Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները. Փաշինյան

ArmPress
Пресс-секретарь:
ArmPress
17:00, Пятница, 10 Января, 2020 года
Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր:

Նախորդ տարվանից հնագետների ու ճարտարապետների մասնակցությամբ պարբերաբար քննարկումներ են իրականացնում Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու շուրջ:

Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանը երեկ անդրադարձել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ:

ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ ինքն էլ ինստիտուտի մասնագետների հետ 2019 թվականին մի քանի անգամ մասնակցել է ԿԳՄՍՆ-ի կազմակերպած քննարկումներին, որտեղ մանրամասն վերլուծելով իրականացվելիք ծրագիրը՝ գտել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է շարունակել Հանրապետության հրապարակի պեղումները, ապա նոր մտածել քաղաքի ստորգետնյա հատվածի վերականգնման ու վերաբացման մասին:

«Պայմանական ասած՝ երկհարկանի Երեւան ենք ստանալու: Թե առաջին հարկը ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ», - ասաց Պավել Ավետիսյանը: Նա հայտնեց, որ հնագիտության ինստիտուտից արդեն ներկայացրել են նպատակահարմար տարածքները, թե որտեղ կարելի է առայժմ պեղել ու բացել, որպեսզի հետագայում այդ տարածքներն ամրակայելուց ու ցուցադրելուց հետո խնդիրներ չառաջանան եւ ստիպված չլինեն դրանք կրկին ավազով լցնել ու ծածկել:

Հնագետի համոզմամբ՝ քանի որ տրանսպորտային շատ կարեւոր հանգույցի մասին է խոսքը, դեռ շատ խնդիրներ ու բաց հարցեր կան: «Պատկերացրեք, փակելու ենք հրապարակը՝ քաղաքի տարբեր մասերն իրար կապող խոշորագույն տրանսպորտային հանգույց: Հանգույցը գործելու դեպքում էլ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն: Ապակիով կփակեն, վրայից մեքենաներ կանցեն, թե բաց կլինի, դրանք արդեն կոնստրուկտորական խնդիրներ են: Մի խոսքով, շատ աշխատատար եւ բարդ խնդիր է, բայց որպես հնագետ շատ ոգեւորված կլինեմ, եթե կարողանանաք այդ գաղափարը կյանքի կոչել», - ասաց նա:

Պավել Ավետիսյանը նկատեց, որ պեղումների ենթակա հատվածում 19-րդ դարի Երեւանն է, այսինքն բացելու են մինչթամանյանական Երեւանի նկուղային հարկերը: Հնագետը հայտնեց, որ դրանք շատ լավ են պահպանվել եւ կարող են օգտագործվել նաեւ որպես տաղավարներ ու փոքրիկ սրճարաններ: «Զբոսաշրջիկը եւ այդ տարածք մտնող քաղաքացին մեծ հաճույք կարող է ստանալ՝ առնչվելով մինչթամանյանական Երեւանի հետ, որից գրեթե ոչինչ չենք պահպանել: Գուցե 19-րդ դարից էլ ավելի վաղ շերտեր լինեն, պեղումները ցույց կտան», - ասաց նա:


    
Источник: ArmPress Լրատվական
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3649 | 0 | 0
Facebook