Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միքայել Ոսկանյան. Փոփոխությունը քեզնից է սկսվում

Lusin
Հեղինակ`
Lusin
23:31, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Միքայել Ոսկանյան. Փոփոխությունը քեզնից է սկսվում

Նաիրա Հայրապետյան

Թառահար Միքայել Ոսկանյանին այսօր երևանյան երաժշտասերները շատ լավ են ճանաչում: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում, շնորհիվ երիտասարդ այս երաժշտի տաղանդի և աշխատասիրության, մեծ իմաստով շատ բան փոխվեց ազգային նվագարաններից թառի հանդեպ: Անսամբլային մեզ ծանոթ կարգավիճակից այն տեղափոխվեց շատերիս համար բոլորովին անսպասելի միջավայր, որտեղ թվում է, թե վաղուց հստակ սահմաններ են գծել այլ երաժշտական գործիքներ ու որտեղ միաժամանակ հնարավոր չէր պատկերացնել թառի ներկայությունը` իր իսկ ունեցած նախկին սահմանների պատճառով: Ջազը, ռոքը, փոփը, ավանդականը, ավանգարդը, դասականը… այս ժանրերից, ուղղություններից կամ ոճերից ոչ մեկն իրականում չի կարող դռներ կողպել ժողովրդական այս նվագարանի առջև, քանի որ երաժշտության լեզուն հասանելի է այնտեղ, որտեղ հնչյունի վարպետը հստակ գիտի իր անելիքն ու նպատակը:

Ժողովրդական գործիքների ընդգրկումը ժամանակակից երաժշտական խմբերում և գործիքավորումներում նորություն չէ: Աշխարհը վաղուց է վերադարձել տարբեր ժանրերի հետ էթնո ոճի միախառնմանը (ընդ որում՝ արևմտյան ոճերին միախառնելով տարբեր ժողովուրդների ազգային երաժշտական տարրեր), որի արդյունքում առաջացել են word music, էթնո ջազ, ավանգարդ ֆոլկ և այլ ձևակերպումները: Հայաստանում նման միաձուլումներ ավելի վաղ մենք արդեն լսել ենք, ռոք և ջազային գործեր՝ հիմնականում փողային նվագարանների կատարմամբ՝ դուդուկ, զուռնա, բլուլ և այլն:

Միքայելի դեպքում լարային նվագարանի առանձնահատկությունները ևս տեսանելի դարձան: «Երաժշտությունն ինձ համար սնունդի նման է, ես առանց նրա չեմ կարող գոյություն ունենալ, - ասում է Մ. Ոսկանյանը, - իսկ թառը և երգերը, որոնք ես գրում եմ, այն լեզուն են, որով արտահայտում եմ երաժշտության մեջ իմ զգացումները»: Մ. Ոսկանյանն այսօր արդեն հեղինակ է հարյուրից ավելի երգերի և երաժշտության, որոնց գործիքավորման հեղինակն է նաև: 2006թ-ից սկսած՝ նրա նախաձեռնությամբ ստեղծվել են մի քանի երաժշտական նախագծեր՝ «Colors of Music», «Miq’s Art accustic», «Voices of Peace», «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբերը, «Miq’s Art Project» -ը, որի շրջանակներում իրականացրել է տարբեր երաժշտական ծրագրեր և համերգներ: Այս ընթացքում նա և՛ որպես մենակատար, և՛ խմբի կազմում համագործակցել է տեղի և արտասահմանյան մի շարք երաժիշտների հետ, մասնակցել համերգների, ձայնագրությունների, հեղինակավոր մրցույթների և փառատոների Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում և այլուր: Այսօր նա շարունակում է հանդես գալ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի կազմում՝ որպես ղեկավար՝ միաժամանակ հանդես գալով անհատական ծրագրերով, որոնց առանցքում երիտասարդ այս երաժշտի նպատակը մեկն է՝ ներկայացնել հայկական երաժշտությունն ու ամենուր տպավորել հայկական ավանդական երաժշտական այս նվագարանի գեղեցկությամբ:


    

    
    
    

    

    

Թառահար, երգիչ, երգահան և գործիքավորող Միքայել Ոսկանյանի հետ զրուցել ենք երաժշտության, հնի ու նորի սահմանների, երաժշտական միջավայրի և իր մասին:

Արմատներ. Հայաստանի ամեն անկյուն ունի իր առանձնահատկությունը, որն էլ փոխանցվում է մարդուն

Ես երբեք չեմ տարանջատել այս կամ այն շրջանի կամ աշխարհամասի հայերին, բայց միշտ ինձ համար էլ հետաքրքիր է եղել ճանաչել մարդու պատկանելությունն այն առումով, թե ով որտեղից է գալիս: Աշխարհագրական առումով շատ տարբեր տարածքներում են գտնվում արմատներս. hորական կողմից պապս ծնվել է Տավուշում, բայց նրանք այդտեղ են տեղափոխվել Գանձակից: Տատս սյունեցի է: Մորական կողմս արդեն բայազետցիներ են, ովքեր հաստատվել են Գեղարքունիքում՝ Ծովագյուղում: Ես ծնվել եմ Երևանում: Ամեն շրջան, ամեն քաղաք կամ գյուղ, Հայաստանի ամեն անկյուն ունի իր առանձնահատկությունը, որն էլ փոխանցվում է մարդուն: Երբեմն պատահում է, որ զրուցում ես անծանոթ մեկի հետ ու տարօրինակորեն ջերմ, հարազատ զգացողություն ես ունենում նրա հանդեպ, հետո պարզվում է, որ նույն արմատներն ունեք, նույն հողից եք սնվել և այդ զգացողությունն էլ հենց էդտեղից էր գալիս:

Թառի հանդեպ հետաքրքրությունս կարծում եմ՝ գալիս է իմ արցախյան արմատներից, այնտեղ այս նվագարանն ավելի տարածված է եղել: Բացի այդ, պապիս պապը՝ Սարգիսը, թառահար է եղել: Շատերն են ասում, որ թառ նվագելու ձիրքը ինձ գենետիկորեն փոխանցվել է Սարգիս պապից: Մեր ընտանիքում ուրիշ ոչ ոք թառահար չի եղել:

Երբ առաջին անգամ պատահաբար լսեցի թառի ձայնը, ես այդ գործիքի անունն անգամ չգիտեի

Հինգ տարեկանից ես երգել եմ: Սկզբում «Պիոներ պալատում» հաճախում էի ազգային երգի և պարի խմբակ, որտեղ երգում էի: Հետո տեղափոխվեցի Երևանի մանկական ֆիլհարմոնիա՝ որպես մենակատար, այնտեղ էլ ինձ խորհուրդ տվեցին սովորել որևէ գործիք նվագել: Մեր ղեկավարը երջանկահիշատակ Հրաչյա Մուրադյանն էր: Նա իմ կարծիքով ֆանտաստիկ քամանչահար էր, և ոչ միայն ես, այլև խմբի բոլոր անդամները պարզապես սիրահարված էինք այդ երաժշտական գործիքին: Երբ խորհուրդ տվեցին նվագել, ես մտածեցի՝ անպայման քամանչա, ուրիշ ոչինչ: Ծնողներս էլ ընդունեցին որոշումս, քանի որ ինձ համար այդ նվագարանից բացի այլընտրանք գոյություն չուներ: Երբ գնացինք երաժշտական դպրոց՝ քամանչայի դասերի համար ընդունվելու, հենց այդ օրը դպրոցում ես պատահաբար լսեցի թառի ձայնը: Մինչ այդ երբեք չէի լսել: Միանգամից, երևի մեկ վայրկյան էլ չտևեց, երբ ես մտափոխվեցի: «Չէ, ես է՛ն գործիքով եմ ուզում նվագել սովորել (անունն էլ նույնիսկ չգիտեի)», - ասացի ես ու վերջնականապես ընտրեցի թառի դասարանը: Երևի հարազատ մի բան կար նրա հնչյունների մեջ, որ էդպիսի արագությամբ կպավ հոգուս, չգիտեմ:

Ազգային նվագարանների հանդեպ անտարբերության մասին

Խնդիրը (ես դրանում վստահ եմ) մատուցման մեջ է: Մենք ունենք ֆոլկ երաժշտության դասական հրաշալի դպրոց՝ իր կայացած, ամուր ավանդույթներով ու արժեքներով, լավագույն անսամբլներով ու մենակատարներով: Բայց հասկանո՞ւմ եք, 60-ական թվականներից սկսած՝ ոչինչ չփոխվեց կամ չավելացավ մատուցման առումով: Մինչև 50-ականները շատ բաներ եղան ՝ փորձվեց, զարգացավ, կայացավ ու մի տեսակ՝ կանգնեց: Մինչև հիմա դեռ էդ գործիքավորումներն ենք օգտագործում: Բայց 50-ականներին, օրինակ, չէին նվագում միայն 20-ականների կամ 30-ականների ոճով, զարգանում էր, ձևափոխվում: Հետո կանգնեց, որովհետև դա կայացումն էր: Ես՝ ինքս, անչափ սիրում եմ էդ մաքուր, զուլալ տեսակը, ու միշտ եմ լսում: Բայց եթե էսօր ունենք խնդիր այդ դաշտում, այն է՝ քիչ հետաքրքրություն դեպի ազգային նվագարանները կամ մեղեդին, ապա, կարծում եմ, պետք է ուղիղ նայենք ժամանակի աչքերին: Երբ կյանքը զարգանում է, ռիթմն ու հոգեբանությունը փոխվում են, երբ երաժշտության մեջ գալիս են նոր ուղղություններ ու ոճեր, մարդը սկսում է հեռանալ այն ամենից, ինչ մշտապես նույն ձևի մեջ է: Եթե խնդիր ունենք սեր ու հետարքրություն տարածելու ազգային երգի ու երաժշտության, նվագարանների հանդեպ, լայն լսարաններ ընդգրկելու, ապա պիտի փորձենք գտնել էսօրվա մեջ հարազատ ու նոր ուղիներ: Այլ կերպ ասած՝ ի՞նչ հագուստ կարող ենք հագցնել այսօրվա մարդուն, երիտասարդին, նույնը վերաբերում է երաժշտությանը:

Երբ ասում եք, որ ավագ սերնդից շատերի կարծիքով խնդիրը ոչ թե մատուցման, այլ երիտասարդ սերնդի գիտելիքների պակասի մեջ է, ես համոզված եմ, որ այդպես չէ: Եվ վստահ եմ, որ նույն բանը իրենց մասին ասած կլինեն իրենցից ավագները: Միգուցե մենք էլ մեր հաջորդ սերնդի համար նույն բանը մտածենք: Կաղավաղվի՞ արդյոք զուլալությունը, կվնասվի՞ մաքուրը, թե՞ պարզապես նոր ու ժամանակակից տեսք կունենա, կախված է երաժշտի գրագիտությունից ու պրոֆեսիոնալիզմից:

Ես ջազ չեմ նվագում, ես նվագում եմ թառ

Չասենք ջազ, կարծում եմ՝ երաժշտական այս տերմինը մի քիչ շատ է կպել մեր գործունեությանը ու վերագրվել մեր նվագած երաժշտությանը: Ասես պիտակավորվել է էդպես, ու ես էլ դարձել եմ ջազմեն, բայց ես պիտի հաստատեմ, որ ամենևին էլ այդպես չէ: Ես ջազ չեմ նվագում, ես նվագում եմ թառ: Իմ գործիքավորումներում իսկապես օգտագործում եմ ջազային էլեմենտներ, բայց նույն սկզբունքով ես միախառնում եմ նաև ռոքի, փոփի և այլ երաժշտության հետ: Թե ինչ ոճի է պատկանում մեր երաժշտությունը, ես դժվարանում եմ ասել: Եթե ես այդ տրամադրությունը խառնում եմ ազգային, աշուղական կամ ժողովրդական ստեղծագործություններին, ապա խիստ կարևոր է պահպանել մեղեդու «գծերն» այնպիսին, ինչպիսին որ եղել է: Դա ինձ համար սկզբունք է՝ երբեք այն չխախտել, այլ կառուցել նրա շուրջ կամ ձևավորել նրա հիման վրա: Բացի այդ, իմ կատարումների գերակշռող մասը սեփական գործերս են: Այստեղ ես լիովին ազատ եմ, ոչնչից կախում չունեմ և գործիքավորում ու նվագում եմ այն, ինչ ես եմ տեսնում, զգում և այն, ինչ իմ ներսից է գալիս:


    

    
    
    

    

    

Մեղեդին է թելադրում, թե ինչպես պետք է մատուցվի

Ես չգիտեմ, թե թառը այդ տարբեր ոճերից որի հետ է ավելի հեշտ ինտեգրվում, որովհետև մեզ համար չկա նման նպատակ: Երբեք հատուկ չեմ գրել մի բան, որ հենց այս կամ այն ոճի հետ միքսելու համար լինի: Մեր նպատակը երբեք դա չի եղել, այլ նոր երաժշտություն ստեղծելը: Հետո արդեն մեղեդին է թելադրում, թե ինչպես պետք է մատուցվի: Երաժշտությունն ինքը արդեն ցույց է տալիս, թե թառի հնչյունները տվյալ մեղեդու ուղղորդմամբ ջազի, ռոքի, ֆյուժնի, թե էթնոյի մեջ է իրեն լավ զգում: Թառը շատ այլ երաժշտական գործիքների նման լայն հնարավորություններ ունի: Այդ պատճառով էլ հանգիստ կարող է տեղավորվել ցանկացած ժանրում կամ ոճում:

Ես նվագել եմ և՛ սիմֆոնիկ նվագախմբի, և՛ մեծ երգչախմբերի հետ, ռոք և ջազ տարբեր բենդերի հետ, երկար ժամանակ նվագել եմ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում: Երաժշտական աշխարհում էթնիկ երաժշտության կամ նվագարանների հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ու տարբեր ուղղությունների հետ միախառնումը հիմա էլ շարունակում է ուշադրություն գրավել: Շատ հայտնի երաժիշտներ էլ են կտրուկ անցնում դեպի ազգայինը: Երաժշտությունը, կարծում եմ, նորից վերադառնում է իր արմատներին, դեպի ֆոլկը, էթնիկը:


    

Իմ նպատակը

Իմ նպատակը, ի սկզբանե, թառը ավելի մասայական դարձնելն է եղել: Թառի ձայնը ավելի լսելի ու ճանաչելի դարձնել: Երբ նոր էինք սկսել համերգների մասնակցել, շատ-շատերը չգիտեին, թե ինչ գործիք եմ նվագում: Ոմանք էլ չգիտեին, որ դա ոչ թե քամանչա, այլ թառ է: Հիմա իմ երաժիշտ ընկերներն էլ կհաստատեն, որ շատ բան է փոխվել: Համերգներին տարբեր տարիքի ու սերնդի ունկնդիրներ են գալիս: Նրանք նաև երաժշտական բացարձակ տարբեր նախասիրություններ ունեն:

Մեր ազգային նվագարաններից ամեն մեկն էլ իր հատուկ տեղն ու դերն ունի մեր մշակույթում: Բոլորն էլ, անխտիր, հրաշալի են և նրանցից ամեն մեկին, կարծում եմ, առանձնահատուկ սիրով ու նվիրումով պետք է մոտենալ: Խոսում ենք թառի կամ մեկ այլ գործիքի հայկական պատկանելիությունից, ավելի հաճախ նկատում հարևանի սեփականաշնորման ձգտումները, բայց հաշվի չենք առնում մեկ այլ կարևոր բան՝ եթե մենք էսօր ունենք, օրինակ, 10 կամ 15 թառահար, ապա իրենք մի քանի հարյուրն են: Աշխարհում վաղուց արդեն ոչ ոք մեզ նման խորացած չի հետաքրքրվում՝ գործիքը հայկական է, թուրքական, թե վրացական. կարևոր է, թե դու ինչպես ես նվագում, ինչ երաժշտություն ես ներկայացնում և ինչպես: Ով ես դու և ինչ ասելիք ունես: Մենք, իսկապես, պահպանելու խնդիր ունենք, բայց դրա համար ճանաչել է պետք:

Անհատ, թե պետություն

Ամեն դեպքում, կարծում եմ, որ անհատներն են դա անում: Միշտ էլ այդպես է եղել, ինձ թվում է, որ անցյալում էլ ու հիմա էլ, երկիրդ, մշակույթդ ներկայացնելու կարևորությունը միշտ անհատների ուսերին է եղել, նրանց ստեղծագործության, նվիրման ու էդ կարևորությունից բխող գիտակցության շնորհիվ: Հետո մի բան էլ կա. նախ խոսիր, ներկայացրու ասելիքդ, հետաքրքիր դարձիր, հետո նոր մտածիր այդ առումով պետության անելիքի մասին: Իհարկե, հրաշալի կլինի, եթե արվեստդ, մշակույթդ, վերջապես՝ երկիրդ կարևոր միջավայրերում ներկայացնելու պահին թիկունքում զգաս պետությանդ մասնակցությունը: Դա արդեն, այլ կերպ ասած, քաղաքականություն է: Ես ինձ շատ հպարտ եմ զգում, երբ որևէ երկրի բեմում նվագելուց հետո ինձ հարցնում են, թե ի՞նչ երաժշտություն է դա, և ո՞ր երկրից ենք մենք:

«Միքայել Ոսկանյան և ընկերներ»

Մենք հինգ տարի արդեն գոյություն ունենք նույն կազմով (խմբի կազմը՝ Դավիթ Մելքոնյան-սաքսոֆոն, Արման Փեշտմալյան-ստեղնաշարային, Գուրգեն Ղազարյան-բաս, Մովսես Ղազարյան-հարվածային գործիքներ, Միքայել Ոսկանյան-թառ, վոկալ): Ունենք արդեն երկու ձայնասկավառակ՝ «Շատրվաններ» և «Ֆոլք ֆյուժն Մ. Ոսկանյանի և ընկերների կողմից»: Շուտով պատրաստվում ենք ներկայացնել երկու նոր ձայնասկավառակ, որոնց ուղղությամբ հիմա աշխատում ենք: Դրանցից մեկը բոլորովին նոր նախագիծ է՝ «Հովեր» երգչախմբի հետ կձայնագրենք նոր ձայնասկավառակ ՝ «Nightology» ՝ «Գիշերաբանություն» անվամբ: Այստեղ ընդգրկվելու են ամբողջությամբ նոր ստեղծագործություններ: Ի դեպ, իմ երաժշտությունից բացի, այստեղ կգտնեք մեր բենդի տղաների հեղինակած գործեր նույնպես: Ամեն մի գործ մյուսի շարունակությունն է՝ մի մտքի շուրջ հավաքված: Տարբեր զգացումների և մտորումների ծնունդից ստեղծված այս պատմությունն ավարտվում է լուսաբացով:

«Nightology» -ից բացի մտադիր ենք ձայնագրել մեր չորրորդ ձայնասկավառակը: Սա արդեն տարբեր աշխատանք է, ալբոմում ներկայացնելու ենք ժողովրդական երգերի մշակումներ:


    

    
    

    

    

Երաժշտության փակ և բաց սահմաններ

Սահմանափակումներ կան ներսում և շատ: Սեփական ուժերով դժվար է դուրս գալը: Ինտերնետի, տեխնիկայի դարում ենք ապրում, բայց նույնիսկ այս առումով մենք սահմանափակումներ ունենք: Երկրից դուրս գալը մեծ առավելություններ ունի: Շատ կարևոր է մրցույթների կամ փառատոների մասնակցելը, դրանք մեծ փորձառություն են տալիս, նպաստում քո՝ որպես երաժշտի զարգացմանը՝ տարբեր առումներով: 2014թ. բենդը մասնակցեց նյույորքյան հեղինակավոր մի մրցույթի, որի ժյուրիի կազմում էին ջազի համաշխարհային լեգենդներ: Նրանց հետ շփվելը, կարծիքները լսելը, ավելին՝ բեմում նրանց հետ նվագելը գիտե՞ք ինչ մեծ բան է երաժշտի համար: Համերգից հետո Լենի Ուայթը մոտեցավ մեզ և գովասանքի խոսքեր ասաց: «Made in New York Jazz» -ի գալա համերգում խումբը մեծ տպավորություն թողեց բոլորի վրա: Նրանք հետաքրքրվում էին հայկական երաժշտության, ռիթմերի, թառի հնչողության յուրահատկությամբ: Այլ մրցույթների և փառատոների էլ եք մասնակցում և բոլոր տեղերում մեծ ոգևորությամբ են ընդունում մեզ:

Նման շփումների արդյունքում են ծնվում նոր ստեղծագործություններ, համագործակցություններ, փորձառություն, նոր քայլեր և վերջապես զարգացումներ: Դրանց կարիքը շատ է զգացվում: Երաժշտությունը սնունդի նման մի բան է, ես առանց նրա չեմ կարող գոյություն ունենալ: Երաժշտությունն իմ մի մասնիկն է: Դա երաժշտի համար անհրաժեշտություն է: Հակառակ դեպքում նույն բանն է, ինչ ողջ կյանքը տանը նստած նվագես ու դու և հարևաններդ միայն լսեք:

Երբեմն մտքովս անցնում է դուրս գալ, սովորել, բայց երբեք չեմ մտածել մնալ այնտեղ ապրելու համար։


    

Հայաստան. երաժիշտ-երաժիշտ, երաժիշտ-միջավայր, երաժիշտ-հանդիսատես

Իրականության հետ բախումները շատ են, նույնիսկ ինքդ քեզ հետ ես ավելի հաճախ ունենում, դրանք անխուսափելի են: Ես կարևորում եմ մեր խմբում միասնականությունը. դա մեծ նշանակություն ունի բոլորիս համար: Մենք ունենք շատ տաղանդավոր երաժիշտներ, ունենք նաև շատ լավ խմբեր, բայց ցավալին այն է, որ նույն երաժշտին դու կարող ես տեսնել տարբեր խմբերում, և դա շատ անգամ պայմանավորված է ոչ թե իր ոճային բազմազան նախասիրությամբ, այլ սոցիալական պատճառներով: Իսկ դա արդեն շատ բան կարող է փոխել և՛ այդ երաժշտի կյանքում և՛, առհասարակ, երաժշտության մեջ:

Շուկա կոչվածը մեզ մոտ շատ փոքր է, շատ նեղ: Գրեթե նույն միջավայրն է, նույն մարդիկ, նույն հնարավորությունները: Եվ գալիս է մի պահ, որ դու հասկանում ես՝ հայտնվում ես մի տեղ, որտեղից այլևս ուրիշ տեղ անցնել չես կարող, քանի որ սահմանն այդքան է: Ես գործունեության առումով եմ նշում, ոչ թե ստեղծագործական: Մի քանի ակումբ, մի քանի համերգասրահ ու… Բայց սիրտդ նոր ճանապարհներ ու նոր մթնոլորտ է ուզում, խոսելու, շփվելու, ներկայանալու նոր միջավայր ու տալու-վերցնելու նոր հնարավորություններ: Հանդիսատեսի առումով կարող եմ ասել, որ ամեն ինչ փայլուն է ուղղակի, շատ լավ հանդսատես ունենք մենք այսօր, որը ազատ, անկաշկանդ ու ազնիվ երկխոսության մեջ է մտնում քեզ հետ: Դու նվագելիս նրան զգում ես ու վստահում: Մեր մեջ շատ ամուր կապ է ստեղծվում:

Բայց մի բան էլ կա. երբեք չպետք է տանը նստես ու սպասես, թե երբ քեզ կնկատեն: Դու պիտի անընդհատ աշխատես, ինքդ ներկայանաս ու կարողանաս ձայնդ լսելի դարձնել: Մարդիկ կան, որ մի քանի գործ գրելուց կամ նվագելուց հետո մտածում են, որ արդեն հատել են սահմանը և կարելի է այդտեղ կանգ առնել, մնալ: Իսկ իմ կարծիքով՝ այդպես չէ, ստեղծագործող մարդը, մեր դեպքում՝ երաժիշտը, անընդհատ պետք է նոր ու հետաքրքիր ասելիք ունենա: Ես իմ խառնվածքով շատ փոփոխական եմ. երբեք երկար մի տեղում չեմ կարող մնալ: Նույնիսկ իմ խմբի ոճն էլ նախորդ տարիների համեմատ անընդհատ փոխվում է:

Այս ապրիլն ու դրանից հետոն. մեզ մոտ մարդն իր տեղում չէ

Այս ապրիլից հետո շատ բան է փոխել մեր մտածողության մեջ և մոտեցումներում: Եթե առաջ՝ ավելի խաղաղ պայմաններում դու մտածում էիր քո գործունեության մասին, ապա այդ իրադարձությունները մի տեսակ ցնցեցին՝ հիշեցնելով, որ թվացյալ հանգիստդ շատ տատանվող է: Զգացողություններս ու մտածումներս էլ շատերի նման շատ հակասական են՝ ոգևորությունից մինչև խոր հիասթափություն: Սխալներ, որոնց վրա պետք է հետևություններ անենք և ուղղվենք: Մտածել ոչ միայն սեփական անձիդ, այլ երկրիդ առողջության մասին:

Բայց եթե այս երկրի մի մասնիկն ես քեզ համարում, այս մշակույթի ու ժառանգության կրողը, ապա չես կարող անտարբեր լինել, ոչ մի կերպ: Ես կարծում եմ, որ ամեն մարդ, եթե իր գործով զբաղվեր ու սրտացավ վերաբերվեր իր գործին, ամեն ինչ իր տեղը կընկներ: Բայց մեզ մոտ մարդն իր տղում չէ: Իսկ դա և՛ մարդու տեսակի, և՛ կրթության և՛ միջավայրի խնդիր է: Ես համոզված եմ՝ եթե ցանկություն ունենաս ուղղվելու, եթե մարդն իր տեսակով ձգտող լինի, ապա հենց ինքն էլ կփոխի իր միջավայրը: Բայց դրա համար առաջին հերթին ինքդ քեզ պիտի փոխես: Կարծում եմ՝ մեզ այս գիտակցությունն է պակասում:

Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Գերմանովիչի


    
http://hetq.am/arm/news/68636/miqayel-oskanyan-popokhutyuny-qeznic-e-sksvum.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4096 | 0 | 0
Facebook