Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի՞ բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության»-2

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
09:43, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի՞ բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության»-2

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում 4 ամիս գյումրեցի Հ. Մ.-ին սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով քրեական գործ հարուցելիս որպես տուժող ներգրավվել էր նաեւ երկրորդ անձը: Գյումրեցի Վարդուհի Ս.-ն, ով այդ ընթացքում եւս գտնվել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում եւ զբաղվել մարմնավաճառությամբ, նախ ճանաչվել էր որպես տուժող: Հետաքննության ընթացքում, հավաքված նյութերի հիմնավորմամբ հետագայում գործով տուժող ճանաչվել էր միայն Հ. Մ.-ն, իսկ Վարդուհի Ս.-ն ներգրավվել էր որպես վկա:

Դատարանում գործով վկա Վարդուհի Ս.-ն պատմեց, որ ինքը Գյումրիում եւս զբաղվել է մարմնավաճառությամբ: Ամբաստանյալ Նարինե Մ.-ին շատ լավ է ճանաչում` իր 12 տարվա ընկերուհին է: Ամբաստանյալ Սուսաննա Մ.-ի հետ ծանոթացել է Թուրքիայում 2010թ.-ին, երբ ինքն ու Նարինեն գնացել էին մարմնավաճառությամբ գումար աշխատելու:

«Ես եմ Նարինեին խնդրել, օր ընձի տանի Թուրքիա, ճամբեն սորվցնե փող աշխատելու, հեչ մարդ ընձի չի ստիպել, ես իմ կամքով եմ գնացել, հիվանդ երեխա կպահեմ», -հայտարարեց վկան:

2010թ.-ին Վարդուհին եւ Նարինեն նախնական պայմանավորվածության համաձայն պիտի գնային Թուրքիայի Կոնիա քաղաք, սակայն վերջին պահին Սուսաննան նրանց զգուշացրել է այնտեղ չմեկնել, քանի որ գործերը վատ են, ոստիկանները ուժեղացրել են հսկողությունը: Սուսաննայի հանձնարարականով աղջիկները մեկնել են Անկարա ու հանդիպել թուրք Սաֆարի հետ: Չորս օր մարմանավաճառությամբ են զբաղվել մեքենայի մեջ կամ բնության գրկում, ամայի վայրերում: Սաֆարը Նարինեին եւ Վարդուհուն ասել է, թե հավաքված գումարը ուղարկել է Սուսաննային, սակայն այդ տեղեկությունը հետագայում հերքվել է: Սուսաննան տեղեկացրել է աղջիկներին, որ Սաֆարն իրեն գումար չի ուղարկել:

Երբ աղջիկները Սաֆարից պահանջել են իրենց աշխատած գումարը, վերջինս այնպես է կազմակերպել, որ ոստիկանները նրանց հայտնաբերեն եւ վտարեն երկրից: Դատավորի հարցին, թե որքան գումար էր աշխատել Վարդուհին 4 օրում, վկան սկզբում դժվարացավ պատասխանել. «Դե երեւի 2000 դոլար: Ամեն մեկս մի էդքան աշխատած կայինք, որ Սաֆարը մեզ չտվեց: Ես իմ մոտ պահած ունեի որոշակի գումար, որ կլիենտները անձամբ ինձ էին տվել, էդ գումարով ենք ես ու Նարինեն Հայաստան էկել»:

«Իսկ դուք համոզված էիք, որ Սաֆարն իրոք ձեր աշխատածը չէր ուղարկել Սուսաննային», -հարցրեց դատավոր Է. Մանուկյանը:

«Հա, վստահ ենք, որովհետեւ Սաֆարը սկզբում ավտո չուներ, կվարձեր, բայց 3-րդ օրն արդեն առել էր ու կմտածեմ, օր հենց մեր փողերով», -պատասխանեց վկան:

Վկա Վարդուհի Ս.-ն տուժող Հ. Մ.-ի հետ ծանոթացել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Վկան պատմեց, որ տուժողին տեսել է Սուսաննայի վարձած տանը, որտեղ նա սկզբում բնակվում էր: Հ.Մ.-ն իր անունով չէր հանդես գալիս, այլ Կարինե անունով: Վկան բացատրեց, որ հայկական դժվարահունչ անունները հայ կանայք շատ հաճախ փոխում են, որ թուրք հաճախորդների համար առավել մատչելի լինի: «Իսկ ով էր կազմակերպում ձեր հանդիպումները կլիենտների հետ», -հարցրեց դատավորը: «Մենք…ընդեղ ամեն մեկս մեր վարձած սենյակն ունեինք, բայց մենք կերթայինք հյուրանոցները, դռները կծեծեինք, կառաջարկեինք: Հետո ընդեղ մենակ մենք չէինք, ռուսներ էլ կային, երկար տարիների աշխատող հայեր էլ կային»:

Ինչ վերաբերում է Սուսաննայից հագուստներ գնելուն, ապա վկան եւս օգտվել է այդ ծառայությունից, սակայն շատ քիչ հագուստ է վերցրել, մնացածն, ինչ իրեն պետք է եղել, գնել է խանութներից: Վարդուհին Տրապիզոնում ընդամենը մեկ ամիս է մնացել եւ սեպտեմբերին Նարինեի հետ վերադարձել Գյումրի: Նրանք տուժող Հ.Մ.-ի մորն են հանձնել աղջկա ուղարկած մի քանի պարկ հագուստը եւ արբանյակային ալեհավաքը: Ինքն անձամբ 20 դոլար է տվել Հ.-ի մորը` գործով վկա ներգրավված Գայանե Մ.-ին:

Վարդուհին դատարանում պնդեց, որ տուժողը իմացել է, թե ինչով պիտի զբաղվի Թուրքիայում: Հ.Մ.-ն վկային պատմել էր, որ եղել է Դուբայում եւ զբաղվել մարմնավաճառությամբ: «Դուք ինչ է, այնտեղ իրար հետ եք մեկնել», -հարցրեց դատավորը: «Չէ, ուղղակի ինքն օր կպատմեր, ես իրա պատմածից ճանաչեցի էն կնոջն, ում մոտը Հ.-ն եղել էր: Դե ես ինքս 7 ամիս մնացել եմ Դուբայում, մարմնավաճառությամբ եմ զբաղել»: Քանի որ վկայի դատարանում տված ցուցմունքները տարբերվում էին նախաքննական ցուցմունքներից, դատավորին եւ մեղադրողին հետաքրքրեց, թե ինչն է պատճառը նման դիրքորոշման: «Դուք ձեր ձեռքով լրիվ այլ բան եք գրել, հիմա այլ բան եք ասում», -նկատեց դատավորը:

«Էն վախտ ըսին, օր ըդպես է պետք գրել, գրել եմ: Հմի ինչ օր ըսել եմ, էդ է ճիշտը: Մեր ձեռքից հեչ մարդ անձնագիր չի վերցրել, մենք էլ իմացել ենք ուր կերթանք ու ինչի համար: Հ.-ն չէր ուզե, օր իրա մերն իմանա, ըդուր համար էլ մեզի խնդրել էր, օր չըսենք»:

Գործով դատակոչված մյուս վկան` Անահիտ Հ.-ն տուժողի հետ ծանոթացել է հեռախոսով: «Հ.-ն իմ համարս տեսել էր սիրածի հեռախոսի մեջ ու զանգել էր ընձի, կհարցըներ, թե ուրդից գիտենք իրար: Մենք էդ օրը լավ կռվել ենք, ինքն ընձի է անպատվել, ես իրան: Հեռախոսն անջատելուց 2 ժամ հետո զանգեց ներողություն խնդրեց, հետո էլ, թե իմացել եմ Թուրքիա կերթաս, կարող է ընձի էլ հետդ տանիս: Ես էլ ըսի, թե «դեպորտ» ունիմ, բայց ընկերուհիս կերթա, կրնամ իրա հետ ծանոթացնեմ», -պատմեց Անահիտ Հ.-ն:

Վկան ասաց, որ վատ է ճանաչում տուժողին: Նրա Թուրքիա գտնվելու ընթացքում ինքն Հայաստանում է եղել: Նարինեից է իմացել, որ տուժողը մեկնելու է Տրապիզոն: Ինքը ընկերուհուն խորհուրդ է տվել չտանել Հ.-ին, «գլխացավանքի մեջ չընկնելու համար»: Վկան ներկա է եղել Նարինեի եւ Հ.-ի խոսակցությանը: Տուժողն ամբաստանյալ Նարինե Մ.-ին խնդրել է իրեն տանել Թուրքիա` այնտեղ մարմնավաճառությամբ գումար աշխատելու նպատակով ու խնդրել է, որ իրեն «տեր կանգնի»: Նարինեն Հ.-ին առաջարկել է գրավոր հաստատել իր մտադրությունը, որ ինքը Թուրքիա է գնում իր կամքով: Անահիտը պնդեց, որ Հ.-ն ի սկզբանե իմացել է, թե ինչով է զբաղվելու Թուրքիայում:

«Շնորհքով աղջիկն, եթե շնորհքով գործ գուզե, թող թերթը վերցնե իրա համար գործ գտնի, ինչ գործ ունի մեզի հետ: Ես հըլը չեմ տեսել, օր նամուսով աղջիկը գա իմ տուն, ըսե` ընձի տար Թուրքիա», -նկատեց վկան:

Անահիտն արդեն 10 տարի է` զբաղվում է մարմնավաճառությամբ, որից 3 տարին Թուրքիայում: «Ըդիկ սուտ է, թե Հ.-ին Նարինեն առաջարկել է Թուրքիայում դայակություն էնել: Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության: Մենք երեխա պահելու համար չենք էրթա Թուրքիա: Սաղն էլ գիտեն մենք ինչի համար կերթանք», -խոսքն ամփոփեց Անահիտ Հ.-ն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2678 | 0 | 0
Facebook