Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տասներկու մարգարեներն Աստծո խոսնակներն են

10:02, salı, 12 ağustos, 2014
     Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հուլիսի 31-ին նշում է տասներկու մարգարեների հիշատակը (Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա): Այս մարգարեների գործունեության շրջանն ընդգրկում է Ք.ա. 8-րդից 5-րդ դարերը:
     Աստվածաշնչի մաս կազմող մարգարեական գրքերից տասներկուսը համեմատած Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մարգարեների գրքերի հետ ավելի փոքրածավալ են, ինչ պատճառով դրանք գրած կամ դրանցում ներկայացվող մարգարեներն առանձին խմբի մեջ են դասվել և հաճախ կոչվում են փոքր մարգարեներ: Սա այնքան էլ ճիշտ անվանում չէ, այն առումով, որ նրանցից ոչ մեկն էլ իր նշանակությամբ ու կարևորությամբ փոքր չէ:
     Մարգարե բառը ծագում է պահլավերեն margar և զենդերեն madran-կանխասաց, կանխագուշակ եզրերից: Աստվածաշնչում ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված առանձին անհատներ, տեսանողներ էին: Մարգարեները այն անձինք էին, որոնք կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծու կամքն ու պատվիրանը ոչ միայն անմիջականորեն, այլև միջնորդի շնորհիվ. օրինակ, Ահարոնը Մովսեսի մարգարեն էր (Ելք 7.1), որովհետև նա էր, որ Մովսեսի ստացած աստվածային պատգամներն ու հրահանգները հաղորդում էր ժողովրդին («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան):
     Մարգարեն Աստծո խոսնակն էր, մեկը, որ կարող էր ասել. «Այսպես է ասում Տերը»: Նրանք Աստծու կենդանի ձայնն էին Իսրայելում: Նրանց առաքելությունն էր քարոզել և ընտրյալ ժողովրդի մեջ հաստատուն պահել առ Աստված հավատքը և աստիճանաբար ճանապարհ պատրաստել դեպի Աստծու արքայությունը, որ պետք է իրականանար Մեսիայի գալուստով:
     Օսէէ. Նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից իմանում ենք, որ Աստծո հրամանով ինքը ****** կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն Աստծո հանդեպ իր անհավատարմությամբ և կռապաշտությանը հարելով` *****ացել է: Օսէէի գիրքը պախարակում է Իսրայելի անհավատարմությունը, կոչ անում ապաշխարելու և վերադառնալու առ Աստված:
     Հովել. Նա մարգարեացել է հավանաբար Երուսաղեմ քաղաքում: Թերևս եղել է Ամովս և Եսայի մարգարեների ժամանակակիցը, այսինքն` ապրել Ք. ա. 8-րդ դարում, թեև նշվում են նաև այլ ժամանակներ` 7-րդ, նույնիսկ 5-րդ դար: Ի թիվս մի քանի այլ կարևոր պատմական դեպքերի, Հովելը մարգարեացել է նաև հոգեգալստյան դեպքի մասին:
     Ամովս. Հրեա հովիվ էր Թեկուա քաղաքից: Նա նույնպես մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Ամովսն իր գրքում Տիրոջ անունից բողոքում է տիրող կռապաշտության և հարստահարությունների, անարդարության դեմ` սրա դիմաց ներկայացնելով Աստծո մեծ արդարությունը: Մարգարեանում է մի շարք երկրների և Իսրայելի ցեղերի վերաբերյալ: Նրա գիրքն ունի խիստ պատկերավոր և ազդեցիկ լեզու:
     Աբդիու. Նրա մասին ոչինչ հայտնի չէ և նրա գիրքն էլ բաղկացած միայն մեկ գլխից, կարճագույնն է Հին Կտակարանում: Ըստ մի տեսակետի` Աբդիուի մարգարեությունը գրված է Ք. ա. 5-րդ դարում` հրեաների գերեդարձից հետո, երբ եդովմայեցիները նեղություն էին տալիս հրեաներին: Ըստ մեկ այլ տեսակետի` նա ժամանակակիցն է Երեմիա և Եզեկիել մարգարեների, այսինքն ապրել է Ք. ա. 7-րդ դարում: Մարգարեության այս գիրքը ներկայացնում է Աստծո պատգամները ուղղված Եդովմի` Իսրայելին ցեղակից, բայց թշնամի երկրի դեմ:
     Հովնան. Հովնանի մասին պատմող 4 գլխից բաղկացած գիրքը հավանաբար գրվել է Իսրայելի գերությունից հետո Ք. ա. 5-րդ դարում: Սակայն ինքը մարգարեն ապրել է Ք. ա. 8-րդ դարի կեսերին: Նրա մասին պատմող գրքերից շատ սակավ տեղեկություններ կարելի է իմանալ նրա մասին: Այնտեղ պատմվում է նրա մի առաքելության մասին, որն էր Աստծո հրամանով գնալ և Իսրայելի թշնամիներին` Նինվե քաղաքի բնակիչներին, ապաշխարություն քարոզել, որպեսզի Նինվեն չկործանվեր: Հովնանն, Աստծո հրամանը ստանալով, չի կամենում այն կատարել` ներքուստ ցանկանալով Նինվեի կործանումը: Եվ ինչպես նշում է գիրքը Աստծո երեսից փախչում է դեպի Թարսիս` նավ նստելով: Նավը ծովում ալեկոծության է ենթարկվում, մահվան տագնապի մեջ հայտնված մարդիկ Հովնանին ծովն են նետում, քանի որ վիճակ գցելով հասկանում են, որ իրենց հասած փորձանքի պատճառը Հովնանն է: Ծովում կետը Հովնանին կուլ է տալիս, սակայն մարգարեն չի մեռնում, այլ երեք օր աղոթելով կենդանի մնում կետի փորում և երրորդ օրն այնտեղից ազատվում: Ի վերջո, երկրորդ անգամ Տիրոջ հրամանը ստանալուց հետո, Հովնանը գնում է Նինվե, ապաշխարություն քարոզում, Աստծո անունից սպառնալով, որ հակառակ դեպքում քաղաքը կկործանվի: Հեթանոս նինվեացիները հավատում են օտար և թշնամական երկրից եկած մարգարեին և ապաշխարում, այսպիսով ազատվելով պատուհասից: Հովնան մարգարեն և նինվեացիների ապաշխարությունը հատուկ հիշատակվում են Առաջավորաց պահքի վերջին ուրբաթ օրը:
     Միքիայի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ գյուղացի արհեստավոր էր և մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Նրա մարգարեություններից են Սամարիայի և Երուսաղեմի ավերումը, հրեաների գերադարձը, Մեսիայի գալուստը, Բեթղեհեմում Նրա ծնունդը և այլն:
     Նավում. Նրա մասին նույնպես գրեթե ոչինչ հայտնի չէ: Մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում, հավանաբար գալիլեացի է: Նրա գիրքն ուղղված է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի դեմ և մարգարեանում է նրա կործանման մասին, ինչը տեղի ունեցավ 625թ-ին, երբ Նինվեն հրկիզվեց և տապալվեց Ասորեստանի հզոր կայսրությունը:
     Ամբակում. Ապրել է Ք. ա. 7-րդ դարում և եղել ժամանակակիցը Երեմիա և Սոփոնիա մարգարեների: Նրա գրքի գլխավոր թեման չարիքն է, թե այն ինչո՞ւ գոյություն ունի, որո՞նք են նրա պատիժները, ինչպե՞ս ազատվել չարիքից և արդարանալ: Գրքի վերջում ներկայացվում է գոհաբանական մի գեղեցիկ աղոթք:
     Սոփոնիան ապրել է Ք. ա. 7-րդ դարում Երուսաղեմում, թոռն է Եզեկիա բարեպաշտ թագավորի և ժամանակակիցը Երեմիա մարգարեի: Սոփոնիայի գիրքը խոսում է հիմնականում Տիրոջ բարկության օրվա, աշխարհի դատաստանի, Իսրայելի մնացորդքի փրկության մասին և մարդկանց հորդորում աստվածապաշտության:
     Անգե մարգարեն ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Ծնվել է հավանաբար Բաբելոնում, հրեաների գերության մեջ եղած ժամանակ: Եվ հրեաների Երուսաղեմում վերադարձի ժամանակ նվիրվել է տաճարի վերաշինության սրբազան գործին: Նրա գիրքը վերաբերում է հենց այս նյութին: Անգեի մարգարեական պաշտոնը տևել է ընդամենը չորս ամիս Պարսից Դարեհ թագավորի երկրորդ տարում:
     Զաքարիա մարգարեն Անգեի ժամանակակիցն է և այս երկու մարգարեները տաճարի վերաշինման շրջանում համագործակցել են: Հայոց եկեղեցին նրա հիշատակը նշում է նաև առանձին ինչպես Հովնանի դեպքում: Սրա պատճառն այն է, որ նրա գիրքն ամենամեծն է փոքր կոչված մարգարեների գրքերի մեջ և ամենից շատ նա է մարգարեացել Տեր Հիսուսի մասին: Կա նաև ավանդություն, թե հետագայում նրա նշխարներից բերել են Հայաստան: Զաքարիան մարգարեացել է երկու տարի Ք. ա. 520-518թթ-ին: Ըստ Տեր Հիսուսի վկայության` Զաքարիան սպանվել է տաճարում, իսկ, ըստ եկեղեցական ավանդության, թաղվել է Անգե մարգարեի կողքին` Երուսաղեմի մոտակայքում: Զաքարիա մարգարեն մարգարեացել է Տեր Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի` ավանակի վրա նստած Երուսաղեմ մտնելու, երեսուն արծաթի դիմաց մատնվելու և այդ արծաթով բրուտի ագարակի գնման, աշակերտներից Տիրոջ լքվելու, խաչելության և այդ ժամանակ Նրա կողից խոցվելու, խաչելության ժամանակ արևի խավարման մասին:
     Մաղաքիա մարգարեի մասին համարյա ոչինչ հայտնի չէ: Ապրել է Ք. ա. 5-րդ դարում, քանի որ նրա անունը եբրայերեն նշանակում է հրեշտակ, այսինքն պատգամավոր: Կարծիք կա, որ իրականում Մաղաքիա անունով մարգարե չի եղել, այլ այդ բառը գործածվում է իբրև հասարակ անուն, Աստծո ինչ-որ անանուն մի պատգամավորի իմաստով: Մաղաքիայի գրքում Աստված պախարակում է Իսրայելի ժողովրդի անօրինությունները և ուղղության չգալու դեպքում` սպառնում մերժել նրան: Նրա գրքում կա մարգարություն այն մասին, որ Տիրոջ գալուստից առաջ դարձյալ պիտի գա Եղիա Թեզբացի մարգարեն, ինչը կարելի է հասկանալ թե՛ ուղղակիորեն այս մարգարությունը կապելով Տիրոջ վերջին` երկրորդ գալստյան հետ, թե՛ խորհրդանշորեն Եղիայի փոխարեն հասկանալով Հովհաննես Մկրտչին, ում մասին ավետարանը վկայում է, որ նա եկել էր Եղիայի հոգով և զորությամբ:
     Քրիստոնեական հավատամքի մեջ Սուրբ Հոգու մասին ասվում է. «Որ խօսեցաւ յօրենս եւ ի մարգարէս»: Ուրեմն Աստված խոսել է մարգարեների միջոցով: Նրանք Աստծո խոսքի սպասավորներն էին: Աստծուց պատգամներ ստանալով` մարդկանց փոխանցող միջնորդներ էին:
     Հայ մատենագրության մեջ կան մարգարեներին նվիրված շարականներ և տարբեր բանաստեղծություններ: Առավել հայտնի են Մովսես Խորենացու, Ներսես Շնորհալու և Ներսես Լամբրոնացու շարականները:
     Մարգարեներին պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ պարունակող ձեռագրերում` տվյալ մարգարեությանը կից:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7638 | 0 | 0
Facebook