Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սբուրբ Եսայի մարգարե

23:32, çarşamba, 30 temmuz, 2014
     Այսօր սբ. Եսայի մարգարեի հիշատակության օրն է: Հայ Առաքելական Եկեղեցին նշում է այն Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող հինգշաբթի օրը:
     Սբ. Եսայի մարգարեն ծնվել է Քրիստոսից շուրջ 760 տարի առաջ: Նա ամբողջ կյանքն ապրել է Երուսաղեմ քաղաքում: Նրա մարգարեական ծառայության ժամանակաշրջանը համընկավ Հուդայի թագավորության իրար հաջորդող Ոզիա, Հովաթամ, Աքազ, Եզեկիա, Մանասե թագավորների իշխանությունների հետ և կազմեց 97 տարի: Սբ. Մարգարեն նահատակվեց Մանասե թագավորին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով. Մանասեի հրամանով Եսայի մարգարեին սղոցեցին:
     Հրեա ժողովրդի համար դա ծանր ժամանակաշրջան էր: Ժողովուրդը բաժանված էր երկու պետությունների` Իսրայելի և Հուդայի թագավորությունների, որոնք երկուսն էլ Աստծուց հեռանալու և կռապաշտությանը հարելու պատճառով կործանման եզրին էին գտնվում: Ներսից քայքայվում էին կռապաշտության, անբարոյականության պատճառով, իսկ դրսից արտաքին թշնամիները փորձում էին ջախջախել և գերեվարել ժողովրդին: Իսրայելի թագավորությունը ավելի էր հեռացել Աստծո պատվիրաններից, տրվել կռապաշտությանը և շուտով կործանվեց Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից: Ժողովրդի զգալի մասը գերեվարվեց, իսկ մնացած բնակչությունը խառնվեց Ասորեստանի իշխանության տակ գտնվող կռապաշտ ժողովուրդներին: Նրանք հետագայում կազմեցին Սամարացիների երկրի ժողովուրդը: Հուդայի թագավորությունում դեռ պահպանվել էին ճշմարիտ հավատի կայծերը, ավելի լավ ապագայի հանդեպ հույսը, և այն, որ Աստված հապաղում էր Իր ուղղիչ պատիժը հասցնել Հուդայի թագավորությանը, պայմանավորված էր հիմնականում Եսայի մարգարեի գործունեությամբ:
     Մարգարեական ծառայության սբ. Եսային կանչվեց Ոզիա թագավորի մահվան տարում.
     «Այն տարին, երբ մեռավ Օզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով` իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին: Ձայնակցում էին իրար և ասում. «Սո´ւրբ, սո´ւրբ, սո´ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: Կանչողների ձայնից դռան բարավորը վեր բարձրացավ, ու տունը լցվեց ծխով: Եվ ես ասում եմ. «Վա~յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»: Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը` ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»: Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»: Ու ես ասացի. «Ահավասիկ ես, ի´նձ ուղարկիր»: Նա ասաց. «Գնա´ և հայտնի´ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք» . քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց»: Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե´ր»: Իսկ նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները` մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի»: » (Եսայի 6.1-11):
     Սբ. Եսայի մարգարեի անունը եբրայերենից թարգմանվում է. «Տերը կփրկի», և դա պատահականություն չէ: Նրան հաճախակի անվանում են նաև «հինկտակարանյան ավետարանիչ», քանի որ բոլոր մարգարեներից նա է ամենաշատը մարգարեացել Մեսիայի` Փրկչի` Քրիստոսի մասին: Նոր Կտակարանում պարունակվում է Եսայու մարգարեության գրքի վրա ավելի քան 40 հղում և 60-ից ավելի ուղղակի մեջբերում: Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ հեղինակություն և կարևորություն ունի Եսայու մարգարեությունը Եկեղեցու, հինկտակարանյան պատմության, ինչպես նաև մեր օրերի համար:
     Սբ. Եսային մարգարեացել է այն մասին, որ Աստված կմարդանա,` Քրիստոս որպես մարդ կծնվի Կույսից, կապրի և կշրջի երկրում, նկարագրել է, թե ինչպիսին կլինի Քրիստոս որպես մարդ, այն բանի մասին, որ հակառակ հրեաների պատկերացումների, Մեսիան պիտի զոհաբերվի, վերցնի իր վրա մարդկանց մեղքերը և հիվանդությունները, չարչարվի և տառապի, որպեսզի մարդիկ կարողանան փրկվել:
     «Ո՞վ հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը: Նրա առաջ մենք հայտնվեցինք որպես մանուկ, որպես արմատ` ելած անջրդի հողից. ո´չ տեսք ուներ նա և ո´չ էլ վեհություն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո´չ տեսք ուներ և ո´չ էլ գեղեցկություն: Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց: Նա մեր մեղքերն էր վերցնում, և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա´ պատիժ կրեց, և նրա´ վերքերով մենք բժշկվեցինք: Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրա´ն մատնեց մեր մեղքերի համար: Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպես ոչխար` նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ` անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման իր բերանը չի բացում: Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց: Նրա գերեզմանի համար` չարությամբ, իսկ նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի վրեժխնդիր լինեմ, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում: Տերը կամենում է մաքրել նրան վերքերից: Եթե մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել նրան իր ցավերից, ցույց տալ նրան լույս և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը: Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորներին հավասար համարվեց: Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց» (Եսայի 53.1-12)
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5287 | 0 | 0
Facebook