Идет загрузка...
Сегодня:  Вторник, 24 Ноября, 2020 года

Статьи

ԱՐՑԱԽԻ ՀԶՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ

16:39, Воскресенье, 25 Октября, 2020 года
ԱՐՑԱԽԻ ՀԶՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ

Հերոսը միայն սահմանին կանգնած զինվորը չէ…


    

*** *** *** ***


     Արցախ աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած է մի գեղեցիկ ու անտառապատ գյուղ, այդ գյուղը Վաղուհաս գյուղն է՝ պարուրված չքնաղ բնությամբ, իսկ գյուղի ներսում՝ սարի պես ամուր, բայց համեստ, բնակիչներն են: Աշխատասեր է վաղուհասցին, սեփական քրտինով վաստակող սեփական օջախը շենացնող:

Սակայն այսօր պատերազմ է…

Ասում են՝ պատերազմում, երբ զոհ ես ունենում՝ կուչ ես գալիս ինքդ քո պատյանի մեջ, հայացքդ դառնում է վախվորած երկչոտ, աչքերդ՝ լցված արցունքով ու… Կամա, թե ակամա ինքդ քո բախտն ես անիծում և ողբում չարագույժ ճակատագրիդ վրա:

Ասում են… Սակայն ո՛չ, դա այդպես չէ՛, հատկապես մի ազգի համար, որի անունն է ՀԱՅ: Հայն օտարի առաջ ծնկող չէ՛, թուրք խուժանից վախեցող չէ ու իր վշտից գլուխը կորցնող չէ՛:

Իմ ասածի վառ օրինակ և ապացույց է հենց այս գյուղն իր անսասան բնակիչներով: Նրանցից շատերը բարձրացել են դիրքեր, որ օտարի ոսոխից պաշտպանեն հողը հայրենի, ոմանք էլ մնացել են, որ սիրելի ծննդավայր դարձած գյուղի սահմաններն անվնաս պահեն օտարի նենգ ձեռքից: Սակայն նրանք ոչ միայն գյուղն են պահում, այլ նաև գյուղի երիտասարդներով, կամա, թե ակամա դարձել են հացթուխ, հաց են թխում սահմանի զինվորի համար ու այն փաթաթելով իրենց անծայր ջերմ սիրով՝ ուղարկում են դիրքեր: Նրանք 6 ընկեր են՝ Դավիթը, Ավագը, Էրիկը, Սանասարը, Գևորգն ու Սիրակը: Նրանցից ամեն մեկն, իր հերթին, ունի իր տունն ու ընտանիքը, իր հոգսերն ու ապրումնրը: Հատկապես այս՝ պատերազմական օրերին: Սակայն նրանք ընկեր ասվածն ընկալում են հենց բառի իսկական իմաստով, այսինքն սուրբ մի երևույթ, որ օգնության կարիք ունեցող ընկերոջը չի կարելի մենակ թողնել: Ու ամեն օր, թև-թիկունքի, ուս-ուսի, մեջք-մեջքի, հավատալով գալիք օրվա հաղթանակին՝ 15 կմ. կտրելով հասնում են հացի փուռ, այդ տարածությունն անցնելով տարբեր տրանսպորտային միջոցներով, երբեմն էլ՝ ոտքով, անցնում են որոտացող կրակահերթերի, հուժկու ռումբերի, արկերի ու ականների պայթյունների ձայների տակ, բայց դա արդեն նրանց չի վախեցնում, քանզի գիտեն և վստա՛հ են, որ հաղթելու՛ ենք: Հասնում են տեղ, այսպես ասած՝ աշխատավայր, լուռ, հաճախ էլ ռումբերի ձայները խլացնելու համար ծիծաղելով, կատակներ անելով, մինչ ուշ երեկո իրենց գործն են անում՝ ամեն մեկն արդեն լավ գիտի իր գործը, կարմրատակած փռի առաջ չարչարվում, հաց են թխում ու այն ուղարկում առաջնագիծ՝ մեր անպարտելի զինվորներին, իսկ երեկոյան՝ ուշ ժամի, կրկին բոլորով՝ Դավիթը, Ավագը, Էրիկը, Սանասարը, Գևորգն ու Սիրակը հոգնած, նույն 15 կմ. տարածությունը կրկին հատելով տարբեր տրանսպորտային միջոցներով, երբեմն էլ ոտքով, չնայած պատերազմից փոքր ինչ տխրամած, բայց գոհ հոգով դառնում են դեպի գյուղ: Ճամփին էլ, յուրաքանչյուրը մտովի, կամ բարձրաձայն կիսվում է ընկերների հետ, մտածում՝ արդյո՞ք գյուղն անվնաս կտեսնեն, թե՞ վայրագ գազանի թաթը գյուղին էլ է արդեն հասել:

Տղե՛րք ջան, ձեր քայլը մեծ գնահատականի է արժանի:


    

Թող ձեր մատներով ոսկի

Թխած սուրբ հացի

Զորությունից ուժ առնի

Զինվորը հայի,

Ու իր զարկով մի

Թուրք խուժանին նա հաղթի:


    

Մեր վաղուհասցիներն իրենց գործը լավ գիտեն, իրենց գործի մեծ վարպետ են արդեն և սրտի անհուն թրթիռով են թխում ամեն մի հաց, որ սահմանի զինվորն ուտի ու ուժ ունենա մարտնչելու: Չէ՞ որ հայոց հացը սուրբ է, այն ուժ ու եռանդ է տալիս ոսոխի դեմ կռվող հայ զինվորին: Դա այդպես է հատկապես, երբ սեր ու նվիրում կա այդ հացի բաղադրության մեջ: Տղաները ոչ միայն իրենց հասանելիք գործն են անում, այլ նաև փոխարինում են շատ աշխատակիցների, ովքեր ճակատագրի բերումով, մազապուրծ փախցրել են իրեց երեխաներին ու իրենք էլ ստիպված նրանց հետ են գնացել, որ պատերազմից վախեցած ու արկերի պայթյուններից վիրավոր փոքրիկները, գոնե իրենց կողքին, մի փոքր հանգստանան ու ապաքինվեն: Վերջիններս բացառապես կանայք են, իսկ նրանց տղամարդիկ սահմանին են, զենքը՝ ձեռքերին:

Այս 6 անբաժան ընկերներից մեկն, այս անհավասար կռվում, անժամանակ կորցրել է իր սիրելի եղբորը: Խոսքս Դավիթի, Դավիթ Լևոնի Միքայելյանի մասին է: Նրա եղբայրը զինվորական էր, կոչումով լեյտենանտ: Տակավին երիտասարդ այդ լեյտենատը Վազգեն Միքայելյանն էր:

Փա՛ռք մեր հերոսի հիշաատակին: Իսկ նրանց մյուս եղբայրը՝ բանաստեղծ Արմեն Ավոն, եղբոր կորստի ցավը սրտում, ծառայում է հայոց բանակում: Մեր ապագա մեծն բանաստեղծին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

Հպարտությամբ է լցվում հոգիս, երբ զրուցում եմ խոհուն ու խոհեմ, համեստ աչքերով, տխուր ու թախծոտ հայացքով Դավիթի հետ: Հեշտ չէ լինել զգոն վշտի առաջ, չնահանջել ու սարի նման կանգուն մնալով՝ սիրելի ընկերների հետ ամեն երեկո դառնալ տուն, որտեղ իրեն սպասում են վշտից վաղաժամ կուչ եկած ու մենակ հայրը և եղբոր տակավին թարմ շիրիմը: Նա չի ընկրկում ցավի դեմ, քանզի ամեն մի զինվորի, ամեն մի սպայի մեջ տեսնում է իր եղբայրներին, որոնցից մեկը հանուն հայրենիքի դարձավ հավերժի ճամփորդ, իսկ մյուսը, նույն սահմռկեցուցիչ ցավը պահած սրտում, ատամները սեղմելով շուրթերի տակ՝ այն սուրբ հողն է պահում, որի համար ընկավ իր սիրելի եղբայրը: Իսկ չորրորդ եղբայրը դեռ նոր է գնալու բանակ՝ հայոց հողը պաշտպանելու որը սրբագործված է, քանզի այն ներծծված է իրենց եղբոր ու նրա նման շատ քաջերի արյամբ:

Հաց թխելիս շատ անգամ է Դավիթը քրտինքի մեջ կորում, կողքից դիտողի համար դա սոսկ քրտինք է, բայց արդյո՞ք քրտինք է, թե՞ հոգու վշտից գոյացած արցունքներն են ինքնաբերաբար ու ակամայից հոսում այտերն ի վար և, իբրև քրտինք, ողողում տաք ու շիկացած փռի ջերմությունից կարմրած նրա դեմքը:

Այս 6 անբաժան ընկերների համար հոգ չէ, թե հոգնում են, հոգ չէ, թե մի քիչ էլ երկար են քաղցած մնում, կարևորը սահմանի զինվորն ու սպան քաղցած չմնա: Դա ասաց Դավիթն ինքը, երբ մեր մտերմիկ զրույցներից մեկի ժամամանակ, քրոջ իրավունքով, ասեցի.

-Դու էլ հաց կեր, սոված չմնաս, որ տաքությունից կարմիր լալա դարձած փռի դեմ կանգնելու ուժ ունենաս:

Իսկ պատասխանից սիրտս պարզապես ծովացավ կրծքիս տակ, հպարտությունը ողողեց ամբողջ հոգիս.

-Նախ սահմանի զինվորին կերակրենք, ապա մենք էլ սոված չենք մնա, կուտենք:

Դավիթ ջան այն, ինչ դուք եք անում՝ դու, Ավագը, Էրիկը, Սանասարը, Գևորգն ու Սիրակը՝ մեծ գնահատականի է արժանի: Խոնարհումս և խորին շնորհակալությունս ձեզ՝ բոլորիդ:

Ի դեպ՝ այս հզոր տղերքից 3-ը՝ Ավագը, Էրիկն ու Սիրակը մեկնելու են առաջնագիծ՝ իրենց բաժին կռիվը մղելու ընդդեմ հակառակորդի: Ես, խորին ակնածանքով, անծանոթուհի քրոջ իրավունքով, օրհնում եմ նրանց, մաղթում բարի ճանապարհ և ուզում, որ հաղթանակն իրենց ուսերին առած ու չպակասած տուն դառնան:


    

Դե՛, տղե՛րք, ձեզ տեսնեմ՝

Մի հատ էլ, մի հատ էլ,

Զա՛րկ տվեք չար ոսոխին,

Թող կործանվի նա հիմնովին:


    

Իսկ թիկունքում մենք կաղոթենք

Եվ կսպասենք Ձեր հաղթական դարձին,

Որ հաղթանակից գինովնանք

Ու մեր սուրը հաղթական դնենք պատյան:


    

Եվ իբրև վերջաբան՝ փա՛ռք վաղուհասցի մեր Վազգենի ու նրա նման մյուս նահատակների սուրբ հիշատակին, իսկ տաղանդաշատ բանաստեղծ մեր Արմենին տոկուն ոգի, հզոր կամք և բարի վերադարձ, իսկ ձեզ՝ մեր սիրելի հացթուխներ՝ հույս ու հավատ, որ ՀԱՂԹԵԼՈւ՛ ԵՆՔ…


    

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ (Մերօրյա հերոսներ)» խմբի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
505 | 0 | 0
Facebook