Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

46-օր սահմանապահների կողքին. «Հայդուկ» ջոկատն ամփոփում է իր առաքելության արդյունքները

02:31, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
46-օր սահմանապահների կողքին. «Հայդուկ» ջոկատն ամփոփում է իր առաքելության արդյունքները

Ապրիլմեկյան պատերազմական իրավիճակի առաջին օրերից Ազատամարտիկ հրամանատարներ, Ջերմուկի Համոյի` Մուշեղ Բաբայանի և Մասիսի Սայադի` Սայեն Հայրապետյանի միասնական ջանքերով կազմավորված «Հայդուկ» կամավորականների ջոկատը, մայիսի 21-ին ավարտեց շուրջ 46 օր տևած իր օժանդակ սահմանապահ առաքելությունն Արցախում և վերադարձավ Հայաստան: Այս օրերի ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ ՀԳմ հրամանատար, մայոր Վիգեն Մկրտչյանի ենթակայության ներքո գործող զորամիավորմանը կցված «Հայդուկ» -ի անդամները մասնակցեցին լայնածավալ թիկունքային աշխատանքների և զորավարժությունների, որոնց մասին խոսեցինք «Հայդուկ» ջոկատի հիմնադրիր հրամանատար, գնդապետ Մուշեղ Բաբայանի հետ:


    

-Ի՞նչպես առաջացավ ձեր նորաստեղծ ջոկատն ունենալու գաղափարը և ո՞վքեր են ձեր կամավորականների շարքերում:

-Մեր Ջոկատը կազմավորվեց, քանի որ ես և իմ ընկերները վստահ ենք, որ իրավունք չունենք թույլ տալու, որ մեր 18-20 տարեկան ջահել տղերքն այս օրերին զոհվեն, կամ վիրավորվեն: Մեր երիտասարդները, օր ու գիշեր, հարյուրավոր կիլոմետրերի երկայնք ունեցող սահման են հսկում և ցավոք սրտի, հաճախ իրենց կյանքն ու առողջությունն են զոհաբերում այդ սրբազան գործի համար, մինչդեռ նրանք դեռ իրենց կյանքը պետք է տեսնեն, տուն ու ընտանիք կառուցեն: Այդ իսկ պատճառով, մենք` 45-50, 60 և ավելի մեծ տարիքի տղամարդիկ, որ արդեն տուն ու տեղ ենք դրել և զավակներ ունենք, իրավունք չունենք թույլ տալու, որ մեր երիտասարդ սերունդների շղթան ինչ-որ տեղ կտրվի: Եթե պատերազմական իրավիճակում ինչ-որ մեկն էլ պետք է զոհվի` դա մենք պետք է լինենք, և ոչ թե 18-20 տարեկան, նոր կյանք տեսած մեր տղաները, որ մեր թոռներն ու երեխեքն են:

Այդպիսով, մեր ջոկատի մեծ մասը կազմում են 45-նանց տղամարդիկ, որոնց մեծամասնությունը աղվանական պատերազմի մասնակիցներ են, Արցախյան ազատամարտիկներ, որոնք ծառայել են սովետական բանակում, մասնակցել պատերազմական գործողությունների, իսկ Արցախյան ազատամարտից հետո` զբաղվել բանակաշինությամբ: Ջոկատի մյուս անդամներն էլ, խաղաղությունից հետո Հայաստանի և Արցախի սահմանամերձ գոտիներում իրենց զինծառայությունն անցկացրած ազգասեր և հայրենասեր հայորդիներն են: Կան նաև մի քանի երիտասարդներ, ովքեր օրենքով սահմանված կարգով, ազատված են եղել պարտադիր զինծառայությունից և չեն ծառայել, բայց իրենց սրտի թելադրանքով միացել են մեզ և կամավորագրվել:

- Ի՞նչ առաքելություն էր իրականացնում «Հայդուկ» ջոկատն առաջնագծում, որն Արցախ հասավ արդեն ապրիլի 6-ին, երբ պատերազմական գործողություններն արդեն ավարտվել էին:

-Ապրիլի 6-ին ժամանելով Արցախ աշխարհ` մենք պատրաստ էինք ամեն ինչի: Սակայն բարեբախտաբար, դեպքերն այնպես ծավալվեցին, որ պատերազմական գործողությունները չշարունակվեցին և մենք էլ նմանատիպ իրավիճակներում չհայտնվեցին: Մեր գերագույն նպատակը` սահմանապահ հայ զինվորի կողքին կանգնելն էր և նրանց թև ու թիկունք լինելը, ինչով էլ, որ մենք հետագայում զբաղվեցինք: Արցախ էինք մեկնել, զինվորների հոգսը թեթևացնելու նպատակով, այդիսկ պատճառով, մեծ սիրով զբաղվեցինք թիկունքային-ինժեներական աշխատանքներով: Թե փոս էր պետք փորել` փորեցինք նրանց փոխարեն, կամ նրանց հետ միասին, թե պատ էր պետք շարել` շարեցինք նրանց հետ միասին: Եվ այդպես, ամեն ինչում փորձեցինք պիտանի լինել, մեր զինվորներին:

-Ի՞նչ խնդիրների բախվեցիք Արցախում և ինչպես եք գնահատում, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ գործունեությունը:

-Մենք Արցախ էինք գնացել գիտակցված` իմանալով, թե ուր ենք գնում և ինչի համար: Գնացել էինք բանակին օգնելու, և ոչ թե մի բան էլ բանակին բեռ դառնալու համար: Բարեբախտաբար «Հայդուկ» ջոկատը կարողացավ իր աջակից-բարերարների ջանքերով հայթայթել իր սնունդը, հագուստն ու անհրաժեշտ պարագաները, որից բացի, որոշ չափով էլ կարողացանք զինվորներին էլ բաժին հանել: Եվ դրանով, ոչ թե լավություն ենք արել բանակին, այլ մեր հոգու պարտքն ենք տվել: Մենք բոլորից էլ լավ, թե լավն ու թե վատը տեսնում ենք մեր բանակի ներսում` տեղեկացված ենք, սակայն բանակի մասին, այն էլ այսպիսի իրավիճակներում` կամ լավը պիտի խոսենք, կամ ոչինչ: Այսպիսի պահերը` մեր ամենքիս հոգու պարտքը տալու պահերն են, ոչ թե խոսելու և բողոքելու:


     -Ռազմավարական առումով, Ի՞նչ ձեռք բերեց բանակը «Հայդուկ» ջոկատի շնորհիվ, և ի՞նչ ձեռք բերեցին «Հայդուկ» ջոկատի կամավորականները:

-Բանակ և աշխարհազորային-կամավորական կապն ամրապնդելու և մարտական գործողությունների ժամանակ, կանոնավոր զորքերի և կամավորական ջոկատների փոխհամագործակցությունն ավելի ներդաշնակ դարձնելու նպատակով, իրականացվեցին լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակներում ևս «Հայդուկ» կամավորականների ջոկատը կցված էր ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ ՀԳմ հրամանատար, մայոր Վիգեն Մկրտչյանի ենթակայության ներքո գործող զորամիավորմանը, Ինչի առիթով ևս մեկ անգամ, փառք ու պատիվ պիտի տանք մեր զինվորներին և հրամանատարներին, իրենց ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, մայոր Վիգեն Մկրտչյանին, ով իր գործի իսկական նվիրյալն է, և ով որ ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի Բանակ և աշխարհազորային-կամավորական փոխհամագործակցությունը կայանա նաև մարտական պատրաստվածության բնագավառում, և դա մեզ հաջողվեց:

Այսպիսով, մենք ստեղծեցինք մի նոր զորամիավորում, որը հարկ եղած դեպքում կարող է շատ կարճ ժամանակահատվածում վերակազմավորվել և կրկին մեկնել առաջնագիծ, կանոնավոր զորքերի հետ էլ գործել միասնական և ներդաշնակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5556 | 0 | 0
Facebook