Հոկտեմբերի 26-ին` ժամը 19: 00-ին, «Նարեկացի» արվետի միությունում տեղի կունենա նկարիչ, այլընտրանքային անիմատոր Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Համացանցում շրջանառվող թրեյլերում երևում է, որ ֆիլմում Պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևն է: «Պապիկիս երազը» նկարահանվել է նկարչի հեղինակած հեքիաթի հիման վրա և հանդիսանում է «Մեծ երազներ» ֆիլմաշար-նախագծի առաջին ֆիլմը:
«Պապիկիս երազը» ֆիլմը պատմում է տատիկիս պապիկի երազի մասին: Այն դիտելիս բոլորը հայտնվում են գունագեղ ու գեղեցիկ երազում, որտեղ յուրաքանչյուր հասարակ բան խորհրդավոր ու կարևոր է, - նշում է հեղինակը: Ֆիլմը նախատեսված է 16-ից 100 տարեկան երեխաների համար: Մուտքն ազատ է, սակայն, աջ ձեռքի ցուցամատին կապված կապույտ թելի առկայությունը խրախուսվում է: