Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան (Մաս 1)

21:31, cumartesi, 16 ağustos, 2014

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն է պատրիարքարանի տնօրինության ներքո։ Սուրբ Աթոռում նորահաս աշակերտների պատրաստությունը երբևէ անտեսված գործ չի եղել, չնայած ավանդության մեջ ինչ-որ հատուկ շենքի գոյության հիշատակություններ չենք գտնում։ Դրա պակասը վերագրվում է ուսուցման նախկին ձևին, ըստ որի` ուսուցանվում էր ոչ թե դասարանում, այլ որեւէ վարդապետի հետ ապրելով որպես աշակերտ, վարժվում էին եկեղեցու սպասավորությանը` ուսանելով անհրաժեշտ առարկաները։

19-րդ դարի առաջին կեսին հասունանում է Ժառանգավորաց վարժարան ստեղծելու մտադրությունը, որի առաջին քայլերը կատարողները եղան Պողոս Ադրիանապոլսեցի կառավարիչը, Զաքարիա Կոփեցի և Կիրակոս Երուսաղեմացի պատրիարքները։ Կ. Պոլսում և Վենետիկում տեսածի ազդեցության ներքո Զաքարիա Կոփեցի պատրիարքը առաջինը հետամուտ եղավ այդ գործին։ 1843 թվ. Ռամլեի վանքում բացեց առաջին վարժարանը, որից մեկ ու կես տարի հետո` 1845 թվականին, փոխադրեց Երուսաղեմ` մի մասնավոր տուն եւ ուսուցիչ նշանակեց Արմաշի վանքից Մուրատ Վարժապետին:

1847-ին իրեն հաջորդած Կիրակոս պատրիարքը վարժարանը ավելի զորացնելու համար, այն տեղափոխեց Սրբոց Հակոբյանց վանքի այն սրահը, որը Շղթայակիր պատրիարքը կառուցել էր Հովհաննես Կոլոտ պատրիարքի համար:

Կիրակոս Պատրիարքը ժառանգաւորաց վարժարանը հանձնում է Լիմ անապատի միաբան Սիմեոն Վարդապետին: Ինչպես նաեւ հրավիրում է իր ժամանակի մեծ մտավորական եւ ուսուցիչ Տիգրան Սավալանեանցին:

Հատկացված տարածքը բավարար չէր պահանջվածին, ուստի Կիրակոս պատրիարքը փորձեց հատուկ շենք կառուցել, բայց ձախողվեց։

Հովհաննես պատրիարքը 1851 թվականին պատրիարքարանի շենքը կառուցելուց հետո կառուցում է նաեւ Չամ թաղը (անվանումը գալիս է տարածքին մոտ գտնվող մայրու ծառերից), որի հիմքերը Կիրակոսն էր դրել, իբրև ուխտավորաց թաղ։ Հովհաննես պատրիարքը ձեռնարկում է նաև վարժարանի շինությունը, որը այժմ գտնվում է սբ. Հրեշտակապետաց վանքից մի քանի մետր հեռու գտնվող խաղադաշտին կից (ճարտարապետ Իզմիրցի Սարգիս) ։ Արդեն 1857 թվ. շենքը պատրաստ էր շահագործման համար, սակայն զանզան պատճառներով նորակառույց շենքի բացումը հետաձգվում էր: 1860 թվ. մահացավ Հովհաննես պատրիարքը, իսկ Երուսաղեմի պատրիարքական աթոռը թափուր մնաց մինչև 1865 թվ.: Վարժարանի բացումը կատարեց նրան հաջորդող Եսայի պատրիարքը, ով ճեմարաանին կցեց նաեւ Չամ թաղը` ավելացնելով գիշերօթիկ վարժարանի համար պահանջվող սենյակների թիվը։

1915ին վարժարանը փակվում է թուրքական կառավարության կողմից: Աշակերտները զինվորագրվում են, իսկ տեսուչը՝ Մեսրոպ Վրդ. Նշանեաը, եւ պատրիարքը` բանտարկվում են:

1916թ. Վարժարանը վերաբացվում է որպես դպրոց Սահակ Վրդ. Խապայեանի կողմից, ով նախկին շրջանավարտն էր նույն ժառանգավորացի եւ ով հետո Կիլիկիայի կաթողիկոս դարձավ, սակայն բուն վերաբացումը կատարեց Եղիշե Պատրիարք Դուրյանը (Պետրոս Դուրյանի եղբայրը) 1921թ.-ին:

Որպես ժառանգավորներ ընդունվում են Մեծ Եղեռնից որբացած խելացի պատանիներ եւ տեսուչ է նշանակվում Բաբկեն Եպս. Կյուլեսերյանը:

1927-ին բացի Կյուլպենկյան ընտանիքի հովանավորությամբ գործող դասարանից, ժառանգավորաց վարժարանում կազմվում են եւս երկու դասարաններ` Մելքոնյան եղբայրների նվիրատվությամբ եւ կոչվում «Մելքոնյան» դասարաններ:

1931թ.-ին Թորգոմ Պատրիարք Գուշակյանի գահակալությամբ ժառանգավորաց վարժարանը եւ ընծայարանը հատուկ խնամքի առարկա են դառնում: 1932թ.-ին տեսչությունն է ստանձնում Տիրան Վրդ. Ներսոյեանը եւ 1934ին ուսուցչության են հրավիրվում երկու մեծանուն մտավորականներ՝ գրականագետ Հակոբ Օշականը եւ մանկավարժ-իմաստասեր Շահան Պերպերյանը: Այս տարիների ընթացքում աշակերտներ ընդունվեցին արաբական երկրներից` Լիբանանից, Սուրիայից եւ այլն:

Վարժարանը գտնվում է Երուսաղեմի հայոց Մատենադարանի աջ կողմում, շրջապատված փոքրիկ ու գեղեցիկ պարտեզով։ ։ Վարժարանը կազմված էր երկու կառույցներից՝ բնակելի մասնաշենքից եւ բուն վարժարանից (Չամ թաղ): Բուն վարժարանը ուներ կանոնվոր քառանկյան տեսք` 51 մ. երկարությամբ և 29 մ. լայնությամբ, որն է` 1480 տարածություն: Ննջարանային մասնաշենքը երկհարկանի էր` մեջտեղում բաց տարածությամբ։ Գետնահարկում` արևմտյան և արևելյան կողմերում, դեմ դիմաց գտնվում էին իննական միանման եւ համաչափ սենյակներ։ Վարժարանի գործարկման տարիներին այդ սենյակները հատկացվում էին Ընծայարանի աշակերտներին և սարկավագներին։ Առաջին հարկում էին գտնվում հանդերձատունը, խոհանոցը եւ լվացարանը, իսկ վերին հարկում՝ տեսչարանը, ժառանգավորների ննջարանները, մեկ կամ երկու ուսուցիչների սենյակներ, գրադարանը և այլն։ Ժառանգավորաց վարժարանի շենքը ուներ շատ գեղեցիկ ճարտարապետական տեսք, որի ընդարձակ սենյակը ծառայում էր իբրև սերտարան, չորս սենյակներից երեքը իբրև դասարաններ, իսկ մեկում պահվում էին բնագիտական գործիքները։ Շենքը արտաքինից 21 մ. թևերով և 240 տարածությամբ քառակուսու տեսք ունի` գեղեցիկ ճակատային հատվածով։ Ներսից կառույցը խաչաձև է, իսկ տանիքի կենտրոնում վեր է խոյանում մի սրածայր գմբեթ` գագաթը հատակից 15 մ. բարձրությամբ։ Պատերի մեջ պահարաններ կային (ութը` հյուսիսից հարավ գնացող թևերի մեջ և չորս ավելի փոքրերը մնացած թևերում), որոնք լցված էին պատմական, հնգիտական, ազգաբանական գրքերով եւ առարկաներով, որոնք պետք է կազմեին Ս. Հակոբյանց թանգարանի կորիզը։ Ճեմարանի ներքնահարկը Երուսաղեմահայ երեխաների համար, հաճախ ծառայել է իբրև դպրոց Մեսրոպյան անվամբ, երբեմն էլ` գծագրության դասարան։
     Շարունակելի...

Ժառանգավորաց վարժարանի բնակելի մասնաշենքն այսօր
Ժառանգավորաց վարժարանի բնակելի մասնաշենքն այսօր
Ժառանգավորաց վարժարանի բնակելի մասնաշենքի մուտքը
Ժառանգավորաց վարժարանի բնակելի մասնաշենքն այսօր
Ժառանգավորաց վարժարանի բնակելի մասնաշենքի արձանագրությունը
Ժառանգավորաց վարժարանի ուսումնական մասնաշենքն այսօր
Ժառանգավորաց վարժարանի ուսումնական մասնաշենքն այսօր
Ժառանգավորաց վարժարանի ուսումնական մասնաշենքն այսօր
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
3612 | 0 | 0
Facebook