Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիներ` երիտասարդ ամուսիններ Սայարա Գամբարովան եւ Ուլվի Գամբարովը տարվել են ներքին գործերի նախարարության մեկուսարան այն բանի համար, որ փորձել են խնդրանքով դիմել ՆԻՀ գերագույն խորհրդի ղեկավար Վասիֆ Թալիբովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը, Սայարա Գամբարովան մի քանի անգամ հեռագիր է ուղարկել ՆԻՀ ղեկավարին` 12 տարի ենթասպայի կոչումով Նախիջեւանի առանձին համազորային բանակում ծառայող իր ամուսնուն` Ուլվիին 2015 թվականի դեկտեմբերին աշխատանքից ապօրինաբար հեռացնելու պատճառը պարզելու խնդրանքով, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
Ընտանիքն արդեն կես տարի է մնացել է երեխայի ծննդի հետ կապված ամսական 26 մանաթ նպաստի հույսին:
Հունիսի 3-ին Սայարան գնացել է Նախիջեւանի գերագույն խորհրդի ղեկավարի ընդունելությանը, սակայն այնտեղից տարվել է ՆԳՆ եւ պահվել այնտեղ մինչեւ գիշերվա 23-ը:
Սայարա Գամբարովան Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ է: Նա ընդամենը ցանկանում էր ինքնավարության ղեկավարին բացատրել իրենց ընտանիքի ծանր կացությունը, որում հայտնվել է բանակի ղեկավարության կամայականության պատճառով:
Կայքը հայտնում է, որ հունիսի 3-ին ոստիկանությունը ժամը 14-ին ՆԳՆ է տարել եւ մինչեւ ժամը 23-ը պահել նաեւ Ուլվի Գամբարովին: Այդ ամբողջ օրը ծծկեր երխան մնացել է առանց ծնողների:
«ՆԳՆ-ում նրանց սպառնացել են, որ եթե դարձյալ բողոքեն, Նախիջեւանից կվտարվեն», -հայտնում է կայքը: