-Դատարկությու՛ն, որ խցկվել ես ներսս, որտե՞ղ ես ապրում:Հարց, որի պատասխանն ունենալով հանդերձ, հաճախ կրկնում եմ ու ապուշի նման ամեն անգամ քեզ ուզում եմ կենտրոնացնել մի վայրում մնացածներին փրկելու համար, չնայած` զգում եմ, որ, արյանս գնդիկներին փաթաթված, շրջանառվում ես ամբողջ մարմնովս:
-Լռի՛ր:
-Իսկ կուզե՞ս գրկեմ քեզ:
- Գրկե՞ս, այնպես, ինչպես ես քե՞զ:
- Քեզ թվում է` դու ինձ գրկել ե՞ս (հեգնա՛նք, իմ փոխարեն բարձրաձայն ծիծաղիր, խնդրում եմ): Մի՞թե գրկելն այլ իմաստ ունի, որ ես չգիտեմ: Դու ինձ չես գրկել, այլ կուլ ես տվել ու ամեն օր շատ լուրջ աշխատում ես ինձ մարսելու ուղղությամբ:
- Վախենու՞մ ես ինձանից:
- Ես կասեի ուղղակի ձանձրացնում, երբեմն էլ ցավեցնում ես:
- Կգ՞ա օր, որ կիշխեմ քեզ:
- Թույլ չե՛մ տա:
- Իսկ, եթե նորից կուլ տամ քե՞զ:
- Գուցե, բայց չես մարսի:
- Ես կփաթաթվեմ ոտքերիդ, որ կկանխեմ առաջխաղացումդ:
- Այդ դեպքում, ես այնքա՜ն վստահ կքայլեմ, որ ոտքերիս դոփյունից խլանան, անիմաստ ցանկությանդ ոգևորող ճիչերը, ավելի լայն կվերցնեմ քայլերս, որ ընդարձակվելուց պատռվես:
- Իսկ, եթե բռնե՞մ ձեռքերդ:
- Ամբողջ ուժով կծափահարեմ, այնպես, որ ափերիս ներսում հարվածներից առաջացած նուրբ թրթռումը ցնցի քեզ, հիմնատակ քանդի :
- Ուրեմն կկախվեմ պարանոցիցդ:
- Ջանք չես խնայում ինձ ծնկի բերելու համար, բայց այդ դեպքում էլ ունեմ փրկություն: Երբ կախվես պարանոցիցս ու սկսես օրորվել, երջանկության անունը փակվող դռան նման կշրխկացնեմ երեսիդ ու ստիպված կլինես դուռը կրծել, իսկ ճակատիցդ թափվող քրտինքի յուրաքանչյուր կաթիլ, քեզ խոնավեցնելով, կծանրացնի: Թույլ ձեռքեր ու շաաաաատ ծանր մարմին. չեմ նախանձի քեզ:- Չ՞է որ դու սիրում ես ամեն ինչ գունավորել: Ես կկուրացնեմ քեզ:
- Ես գույները ոչ միայն տեսնում եմ, այլև զգում եմ: Փակ աչքերով ավելին եմ տեսնում: Մի բան էլ` մթության մեջ քեզանից ազատվելն ավելի հեշտ է, որովհետև հիմար չեմ, որ սկսեմ դատարկություն փնտրել : Կվազեմ դեպի լույսը ` չնկատելով քեզ:
- Ես ունե՞մ դրական կողմեր:
- Իհարկե: Դու մոտիվ ես ամեն ինչի հասնելու: Չհասկանալով գուցե զբաղեցնում ես կարևոր արժեքների տեղերը ու անընդհատ հիշեցնում ես, որ քեզ լցնել է պետք դրանցով:
- Այսինքն ցանկացած բացասական բանից կարելի է ստանալ դրականը:
- Չեմ մտածել ` կարելի է արդյոք իրար հակադիր երկու բնութագրիչների նույնացնելու վրա աշխատել, համենայնդեպս վստահ եմ, որ ճիշտ մոտեցման, խելացի վերլուծման դեպքում գոնե ոսկե միջինը առանձնացնել կստացվի:
- Ուզում եմ գրկես ինձ, որովհետև զգում եմ, որ գրկելով ինձ կուլ չես տա...
- Նախքան մտերմիկ գրկախառնությունը թույլ տուր հիշեցնել քեզ, դատարկամի՛տ Դատարկություն` ԴՈՒ ԻՆՁ ՉԵՍ ՄԱՐՍԻ: