Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ-ն ինֆլյացիայի գործիք

23:30, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
ՀՀ-ն ինֆլյացիայի գործիք

Ինֆլյացիա ասելով հասկանում ենք գների համընդհանուր աճ: Այս երևույթը շատերը բացասաբար են ընկալում և հետևաբար ինֆլյացիայի հանդեպ վերաբերմունքը, այլ հավասար պայմաններում, բացասական է: Իհարկե, երբ տեղի է ունենում գների համընդհանուր աճ, ապա դա առաջին հերթին նվազեցնում է փողի գնողունակությունը, այսինքն որոշակի եկամտի մակարդակի դեպքում մենք կարող ենք շատ ավելի քիչ ապրանքներ կամ ծառայություններ գնել, քան նախկինում: Ինֆլյացիան կարող է շատ ավելի մեծ չափով բացասաբար անդրադառնալ հատկապես հաստատուն եկամտի մակարդակ ունեցողների վրա: Ավելին, երկնիշ թվով ինֆլյացիան կարող է լուրջ վտանգ հանդիսանալ տնտեսության հետագա զարգացման համար:

Այսպիսով, շատերը խոսելով ինֆլյացիայի բացասական կողմերի մասին անտեսում են կամ ուղղակի չգիտեն, որ ինֆլյացիան նաև անհրաժեշտ է տնտեսական զարգացում ապահովելու համար: Այսինքն, այլ հավասար պայմաններում, առանց ինֆլյացիայի տնտեսական աճ ապահովելն անհնարին է: Զարգացող երկրների դեպքում, ինչպիսին օրինակ Հայաստանն է, որտեղ չի օգտագործվում արտադրական հնարավորությունների ամբողջ կարողությունները, ինֆլյացիան կարող էր և պետք է լիներ շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան ներկայումս է"4% ± 1.5%": Սովորաբար ինֆլյացիայի ցածր մակարդակ ունենում են զարգացած երկրները, որոնց տնտեսություններն արդեն գտնվում են իրենց արտադրական կարողությունների սահմանագծում:

Ինֆլյացիայի մակարդակը ՀՀ-ում 2004-2014թթ.

Ինֆլյացիա

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2.0

-0.2

5.2

6.6

5.2

6.5

9.4

4.7

3.2

5.6

4.6

Աղբյուր` ՀՀ Ֆինանսների նախարարություն

2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: Գնաճի նպատակային մակարդակը ամրագրվում է յուրաքանչյուր տարվա "Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում": Գնաճի նպատակային թիրախը պահպանելու համար, ՀՀ Կենտրոնական բանկը վարում է "թանկ փողերի" քաղաքականություն` դրանով իսկ զսպելով այն հնարավոր տնտեսական աճի մակարդակը, որը կարող էր լինել "էժան փողերի" քաղաքականության վարման դեպքում: ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության շրջանակներում նշվում է, որ ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Մեր կարծիքով, ինֆլյացիայի նման ցածր մակարդակը շատ ավելի արդյունավետ կլիներ կիրառել, երբ ՀՀ տնտեսությունը արդեն գտնվեր իր արտադրական կարողությունների սահմանագծին մոտ: Ավելին, ՀՀ Կենտրոնական բանկը միշտ վարել է "կոշտ դրամավարկային քաղաքականություն", այսինքն զսպել է փողի առաջարկը տնտեսության մեջ` դրանով իսկ սահմանափակելով դրա հասանելիությունը: Այս քաղաքականությունն անկասկած զսպել է նաև ՀՀ տնտեսական աճը:
     Ամփոփելով կարող ենք նշել, որ իհարկե գների կայուն մակարդակը կարևոր է տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում, սակայն զարգացող երկրների դեպքում, տնտեսության արագ զարգացման և աշխուժացման համար պետք է իրականացվի խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ: Արդյունքում աճելու է ինֆլյացիայի մակարդակը տնտեսության մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5435 | 0 | 0
Facebook