրանց խոսքում. հանճարի ծննդավայրը գերի է:
     Ների՛ր ճգնակյա՛ց,
     Ինձնից խլված է լեռնաշխարհն իմ լուրթ
     Գերեզմանը քո ու լիճը Վանա:
     Աշակերտների կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր՝ «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցավ», «Առավոտ լուսո», «Հայրապետական մաղթերգ», իսկ Նարեկացու «Հավուն-հավուն» ստեղծագործության՝ Կամո Սեյրանյանի դուդուկի հնչյունները առարկայական դարձրին աշակերտուհու զուսպ, եթերային պարը՝ «Մեղեդի ծննդյանի» այլաբանությունը:
     Պաղ, միապաղաղ էր շարականների լույսը, իսկ Կույսը՝ անմիս, անմարմին, առավել խորհրդանիշ, քան էակ...

Նարեկացու լույսը ջերմ է այրելու չափ և շոշափելի-գունեղ՝ նկարելու չափ: Եվ այդ կենդանի բնության մեջ էլ՝ կենդանի Կույսը, որ սովորական կին չէ, այլ մի քայլող գեղեցկություն՝ «աչքն ծով ի ծով, բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթեր, ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցեալ»:
     Սա նկարագիր չէ Բարեկերտի մոր, այլ կարծես «Երգ երգոցի» հարսն է՝ Սողոմոնի Սուլամիթան:
     Դահլիճի լռությունը ճեղքեց երեխաների քրքիջը, հրմշտոցը. վարդի թերթիկներ շաղ տալով՝ վազում էին փոքրերը, ներկայացնում «Տաղ Վարդավառին»:
     Այնուհետև «Նարեկը» .
     «Ընթերցողների սրտերը դարձրու հստակ, բժշկիր նրանց հոգիները և հանցանքները սրբիր... Եթե անձնական ցավի մի մահացու վտանգ պաշարի որևէ մեկին, թող որ սրանով գտնի փրկությունը հույսով ապրելու...»
     Շարունակվում էր պատարագը, ու աշակերտները թվարկում էին մարդկային բոլոր արատները, խնդրում Աստծուն՝ ներել:
     Բազմոստյան ճյուղեր՝ թափուր, անպտուղ,
     Անպատկառ քծնանք, լկտի գզվռտուք,
     Գժտություններ ու գժդմնություններ,
     Ատելություններ՝ անմիտ, անիրավ,
     Հրապուրանքներ՝ պատրական, դյուրորս,
     Փոքրոգություններ՝ ճղճիմ, անկշիռ,
     Դրժումներ խոստման, ուխտազանցություն:
     ... Նախագահության մարմաջանք ու տենչ,
     Հիշաչարություն, քինախնդրություն,
     Խորամանկություն, բանսարկություններ:
     Մեր օրերում Նարեկացու խոսքը ոչ միայն աղոթք է ու պատարագ, այլև ահազանգ ու կոչնակ:
     Նարեկյան պատարագը շարունակում են մեծերն իրենց խոսքով հայոց մեծագույնի մասին:
     Աշակերտները արագ կերպարանափոխվում են և ներկայացնում Թումանյանի, Սևակի, Սարոյանի, Մեծարենցի, Չարենցի, Չոպանյանի խոսքերը: Նրանք են նարեկյան պատարագի իսկական պատարագիչները, որ օրհնաբանում ու փառաբանում են հզորագույնին, բացահայտում Նարեկ երևույթի մեծ խորհուրդը:
     Պատարագը եզրափակում են չորս աղջիկներ՝ ձեռքերը կրծքին՝ հայացքն անհունին.
     Հավատում եմ ես՝
     Հայոց աշխարհի լեռներից այս մով
     Ալիքի նման դու պիտի պոկվես լույսով քո վերին,
     Փոթորի՛կ անդուլ,
     Պիտի հավերժող ալեբախումով
     Մի քիչ մաքրություն խառնես աշխարհի պղտոր ծովերին...
     Ծավալվում է «Տեր ողորմեան» ու կատարյալ դարձնում պատարագը՝ նարեկյան պատարագը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
656 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ