Մհեր Բեյլերյան
Հարություն Խաչհովանյանի զոհաբերումը Երբ քննիչը մեր դուռը թակեց, արդեն գիտեի տեղի ունեցածի մասին: Քննիչի և օպերի հարցերին պատասխանեցի անկեղծորեն, ասացի այն, ինչ գիտեի: Հանգուցյալը մեր շենք էր տեղափոխվել մեկ տարի առաջ, լռակյաց էր, ապրում էր միայնակ, բարև-բարի լույս: Շենքի տարբեր կարիքների համար հավաքվող գումարը միշտ վճարում էր, բայց մեզանից ոչ ոք չգիտեր, թե նա ինչով է վաստակում: Առաջին անգամ դա ասաց Արմենը. հենց նա նկատեց և մեր ուշադրությունը հրավիրեց, որ Հարութը տարօրինակ է, մեզ նման չի: Նրան չափազանց հաճախ կարելի էր տեսնել բակում խաղացող երեխաների կողքին: Սկզբում կարծում էինք, որ ընտանիք ու երեխա չունի և սփոփանք է փնտրում երեխաների շրջապատում, բայց հետո սկսեցինք նկատել տարօրինակ բաներ: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում երեխաներից մեկին` իննամյա Մարիամիկին, որի ծնողները հարբեցողներ էին, և երեխան հաճախ էր տանից փախչում` բակում խաղալու: Հարութը նրան կոնֆետներ էր տալիս, հետը երկար զրուցում էր, մինչև մի օր նրան մոտեցան մյուս երեխաների մայրերն ու զգուշացրին, որ հեռու մնա աղջկանից և իրենց երեխաներից: Մենք բակի տղամարդկանցով կանգնած էինք ավելի հեռվում ու ուշադրությամբ հետևում էինք Հարութի վարքին: Դժվար չէր նկատել, թե ինչպես նա գույնը գցեց, ինչպես ձեռքերը սկսեցին դողալ: «Հասկացա՞ր, անասուն», - կրկնում էին կանայք, իսկ նա միայն շշնջում էր` հասկացա, հասկացա: Դրանից հետո նրան բակում գրեթե չէինք տեսնում, բայց արդեն բոլորս լարված էինք, երեխաներից աչք չէինք կտրում: Մի քանի օր անց մեր բակ եկավ սևազգեստ մի կին ու սկսեց գոռալ, որ Հարութը սպանել է իր փոքրիկ աղջկան, որ նա պիտի հավերժ վառվի դժոխքում: Փորձեցինք կնոջից պարզել, թե ինչպես է մահացել իր աղջիկը, բայց նա ձեռքը թափ տվեց ու հեկեկալով հեռացավ: -Հարութ, էդ կնիկն ի՞նչ էր ասում, բան չհասկացանք, - հաջորդ օրը հարցրել էր հարևաններից մեկը, իսկ Հարութը հանգիստ պատասխանել էր` ճիշտ էր ասում: Մեր հարևան շենքում բնակվող կանանցից մեկը «ֆիրդուսնոցում» հագուստ էր վաճառում: Նա պատմեց մեզ, որ Հարութը շաբաթը մեկ-երկու անգամ իր մոտից փոքր աղջիկների հագուստներ է գնում: Հետո Մարիամիկի հարբեցող հորից իմացանք, որ Հարութը Մարիամիկին տարել է իր տուն, երբ տեսել է նրան սանդուղքին նստած, պահել է իր տանը շուրջ երկու ժամ, ինչից հետո աղջիկը տուն է եկել նոր հագուստներով: Մեր կանայք մեր ներկայությամբ հարցուփորձ արին աղջկան, թե ինչով են զբաղվել Հարութ ձյաձյայի տանը: Մարիամիկը շատ վախեցած տեսք ուներ, լռում էր ու ոչինչ չէր ասում: Վերջապես հանձնարարեցինք մեր կանանց, որ աղջկան տանեն, լողացնեն, շորերը հանեն, տեսնեն` հո բռնության հետքեր չկա՞ն: Աղջկա ծնողների համար միևնույն էր, իրենց միակ հոգսը խմիչքն էր: Մարիամիկին լողացնելուց հետո մեր կանայք պատմեցին մեզ այն, ինչից ամենից շատ էինք վախենում: Աղջկա մարմինը պատված էր կապտուկներով, ակնհայտ էին բռնաբարության հետքեր: Հարութի հարցերը պետք էր լուծել: Կարծեմ դա առաջինը բարձրաձայն ասաց Արմենը: Նախքան ոստիկանություն դիմելը մի լավ քոթակեցինք էդ տականքին: Վալեռը մուրճով մի քանի անգամ հարվածեց ոտքերի արանքին, ձվերը լխճեցինք: Չէր գոռում, միայն խուլ տնքում էր: Դուռն էլ ինքնակամ բացեց, կոտրելու կարիք չեղավ: Երևի չէր սպասում, որ վերջը եկել է: Իր գնած աղջկա շորերը գլխին քաշեցինք, դրանից հետո միայն կանայք ոստիկանություն զանգեցին: Բայց շտապօգնություն չզանգեցինք: Հոգեբանները կարողացան խոսեցնել Մարիամիկին: Աղջիկը խոստովանեց, որ Հարութը իրեն բռնաբարել է ու ծեծել: Այդքանից հետո զարմանալի չէր, որ քննիչն ու օպերը առանձնապես չէին փորձում գտնել Հարութին խոշտանգողներին: Ձևի համար մի քանի հարց տվեցին ու գնացին: Հարութի ստացած տասնհինգ տարին մեզ չբավարարեց: Լուր ուղարկեցինք բանտ, մեր լավ ախպերներին, ՙզոն նայողներին՚ ասեցինք` ով ա էդ Հարութը, ինչ ա արել: Զանգեցին, ասացին` գիտենք, արդեն պիտուխ ա, փչացրել ենք, բայց տարել են բանտի բուժկետ, ձվերը ընենց չեք լխճել, որ սաղ մնա, ասում են` սատկելու ա… Էդպես էլ եղավ: Մի քանի օրից իմացանք, որ սատկել ա: Տարան գցեցին Սովետաշենի գերեզմանոցի ամենահեռու անկյունում, ժեշտի վրա գրեցին անունը, ծնվելու ու սատկելու ամսաթիվը: Մարդ ուղարկեցինք, ժեշտի վրա ավելացրին «***ի տղա էր ու պիտուխ… փոքր երեխեքի էր բռնաբարում` բռնինք, մորը …ունեցինք»: Հետո մեր լավ ախպերներից իմացանք, որ բանտի բուժկետում աշխատողները դրան չեն բուժել, թողել են, որ սատկի: Քահանա է խնդրել, իբր մեղքերը խոստովանելու համար, բայց չեն բերել… Հանգստացանք, վերջապես երեխեքին սկսեցինք հանգիստ բակ թողնել, մինչև էդ բայղուշ Արմենը մի օր էլի մեզ խառնեց իրար: Իմացել էր, որ էդ տականքը դեռ մինչև բանտարկվելը տունը կտակել էր Մարիամիկին: Մտածում էինք` ոնց անենք, որ նրա հարբեցող ծնողները երեխու տունը չծախեն, հարբեն` մեռնեն, երեխեն ընկնի մանկատուն: Հարութի մեռնելուց մի շաբաթ հետո Մարիամիկը մեզ մոտեցավ, երբ կանգնած էինք բակում, ու պարզեց մի օրագիր, ասաց, որ Հարութի օրագիրն ա, որ Հարութը խնդրել էր իր մեռնելու դեպքում մեզ տալ այդ օրագիրը: Էդ օրը մինչև առավոտ տուն չգնացինք, գիշերը բեսեդկայում հավաքված օրագիրն էինք կարդում, քննարկում ու ծխում… «Օր առաջին: Էսօր առա էս օրագիրը… Մտածում եմ, որ պիտի պատմեմ այն, ինչ գիտեմ: Իմ իմացածը փոխանցեմ: Էսօր Մարիամիկի չափով հագուստ առա: Պիտի էնպես հագցնեմ իրեն, որ բակի կանայք չիմանան: Պիտի մտածեմ` ինչպես տանեմ մեր տուն, որ ոչ ոք չիմանա, չտեսնի… Ինչ սիրուն աղջիկ է Նրա նման… Ուզում ես ուտես… Մենակ շորերն են վատը… Լավ շորեր պիտի տամ, որ իրեն գեղեցկուհի զգա… Օր երկրորդ: Էսօր նորից լսում էի հայհոյանքի ու լացի ձայներ վերևի բնակարանից… Էդ կենդանին նորից ծեծում էր կնոջն ու Մարիամիկին… չգիտեմ ինչ անեմ, Աստված իմ: Բարձրացա, թակեցի, էդ անասունը ինձ էլ հայհոյեց, դուռը փակեց երեսիս: Երեխան արյան մեջ էր ու մերկ: Վստահ եմ, որ բռնաբարում է աղջկան… Աստված գթառատ, հուշիր ինձ, թե ինչ անեմ: Քունս կորցրել եմ: Օր երրորդ: Բախտս բերեց. Մարիամիկը սանդուղքին նստած լալիս էր, տարա տուն, կանչեցի Սուրգ Գրիգոր եկեղեցու երգչախմբի Գայանեին, որը բուժքույր է: Մինչ նրա գալը երեխային կերակրեցի… ոտքերի վրայով արյուն էր հոսում: Էլ կասկած չունեմ, որ հայրը բռնաբարում է աղջկան: Գայանեն ավելի արագ եկավ, քան կգար շտապօգնությունը, երեխային տարավ լոգարան, լողացրեց, հետո ասաց, որ պիտի տանի հիվանդանոց, ասացի` ես բոլոր ծախսերը կփակեմ: Մորիցս մնացած զարդերը կվաճառեմ… Գայանեն աղջկան իմ գնած շորերը հագցրեց: Օր չորրորդ: Այսօր բակի կանայք մոտեցան ինձ, զգուշացրին, որ իրենց երեխաներին չմոտենամ: Տղամարդիկ հեռվից նայում էին… ահավոր շփոթված եմ… երևի նկատել են, որ Մարիամիկին կոնֆետներ եմ տվել, հետը խոսել եմ… Աստված գթառատ, ամոթից ուզում եմ գետինը մտնել: Ինչպե՞ս կարող են նման բան մտածել: Երևի պիտի ոստիկանություն զանգեմ, հայտնեմ կատարվածի մասին, որ հայրը բռնաբարում է Մարիամիկին: Չեմ թողնի, որ մանկատուն ընկնի, աղջկան կդստրեգրեմ, կպահեմ իմ բալիկի պես… Օր հինգերորդ: Էսօր քննիչն էր եկել: Մարիամիկը ասել է, թե ես եմ իրեն բռնաբարել: Հաստատ, հայրն է ստիպել, վախենում է հորից: Ի՞նչ անեմ, Աստված: Լուրը արդեն բակում տարածվել է, քարով ապակիս կոտրեցին: Գիտեմ, որ կսպանեն ինձ, ժամանակի հարց է… Պիտի հասցնեմ տունը թողնել Մարիամիկին… Չեմ պաշտպանելու ինձ… Ոչ ընդունելու եմ մեղադրանքը, ոչ հերքելու… հինգ տարի առաջ ես իմ մեքենայով սպանեցի Նարինեին, այն փոքրիկ աղջկան, որին չեմ կարողանում մոռանալ… Երեկ մայրը եկել էր, բակում գոռում էր, որ ես մարդասպան եմ, իր աղջկան սպանել եմ… Նարինեն, այդ աղջնակը, վազեց գնդակի հետևից, ուղիղ փողոց, իսկ ես ղեկին խոսում էի հեռախոսով… ես պիտի ավելի շուտ նկատեի նրան… ես սպանեցի այդ աղջկան ու պիտի պատասխան տամ… Ես գիտեմ, թե ոնց ինձ պիտի պատժեմ… երկու տարվա բանտարկությունն ու փոխհատուցումը ոչինչ չփոխեցին իմ վճռականության մեջ… ես պիտի պատժվեմ… թող Քո կամքը լինի, Տեր… կանեմ ամեն ինչ, որ Մարիամիկը մանկատանը չհայտնվի, գոնե էդպես քավեմ մեղքս… Մեքենաս ու ինչ ունեմ` վաճառել եմ ու փողը տվել Գայանեին, նա խոստացել է տեր լինել աղջկան: Այսօր կտամ այս օրագիրը Մարիամիկին… նա ամեն գիշեր դուրս է գալիս տանից ու լալիս… չեմ մեղադրում իրեն… փոքրիկը վախեցած է ու չգիտի ինչ անել… եթե ասեմ, որ հայրն է բռնաբարում, միևնույն է, ինձ չեն հավատա… բակում բոլորը գիտեն, որ հայրը ծեծում է աղջկան, գոնե դա գիտեն, բայց աչք են փակում… իսկ ես չեմ կարող աչք փակել… Ատված իմ, ի՞նչ է լինելու ինձ հետ… նրանք կհոշոտեն ինձ… թող Քո կամքը լինի, Տեր… Միայն թե հասցնեմ խոստովանել մեղքերս ու հաղորդվել… Վախենում եմ, ինձ ուժ տուր, Տեր… Այս օրագիրը կտամ Մարիամիկին, որ փոխանցի բակի տղամարդկանց… պահեք աղջկան ձեր աղջկա պես, պաշտպանեք հորից… ինչ էլ ինձ անեք, իմացեք, որ ներում եմ ձեզ…՚: Օրագիրը կարդացինք մի քանի անգամ… սկզբում երկար լռեցինք, հետո Արմենը նորից խոսեց, ասաց` պետք է Մարիամիկին կանչել, ճիշտը իմանալ: Մարդ ուղարկեցինք, աղջիկը դռան դիմաց նստած էր, գլուխը ծնկներին դրած: Նա ամեն ինչ պատմեց մեզ, թե ինչպես է հայրը բռնաբարում իրեն ու մորը, ծեծում իրենց, թե ինչքան բարի էին իր հանդեպ «Հարութ ձաձան ու Գայան տոտան», թե ինչպես է հայրը սպառնացել իրեն, որ եթե եղածը Հարութի վրա չգցի, գրպանի դանակով մոր աչքերը կփորի-կհանի, հետո երկուսին էլ կսպանի… Ամենից շատ ցնցված էինք նրանից, որ աղջիկը այդ ամենը պատմում էր շատ հանգիստ ու չէր լալիս: Մենք հասկացանք, որ նա արդեն հոգեկան խնդիրներ ունի և որ չի կարելի լրիվ վստահել իր խոսքին: Զանգեցինք մեր կանանց, իջան, տարան երեխային նայեցին, ասացին` ոտքերին արյուն է ու տղամարդու սերմ: Առաջին անգամ, երբ աղջկան տարել էին հիվանդանոց, սերմը չէին տվել փորձաքննության, աղջկա ու մեր խոսքերը բավարար էին համարել: Հիմա փորձաքննություն անցկացրին, ու հաստատվեց, որ հայրն է բռանաբարողը: Չհասցրինք դրան սամասուդ անեինք, տարան, բայց ո՞ւր պիտի փախչի մեզանից: Բանտում մեր լավ ախպերներին, «զոն նայողներին» զանգել ենք, արդեն ասել ենք` ինչ պետք ա, դրան ռեժիմով կոխելու են, մինչև վենեքը բացի: Արմենն ասեց` դրան էդ էլ ա քիչ, պտի փող տանք մենթերին, մտնենք բերդ: Վալեռն ասաց` չաքուճով ձվերը լխճելու եմ… Որոշեցինք` օրը բացվի` բարին հետը: Թաղի տղերքով փող քցվեցինք` Հարութին կարգին քար կդնենք, վրեն կգրենք. «Մղկտում ենք, մեր թագավոր ախպեր» … Անդին 6, 2017 |