Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիշատակ մեր սբ. Գրիգոր Լուսավորչի սբ. որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Յուսկանն, Գրիգորիսի և Դանիէլի

21:47, cumartesi, 09 ağustos, 2014

Այսօր հիշատակության օրն է սբ. Գրիգոր Լուսավորչի սբ. որդիների` Վրթանեսի և Արիստակեսի, Դանիելի (Գր. Լուսավորչի հոգևոր զավակի) և սբ. թոռների` Գրիգորիսի և Հուսիկի:
     Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է, մեծացել և քրիստոնյա դաստիարակություն է ստացելԿեսարիայում: Երբ չափահաս դարձավ ամուսնացավ Մարիամ անունով մի օրիորդի հետ, ով քույրն էր սբ. Սեբաստացի Աթանագինես եպիսկոպոսի, ունեցավ երկու որդի` Վրթանես և Արիստակես: Մի ժամանակ հետո Գրիգորը, զգալով իր մեջ Աստծուն ծառայելու կոչումը, փոխադարձ համաձայնությամբ և սիրով բաժանվում է իր կնոջից, որ մտնում է կուսանաց վանք, Գրիգորը նվիրվում է հոգևոր ծառայության, իսկ նրանց որդիները հանձնվում են ծանոթ և վստահելի անձանց խնամքին և դաստիարակությանը:

Արիստակես հայրապետ (264-333)

Արիստակեսը` Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին է, ծնվել է Կեսարիայում 264 թ.-ին: Երիտասարդ տարիքից նա ապրում էր ճգնավորական կյանքով, ինքն իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության, սնվելով բանջարով և խարազանազգեստ կրելով` առաջնորդությամբ Նիկոմաքոս անունով մի ճգնավորի: Նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը Արիստակեսը արդեն հասել էր օրինակելի հոգևոր կատարելության: Երբ չափահաս դարձավ և հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրապետեց, իր հերթին աշակերտներ ունեցավ և զբաղվեց Ավետարանի քարոզչությամբ:
     Սբ. Գրիգոր Լուսավորիչը իր կյանքի վերջին տարիներին ավելի շատ առանձնական, ճգնավորական կյանքով էր ապրում, թեպետ և այդ ժամանակ ֆիզիկական և հոգևոր ուժերը հավաքելով, դուրս էր գալիս երբեմն ճգնարանից Հայաստանի հեռավոր գավառներում Ավետարանը քարոզելու և ժողովրդին քրիստոնեական հավատի մեջ ամրացնելու համար: Այդ պատճառով Տրդատ թագավորը, տեղեկանալով Լուսավորչի որդիների մասին, դիմեց խնդրանքով սբ. Գրիգորին, որ նրանց բերի Կեսարիայից, իրենց հոր օգնական և հոգևոր փոխանորդ լինելու համար:
     Տրդատի պատվիրակները գտան Արիստակեսին մենաստանում: Երբ ներկայացրեցին Հայոց թագավորի հրավերը, Արիստակեսը չցանկացավ հեռանալ իր ճգնարանից, սակայն բազում քրիստոնյաներ համոզեցին նրան, որ ընդունի այդ առաջարկը, քանի որ. «Ավելի լավ է, որ Աստծո մշակության գործին նվիրվի քան մենակյաց անապատական կյանքին»: Այսպես Արիստակես և Վրթանեսը (նրանց հետ նաև Վրթանեսի երկու որդիներ` Հուսիկն ու Գրիգորիսը) հետևեցին Տրդատի պատվիրակներին: Երբ հասան Հայաստան թագավորի հետ միասին փնտրեցին սբ. Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառի Մանյա այր կոչված ճգնարանում: Տրդատի խնդրանքով սբ. Լուսավորիչը իր երկու որդիներին եպիսկոպոս ձեռնադրեց: Սկզբից կրտսեր որդին` Արիստակեսը ձեռնադրվեց եպիկոպոս և օգնական իր հոր հայրապետական պաշտոնին, քանի որ ավելի հոգևոր անձ էր և պատրաստ այդ առաքելությանը: Ձեռնադրությունից հետո Արիստակեսը ձեռնարկեց հովվական և քարոզչական աշխատանք, և Ագաթանգեղոս պատմիչի խոսքերով ուսուցանելու մեջ գերազանցում էր հորը:
     Արիստակեսը հարատև և մշտական քարոզիչը եղավ Հայաստանի բոլոր կողմերում, նահանգից նահանգ, գավառից գավառ: 325 թ.-ին սբ. Գրիգոր Լուսավորչի հանձնարարությամբ մասնակցեց Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը կայացավ Նիկիայում և բերեց Հայաստան Ընդհանրական Եկեղեցու Հավատո հանգանակը, որը քարոզվում է ամեն սբ. Պատարագի ընթացքում («Հավատամքը»), որն ընդունեց սբ. Լուսավորիչը և իր կողմից ավելացրեց վերջին տունը «Իսկ մեք փառավորեսցուք…»:
     Արիստակեսի Նիկիա գնալու մասին մի ավանդություն է պահպանվել: Մի խումբ արիոսականներ (այն ժամամակ հայտնի աղանդ), տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հալած-մաշած կերպարանքը, ծաղրեցին նրան ասելով. «Հայոց եպիսկոպոսը ավելի մշակի է նման քան հայրապետի» և հեգնելով առաջարկեցին դիմացի արորադիր եզներին վերցնել և ծովը հերկել: Արիստակեսը առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատուն գետին: Վերադարձին նա ասաց իրեն ծաղրողներին. «Եթե դուք էլ ուղիղ հավատք ունեք` գնացե´ք հերկերի վրա սերմ ցանեցեք»: Մարդիկ ամոթահար եղան, և ակնածեցին Արիստակեսից:
     Արիստակեսի եպիսկոպոս ձեռնադրվելուց և իր հոր փոխանորդը նշանակվելուց հետո սբ. Լուսավորիչը ավելի հանդարտ սրտով կարող էր հետևել միայնության, վստահ լինելով, որ հայրապետական պաշտոնն արթուն և կարող ձեռքերում է գտնվում: Նիկիայի հանգանակը ստանալուց հետո սբ. Գրիգոր Լուսավորիչը այլևս չերևաց հանրությանը, և չկարողացան գտնել նրա հետքը: Ինքնաբերաբար Արիստակեսը ստանձնեց հայրապետական պաշտոնը և 326թ.-ին եղավ Հայոց եկեղեցու երկրորդ կաթողիկոսը, երբ ավելի քան 60 տարեկան, հասուն և փորձառու հոգևորական էր: 7 տարի կաթողիկոսություն արեց և իր կյանքը մարտիրոսական մահով կնքեց:
     Մ. Խորենացին անվանեց սբ. Արիստակեսին «Հոգևոր Սուսեր», քանի որ նա մերկացնում և հանդիմանում էր բոլոր անիրավ և անբարո մեծամեծ հայոց իշխաններին: Նրանցից մեկն էր Հայոց նախարարներից ամենաազդեցիկը` Ծոփաց գավառի Արքեղայոս մեծ իշխանը, որը հանդիմանված, թերևս սբ. Արիստակեսի կողմից բանադրված լինելու պատճառով թշնամացած էր և հարմար առիթ էր փնտրում սրբին սպանելու համար: Ինչը նա իրականացրեց հայրապետի հովվապետական և քարոզչական իր գավառի այցի ժամանակ` անձամբ նրան պատահելով ճանապարհին և սրով այպանելով:
     Նահատակված հայրապետի մարմինը փոխադրվեց իր աշակերտների և հետևորդների կողմից իր հայրենի կալվածը` Թիլ անունով ավանը և այնտեղ թաղվեց: Սբ. Արիստակես հայրապետի գերեզմանը Երզնկայի շրջանի «Ջուխտակ հայրապետ» վանքում է:
     «Մանկունք» շարականի մեջ Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիներից և թոռներից յուրաքանչյուրը հիշվում է իրեն նվիրված մեկական տան մեջ: Առաջին տունը Արիստակես հայրապետի մասին է, որը հայտնի է նաև Ռըստակէս անունով.

Աստուածային հաւատոյ Հարցն Սրբոց դաւանումն ծագեցաւ քեւ
     ընդհանուր լոյս Հայաստանեայց, Ս. Ռըստակէս,
     Անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:

Թարգմանություն
     Սուրբ հայրերի աստվածային հավատքի դավանությունը`
     Քեզանով իբրև լույս ծագեց ամբողջ Հայոց աշխարհի վրա, Ս. Ռըստակէս,
     Անդադար բարեխոսիր մեր անձերի համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5076 | 0 | 0
Facebook