Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարսանեկան Ավանդույթներ Կանաչ, կարմիր խնձորներ

nea
Yazar:
nea
19:49, çarşamba, 06 şubat, 2013
Հարսանեկան Ավանդույթներ Կանաչ, կարմիր խնձորներ
    
    

    

Կանաչ, կարմիր խնձորներ

Հարսանիքի հաջորդ օրը …
     Հարսանյաց հանդեսից հետո իր կարևորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է խնձորին: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է իրականում առաջնայինը: Հարևան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի արժանապատիվ տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարևորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ հիմա մասնակցում են բացահայտ, "օրենքով ընդունված" բամբասանքի: Այլ կերպ ինչպե՞ս անվանել այդ խայտառակ հավաքույթը, երբ խմբովի քննարկում են նորահարսի ինտիմ կյանքի առաջին փորձի արդյունքները: "Կարմիր խնձորի" կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման "լոզունգներով հայտարարվող փառաբանման" երևույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ է եղել, բայց ստեղծած կարծրատիպը շարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա, անկախ այն բանից` անցել են այդ մսաղացի միջոցով, թե, մանավանդ, դեռ ոչ: Արտահայտություններս ադաթապաշտ մեր մեծերին իհարկե դուր չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի: Իրականում ի՞նչ է նշանակում հարսանիքից հետո բերվող "կարմիր խնձորը": Երբ դեռ փոքր էի, դրա մասին ամաչում էին խոսել բարձրաձայն, երբ մեծացա, սաստեցին, թե` ջահել աղջիկ ես, ինչու ես այդքան հարցեր տալիս, ժամանակը կգա, կիմանաս: Հետո հասկացա, որ ամեն ինչ չէ, որ պետք է տատիկին ու մայրիկին հարցնելով իմանալ, սկսեցի ինքս փնտրել պատասխանը գրքերում և ընկերուհիներիս հետ զրույցներում:
     Թե ինչ ապրեցի առաջին անգամ, երբ դասընկերուհիս ծնողներից թաքուն մի քրքրված գիրք բերեց սեռական կյանքի մասին, որտեղ կարդացի նկարագրությունն այն բանի, որ կոչվում է կուսությունից զրկում, հիմա առանց ***աղի հիշել չեմ կարող:
     Աբսուրդի թատրոնի ներկայացումները գունատ կերևան դրա համեմատությամբ:
     Շոկային վիճակը բավական երկար տևեց, այն իմաստով, որ նայում էի շուրջս ու չէի կարողանում հասկանալ. լավ, եթե այդ երևույթի մասին խոսելը տաբու է, դե, ամոթ է, էլի, ապա ինչպե՞ս են այդ նույն աղջիկները (համեստ, ամոթխած) հետո հղի վիճակում փողոց դուրս գալիս: Պարզ չէ՞, որ յուրաքանչյուր անցորդ կարող է աչքաչափով իմանալ, թե մոտավորապես երբ է նա վերջին անգամ զբաղվել "այդ գործողությամբ": Թե՞ դա արդեն ամոթ չէ, ամոթ է առաջին անգամը: Մի հարևանուհի ունեմ, մի օր (արդեն իմ ամուսնանալուց հետո, երբ կարելի էր իմ ներկայությամբ դրա մասին խոսել) պատմեց, որ իր հարսանիքի օրը բոլոր հյուրերը սեղանի մոտ դեռ նստած են եղել, երբ իրեն ամուսնու հետ ուղարկել են մի առանձին սենյակ: Շփոթահար ու հուզված սպասելիս է եղել ամուսնու հրահանգներին, թե ինչ է պետք անել, երբ լսել է, որ ապագա սկեսուրն ու նրա տագոր կինը պատուհանի տակ կանգնած շշուկով խոսում են: Հետագայում պարզվել է, որ սպասել են իր առաջին ճիչը լսելուն: Դրանից հետո "լավ խաբարը" ստացած հարսանքավորները շարունակել են խնջույքը: Նկարագրված դեպքից շատ տարիներ են անցել, հիմա, իհարկե, սկեսուրները դռան կամ պատուհանի տակ չեն հերթապահում, բայց այնուամենայնիվ, սպասում են "անմեղության սավանին": Ում հարցնես, կասի, թե ինքը դրանով չի հետաքրքրվում, բայց մեծ մասամբ այդ անտարբերությունը ցուցադրական է: " իմ տղան համաձայն է, թող ամուսնանա, ես դեմ չեմ լինի" արտահայտությունը հիմնականում գիտակցական պաշտպանություն է հնաոճ չերևալու համար: Ներողություն եմ խնդրում այն իսկապես գիտակից կանանցից, ովքեր ապագա կամ ներկա սկեսուր են ու նման հնադարյան սովորույթների պատճառով չեն թունավորում երիտասարդ հարսիկի հոգին: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր սկեսուրի ձեռքին տառապելով` հիմա փորձում են իրենց հարսից ռևանշ վերցնել. Ժամանակին իրենց են ստորացրել, հիմա իրենք պիտի անեն, բանակի "դեդովշչինայի" նման մի բան է: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ "կանաչ-կարմիր խնձորի" հիվանդությունը միայն " սկեսուրային " բնույթ չունի, դրան զգալի կերպով նպաստում են նաև զոքանչները, մտածելով, որ եթե կարմիր խնձոր չբերեն, ապա հարևանները ծուռ խոսելու պատճառներ կունենան, կկասկածեն նաև իրենց բարոյականությանը, քանի որ ասում են " մորը տես` աղջկան առ ", բայց հարց է առաջանում, հարևաններն ինչու՞ պետի տեղեկանան քո կամ քո աղջկա կյանքի մանրանասնություններին: Եվ հետո, կա՞ արդյոք վստահություն, որ այդ նույն հարևանուհին, որ այսօր քո տանը նստած քննարկման է մասնակցում, ինքը ժամանակին եղել է մաքրության տիպար: Չէ՞որ այդ արարողությանը մասնակցողները կամ դրա մասին խոսողներն իրենց այնպես են պահում, կարծես պիտի սրբերն ամաչեն իրենց տեսնելիս:
     Մինչև հիմա կան (որքան էլ անհավատալի է` այս "քաղաքակիրթ" կոչվող դարում իրոք լինում են) դեպքեր, երբ կնոջը քարկոծելով սպանում են` անհավատարմության մեջ կասկածելով: Մինչդեռ մաքրության, բարոյականության մասին քրիստոնեության սկզբունքները բոլորովին էլ խարսխված չեն այդչափ հողեղեն երևույթի վրա, կարևորելով մեր հոգին, այլ ոչ թե դրա փաթեթավորումը: Հնարավոր չէ պարզել, թե երբվանից է հայ ազգը սկսել կարևորել կուսության գաղափարը: Կարելի է ասել, որ Ադամի ու Եվայի ժամանակներից սկսած` մարդիկ կարևորել են կնոջ մաքրությունը: "Եթե դուստրեր ունես, զգույշ եղիր, մի գգվիր նրանց ու համարձակություն մի տուր, ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես":
     Բայց ի՞նչ ասել մաքրություն: Բնական է, անարատությունը կարևոր է, բայց հոգևոր հայրերն ընդունում են, որ կինը կարող է կույս լինելով ամուսնանալ և վատաբարո լինելով` քանդել ամուսնու օջախը` այն շենացնելու փոխարեն: Մյուս կողմից` հնարավոր է, որ կինն ինչ-ինչ պատճառներով անարատ կույս չլինելով` կարող է այնպիսի ընտանիք կազմել, որն ապրի Աստծո և մարդկային հասարակության օրենքներին համապատասխան: Այսինքն` քրիստոնեությունը կնոջ հոգու և բնավորության առանձնահատկություններն ավելի է կարևորում, քան նրա ֆիզիկական վիճակը (չհերքելով դրա կարևորությունը): Նա հոգևոր խրատներ է տալիս, որ մեկ անգամ սխալված կինն այլևս ճշմարիտ ուղուց չշեղվի:
     Ասում են` եթե ուզում ես հասկանալ իմաստը` լսիր բառերը, եթե ուզում ես ընկալել էությունը` լսիր հնչերանգը: Քրիստոնեությունը քարոզում է ամոթխածություն ու համեստություն, բերում է մարդկային հարաբերություններում մաքրության անառարկելի գաղափարին, բայց մեր հասարակությունում արտամուսնական կապերի ու անառակության դեմ պայքարը վերածվել է զուտ ձևական բնույթ կրող ճղճիմ սովորույթի, որի իմաստն ի սկզբանե շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է եղել: Երիտասարդ աղջիկն ամոթխած ու անարատ հանձնվում է ամուսնուն: Նա պիտի դառնա ընտանիքի ու ամուսնու հենարանն ու թիկունքը: Բոլորին էլ պարզ է, որ թիկունքը պիտի ամուր լինի, այլապես ընտանիքը չի կայանա: Տղամարդը պիտի համոզված լինի, որ իր կնոջ համար միակն է ու այդպիսին էլ կմնա: Անվիճելի է, որ այդպես էլ կա: Բայց երբ մինչև հարսանիքն իրար շատ սիրող ու նվիրված տղան ու աղջիկն անցնում են հասարակության գծած սահմանը, կարծում եք` ճի՞շտ է, որ սկեսուրը վռնդում է իր տղայի սիրած կնոջը միայն այն բանի համար, որ նա երեք օր առաջ է արել այն, ինչ պիտի աներ իրենց պաշտոնապես "թույլ տալուց" հետո միայն: Տղայի բոլոր բացատրությունները, որ դա իր հետ է եղել ու իր դրդմամբ` հետևանք չեն ունենում: Նոր կյանք մտած աղջիկն անպատվված հեռանում է հոր տուն, քանի որ սկեսուրը վստահ է, որ երբ տղան տանը չլինի, այդքան հեշտ համոզվող կնոջն ուրիշներն էլ կարող են համոզել: Աբսուրդ է, այլ բառ չեմ գտնում: Որպես անարատության ապացույց` դարեր շարունակ դիտարկվել է կուսաթաղանթի գոյությունը: Հին, բարի ժամանակներում, երբ մարդիկ այնքան էլ տեղեկացված չէին, կարծիք կար, որ եթե կուսաթաղանթ կա, ուրեմն աղջիկը "մաքուր" է: Գուցե մի ժամանակ այդպես է եղել, բայց…
     Չամուսնացած աղջկա հղիության չորրորդ ամսում մայրն իմանում է դրա մասին, արագ տեմպով պայմանավորվում ընկերուհու հետ, մեկնում են ուրիշ քաղաք, այնտեղ հղիությունն ընդհատում: Վերադառնում, մի երկու ամիս հետո փեսացու գտնում, շքեղ հարսանիք անում, կարմիր խնձորի արարողությունն էլ` հետը: Հեքիաթ չէ իրականում նման բաներ լինում են: Արդեն տարածված երևույթ է այն, որ ներկայումս "առաջադեմ" աղջիկներն իրենց բոլոր հաճույքները բավարարում են, իսկ հարսանիքից առաջ գնում ծանոթ գինեկոլոգի մոտ որոշակի գումարով վերականգնում իրենց "անմեղությունը": Մի կողմից կարելի է ասել, թե ի՞նչ անենք, բա ո՞նց է, տղաներին կարելի է, իրենց` ո՞չ: Բայց չէ՞ որ դրանով նրանք խաղում են այն իրոք մաքուր աղջիկների անվան հետ, ովքեր գիտակցաբար մնում են անաղարտ իրենց սիրելիի համար: Ասում են` մի քնձռոտ այծն ամբողջ հոտն է վարակում: Ստացվում է, որ մի քանի հոգու կարծիքի պատճառով կասկածի տակ է դրվում մյուսնորի անմեղությունը: Դա դեռ քիչ է, կա մի ուրիշ կողմ: Այդ մի ժամանակ էին դեռատի աղջիկները միամիտ ու կարծում էին, որ տղայի հետ համբուրվելու հետևանքով կհղիանան, հիմա այդ հիմարությունները քմ***աղ են առաջացնում: Բոլոր դեռահասներն էլ արդեն տեղեկացված են թե՛ սեռական կյանքի նշանակության, թե եղանակների մասին (փառք Աստծո, գրականություն, ֆիլմեր, ինտերնետ, բազմազան տեղեկատվություն կա, չմոռանանք փառապանծ սերիալները), այնպես որ` լավ գիտեն, որ կարելի է հաճույք ստանալ նաև առանց կուսաթաղանթը վնասելու:
     Ստացվում է մի չարաբաստիկ փակ շրջան, որի ելքն առայժմ չի երևում: Չնայած դա հնարավոր էլ չի, եթե հաշվի առնենք, որ խնդիր, որպես այդպիսին, կարող է չլինել, եթե մարդիկ այն չստեղծեն: Մի կողմից ջահել տղան Ռուսաստանից գալիս է հարս տանելու և միակ բանը, որ նրա համար կարևոր է, այն է, որ իրենից առաջ այդ աղջիկն ընկեր ունեցած չլինի (կապ չունի խելքն ու բնավորությունը, թող սուսիկ-փուսիկ լինի, իրենց ձևով կդաստիարակեն), մյուս կողմից` տարիքով կույսերին ինչ պիտակ ասես կպցնում են, թե անհամի մեկն է, որ մինչև հիմա ուզող չի եղել:
     Աբսուրդ է:
     Ըստ էթնոգրաֆների ուսումնասիրությունների` հասարակության հիերարխիկ զարգացման արդյունքում է նշանակություն ստացել կուսության երևույթը: Անտիկ ժամանակներում դա ոչ մի նշանակություն չի ունեցել կնոջ բարոյական կերպարի ստեղծման համար: Բայց կրոնների, հատկապես մուսուլմանության ազդեցությամբ այն սկսվում է կարևորվել: Երևույթն իր իմաստն ուներ բոլոր ազգերի համար (դե, բանությունը մի բան գիտեր, որ դրանով օժտել է կնոջը), բայց յուրաքանչյուրն իր ձևով էր արտահայտում վերաբերմունքը: Որոշ ազգեր սարսափեցնում են իրենց աղջիկներին` նկարագրելով դրա բացակայության պատճառով չամուսնանալու ահարկու հեռանկարը (Կովկաս, Միջին Ասիա, մուսուլմանական երկրներ), դրան հակառակ` որոշ ազգերի` ճապոնացիների, տիբեթցիների, ույգուրների, կամպուչիացիների, ֆիլիպինցիների մոտ առկա էր կուսությունից զրկելու ծիսակարգ, որն անցկացնում էին քրմերը: Հնդկաստանի հարավում մայրերն այնքան ջանադրաբար են լվանումիրենց մանկահասակ դուստրերի նուրբ օրգանները, որ պատռում են այդ այսպես կոչված գիմենը (կուսաթաղանթի "պաշտոնական" անունն է): Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով: Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ: Հաջորդ օրը նվիրվում էր հասունացած երիտասարդներին սեռական կյանքի մասին խրատներ տալուն: Տղամարդ և կին պատկերող հատուկ խաղալիքների միջոցով մեծերը ցուցադրում էին սեռական ակտը: Այսպես, պարերի ու ծիսական գործողությունների օգնությամբ անցկացվում էին սեռական դաստիարակության դասերը: Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան: Ընտանիքում դրա մասին չի խոսվում, ամաչում են (դեռ հանդիպում են այնպիսի աղջիկներ, որ քսան տարեկանում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մարդկային կյանքի այդ բաղկացուցիչ մաս կազմող երևույթը): Բայց դրա հետ մեկտեղ, ինչպես անեկդոտում է ասվում, հայրերն իրենց տասնհինգամյա որդիներ հետսեքսի մասին խոսելով շատ բան կարող են սովորել: Այդ մեծ մասամբ այլասերված ինֆորմացիան հաճախ է բերում այնպիսի խնդիրներ, որոնց մասին վերևում արդեն խոսվել է` անկանխատեսելի հղիություն, սեռական բնույթի վախեր հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ և այլն: Մեր օրերում որոշ դպրոցներում երբեմն նման դասեր են անցկացվում, բայց ուսուցիչներն այնքան կաշկանդված են լինում, որ արդյունքում լրիվ հակառակն է ստացվում, երեխաների մոտ սեքսի մասին ստեղծվում է ամոթալի հաճույքի հաստատուն տպավորություն: Մյուս կողմից` ուսուցչին էլ հնարավոր չէ մեղադրել, շատ նուրբ թեմա է, որի շուրջ, կարծում եմ, ամբողջ մի դասարան հավաքելով չի կարելի խոսել, սա ավելի շատ երկու-երեք հոգանոց խմբերի զրույց պիտի լինի, այն էլ` խմբերը նախապես հոգեբանի խորհրդով կազմավորելով, քանի որ սրա մասին սանգվինիկ ու խոլերիկ, կամ ինտրավերտ ու էքստրավերտ երեխաների հետ միանման բառերով չի լինի խոսել: Այլապես բարդույթավորման սպառնալիք կկախվի ներկաների վրա: Ուզու՞մ ենք ապրել առողջ հասրակությունում, ուրեմն պետք է կարողանանք աճեցնել այնպիսի երիտասարդ սերունդ, որը ոչ թե վախեցած է, այլ գիտակից: Տանք հնարավորություն, որ երեխաները զարգանան որպես նորմալ, այլ ոչ թե սեռապես բարդույթավորված, անլիարժեք մարդիկ, ովքեր փորձելու են կնոջ կամ ամուսնու հաշվին ինքնահաստատվել: Սովորենք հարգել կնոջը, այլ ոչ թե կասկածել, մանավանդ որ ապացուցված է` կանանց որոշակի տոկոս ի ծնե չունի կուսաթաղանթ: Պետք չէ կնոջը նվաստացնել` գինեկոլոգի մոտ քարշ տալով: Ախր, սիրելիներս, եթե չեք հավատում նրան, ում հետ ուզում եք ընտանիք կազմել, ուրեմն մի արեք այդ քայլը` հետագայում հոգոբանական խնդիրներ չունենալու, անընդհատ երեսով չտալու և դրա հիման վրա վրեժ լուծելու համար դավաճանելու փուչիկ պատճառ չունենալու համար: Ի վերջո, կնոջ ներաշխարհը, մարդկային հատկությունները, կին ու մայր, հոգատար տնտեսուհի լինելու որակները բոլորովին կապ չունեն նրա գիմենի հետ: Այն կորցնելով` կինը չի արժեզրկվում: Երբ սրա հետ կհամաձայնեն բոլորը (մինչև ցամաք առուն ջուր գա.), մենք շատ ու շատ խնդիրներ լուծելու մասին չենք մտածի, քանի որ դրանք ուղղակի չեն լինի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
18989 | 4 | 0
Facebook