Հունվարի տասներեքին ժամը 19-ին Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանի նախաձեռնությամբ, վարժարանի լայնարձակ դահլիճում տեղի ունեցավ ամենամյա ամանորյա գեղեցիկ տոնախմբությունը և հյուրընկալեց ինչպես Երուսաղեմահայ հասարակությանը, այնպես էլ Հայաստանից և Կ Պոլսից ժամանած հայ ուխտավորներին: Ալբերտ սրկ. Համբարձումյանի բացման խոսքից հետո, բացվեց բեմի վարագույրը, որն ազդարարեց ներկայացման սկիզբը: Տիար Ա. Համբարյանի կողմից բեմադրվել էր Ատրպետի ՙՏժվժիկ՚ ստեղծագործությունը: ժառանգավորաց Վարժարանի ուսանողները նախորդ տարիների հավաքած մեծ փոձի շնորհիվ իրենց տրված դերերը մարմնավորեցին վարպետորեն: Դերերը բաշխված էին հետևյալ կերպ՝
Նիկողոս աղա – Սերյոժա Պետրոսյան,
Ներսես Աղպար - Հակոբ Բաղդասարյան,
Սիսակ Էֆենտի – ՍահակԴավթյան,
Քաղաքացի-Արթուր Սուվարյան,
Հոգևորական - Կարապետ Բաղդասարյանը և ուրիշներ:
Ներկայացման ավարտին հաջորդեցին տիար Արտուշ Մկրտումյանի աշխատասիրությամբ պատրաստված ասմունքները: Արմեն Արզումանյանը ասմունքեց Պարույր Սևակի ՙԱրի նոր տարի՚ բանաստեղծությունը, իսկ Հովհաննես Վերդյանը Մետաքսեի ՙՆոր տարվա գիշեր՚ ստեղծագործությունը: Ասմունքներին հաջորդեց բոլորի կողմից սպասված և սիրված Ժառանգավորաց Վարժարանի երգչախմբի ելույթը, գլխավորությամբ տիար Վարուժան Մարգարյանի և նվագակցությամբ տիար Հայկ Ոսկերչյանի: Հնչեցին մի շարք գեղեցիկ և ուրախ երգեր, օրինակ Մ. Մազմանյանի ՙՍարի աղջիկ՚-ը, Կարա Մուրզայի ՙԽումարը՚, Կոմիտասի ՙԶիմ վզին՚ և այլ քաղցրահնչյուն և տոնական երգեր: Վերջում Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի տեսուչ Տ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը հրավիրեց Գերաշնորհ Տ. Սևան արք. Ղարիբյանին իր հայրական օրհնությամբ փակելու տոնական հանդեսը: