Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է ինտելեկտը և ի՞նչից է կախված IQ- ի մակարդակը

Անուշ Անանյան
14:13, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2013 թ.

Այսօր սոցիալական տարբեր կայքերում կարող ենք գտնել ինտելեկտի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, նյութեր, սակայն պետք է կանգ առնենք նախ և առաջ այն հարցի շուրջ, թե ի՞նչ է ինտելեկտը: Ոմանք այն ասոցացնում են մտածողության հետ, ոմանք էլ դիտում են, որպես գոյություն չունեցող հասկացություն, և նրան չափելու բոլոր փորձերը համարում են անհեթեթ: Մինչդեռ այդպես անվանելու համար անհրաժեշտ է հասկանալ ինտելեկտ հասկացության բուն էությունը: Ինտելեկտը (lat.-intellectus- ըմբռնում, ճանաչողություն) ընդհանուր ընդունակությունն է խնդիրների ճանաչման և լուծման համար, որը միավորում է անհատի ճանաչողական ընդունակությունների համակարգը՝ զգայություն, ըմբռնում, երևակայություն, մտածողություն: Փաստորեն ստացվում է, որ ինտելեկտը իր մեջ ներառում է ոչ միայն մտածողությունն առհասարակ, այլև զգայությունը, մտածողությունը, ըմբռնումը, հիշողությունը, երևակայությունը: IQ-ն (անգլ. intelligence quotient) ինտելեկտի մակարդակը գնահատող քանակական ցուցանիշն է: Ինչպես գիտենք ինտելեկտ մակարդակը կախված է տարբեր գործոններից: Այդ գործոնները բաժանվում են երկու խմբի՝ ժառանգական և սոցիալական: Ժառանգական գործոնին անդրադառնալիս հարկ է նշել, որ ժառանգվում է ոչ թե ինտելեկտը ամբողջությամբ, այլ ուղեղի որոշակի նեյրոֆիզիոլոգիական բնութագրիչներ, որոնք մտնում են այն ֆուկցիոնալ համակարգի մեջ, որը վերաբերում է ինտելեկտի գործոնին: Տարբերում ենք մի քանի հիմնական մոտեցումներ, որոնք բացահայտում են սոցիալական միկրո միջավայրի ազդեցությունը երեխանների ինտելեկտի զարգացման վրա: Առաջին մոտեցման դեպքում կարևոր նշանակություն ունի երեխանների շփումը ծնողների հետ, որոնք ազդում են երեխանների ինտելեկտի զարգացման վրա: Մյուս մոտեցման համաձայն ինտելեկտի մակարդակը կախված է ընտանիքում երեխանների քանակից: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ էին ընտանիքում երեխանները, այնքան նրանց ինտելեկտի մակարդակը ցածր էր, առաջնեկների մոտ ինտելեկտի մակարդակը ավելի բարձր էր, քան կրտսեր երեխաններինը: Ինտելեկտուալ զարգացման առավելությունը պատկանում է առաջնեկին, քանի որ նրանք ստանում են առավել մեծ ծնողական ուշադրություն, քան ընտանիքի կրտսեր երեխանները: Ինտելեկտը կյանքի ընթացքում ենթարկվում է փոփոխության: Հիմնական ինտելեկտուալ զարգացումը տեղի է ունենում 20 տարիների ընթացքում: Ինտելեկտը հատկապես փոփոխվում է 2-12 տարեկան հասակում: Մարդու ինտելեկտը իր զարգացման գագաթնակետին է հասնում 19-20 տարեկան հասակում, հետագա տարիների ընթացքում մնում է կայուն, իսկ 30-34 տարեկանում նկատվում է ինտելեկտուալ մակարդակի անկում: Տարածական ինտելեկտը մնում է անփոփոխ մինչև 60 տարեկան, որից հետո նկատվում է արդյունավետության անկում: Տրամաբանական մտածողության թեսթերը ավելի լավ են կատարում 35-40 տարեկան մարդիկ, իսկ 45 տարեկանից հետո նկատվում է միջին ցուցանիշների անկում: Վերբալ ինտելեկտը բարելավվում է 55-60 տարեկանում, իսկ կտրուկ իջեցում նկատվում է 65-70 տարեկանում: Եվ վերջապես թվաբանական թեսթերը միանման լավ կատարում են 25-ից մինչև 60 տարեկան մարդիկ, իսկ 60 տարեկանից հետո նկատվում է վատթարացում: Հետազոտությունների տվյալներով ինտելեկտի կախվածությունը կրթությունից կազմում է 20%, սեռից 7-15%, առողջական վիճակից 8%: Մեծահասակ տարիքում առավել տեսանելի է դառնում IQ-ի կախվածությունը առողջական վիճակից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
18970 | 1 | 0
Facebook