Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Եկ մտածենք» ինտելեկտուալ խաղը Գյումրիում

00:25, çarşamba, 23 ekim, 2013

«Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ն հոկտեմբերի 20-ին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացրեց «Եկ մտածենք» ինտելեկտուալ խաղը: Խաղի հիմնական նպատակն է ստեղծել հավասար պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող եւ եւ հաշմանդամություն չունեցող երիտասարդների ինտելեկտի դրսեւորման համար, հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձին ինտեգրվել հասարակությանը եւ զգալ իրեն դրա լիարժեք անդամ:

- «Եկ մտածենք» ինտելեկտուալ խաղի կազմակերպման հիմնական նպատակն է կոտրել այն արգելքը, որ գոյություն ունի հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձանց միջեւ, -ասում է «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը, -ինչպես նաեւ` առողջ հարաբերությունների ստեղծումն է, երիտասարդներին մտերմացնելն ու նոր գիտելիքներ հաղորդելը:

Խաղին մասնակցում էին երեք թիմ, յուրաքանչյուր թիմում 6 մասնակից՝ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ: Թիմերը Գյումրիից, Վանաձորից եւ Երեւանից էին: Նրանք կրում էին պայմանական Կարմիր, Կապույտ, Նարնջագույն անունները:

Ինտելեկտուալ խաղին ներկա «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը շատ բարձր է գնահատում նման միջոցառումները.

-Այս ամենով զբաղվում եմ շատ վաղուց եւ գիտեմ, որ սա այն է, ինչ միանգամից մի քանի նպատակների է ծառայում: Բոլոր առիթներով, հարմար, թե՝ անհարմար, նշվում է՝ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական պաշարն, ի տարբերություն նավթի, ծովի, ինտելեկտն է, բայց այդ ուղղությամբ առանձնապես շատ բան չեն անում: Այս խաղը գալիս է այդ բացը լրացնելուն, որովհետեւ այն ոչ թե սովորելու, շատ բան գիտենալու, հիշելու, այլ տրամաբանելու խաղ է, այսինքն՝ դու պետք է մտածես, կատարես թիմային աշխատանք: Այսօրվա միջոցառումը ես սովորական չափանիշներից շատ ավելի բարձր եմ գնահատում, որովհետեւ, եթե խոցելիների հետ է կազմակերպվում այս միջոցառումը, նրա արժեքն էլ ավելի է բարձրանում: Հիմնական խնդիրն այն է, որ շրջապատող աշխարհը մարդու համար հասանելի դառնա:

Տարբեր ոլորտների վերաբերող, ճանաչողական, մարդու հոգեւոր զարգացմանը նպաստող հարցեր, թիմային աշխատանք, մրցակցություն, միաժամանակ մարդկային պարզ շփում եւ բարեկամական հարբերությունների հաստատում:

-Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված եւ շատ լավ անցավ, - ասում է Վանաձորի Նարջագույն թիմի մասնակից Ագապի Նազարյանը, -հետաքրքիր, մրցակցային խաղ էր:

-Խաղը շատ լարված էր շնորհակալություն եմ հայտնում մրցակից թիմերին՝ հաճելի լարվածության համար, նման միջոցառումներում շատ եմ կարեւորում գիտելիքը, -իր տպավորություններն է կիսում Կարմիր թիմի մասնակից Հակոբ Կարապետյանը, -Ես առաջին անգամն եմ Գյումրիում մասնակցում ինտելեկտուալ խաղի, բայց հուսով եմ լավ ընկերներ եւ բարեկամություն ձեռք կբերեմ:

Խաղի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ եւ հուշանվերներ Շիրակի մարզպետարանի կողմից: ՀԿ-ի նախագահ Ա.Դիլանյանը նշեց, որ խաղը կրելու է շարունակական բնույթ եւ նման միջոցառումներ պարբերաբար կազմակերպվելու են:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4102 | 0 | 0
Facebook