Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Աբրահամյանը Բաթումում հարթել է հայ-վրացական դիվանագիտական սկանդալը

Vahan Grigoryan
Автор:
Vahan Grigoryan
11:52, Среда, 20 Мая, 2015 года
Աբրահամյանը Բաթումում հարթել է հայ-վրացական դիվանագիտական սկանդալը

Մայիսի 14-15-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան՝ Բաթում, և հանդիպել իր վրաց գործընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ըստ մեր աղբյուրների՝ Աբրահամյանը Վրաստան է մեկնել կիրակի օրը երեկոյան, ինքնաթիռը Բաթում է հասել միայն ժամը 17-ի սահմաններում, իսկ Հայաստան վարչապետը և նրան ուղեկցող անձինք վերադարձել են հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 10-ին: Ամենահետաքրքիրն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրան ուղեկցող անձինք Վրաստան են մեկնել վրացական կողմի ուղարկած մասնավոր ինքնաթիռով: Վրաստանի վարչապետը, որպես հրավիրող կողմ, բարի կամք է դրսևորել՝ ցույց տալով, թե որքան է կարևորում հանդիպումը հայ պաշտոնակցի հետ:

Աբրահամյանի Վրաստան կատարած այցը երկու բաղադրիչ ուներ՝ տնտեսական և քաղաքական: Ավելի կարևորն, անշուշտ, հանդիպման քաղաքական մասն էր: Նման այցի անհրաժեշտություն առաջացել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպումից հետո: Վրաստան կատարած իր այցով և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ջերմ ընդունելության արժանանալու փաստով կարելի է համարել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առաջացած դիվանագիտական սկանդալը հաղթահարված է: Ի դեպ, Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիից մեկնելով Բաթում, օդանավակայանում անձամբ է դիմավորել հայկական պատվիրակությանը և այցի գրեթե ամբողջ ընթացքում ընկերակցել է հայկական պատվիրակությանը:

Մայիսի 3-ին Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել էր Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ, ով ժամանել էր ԼՂՀ՝ ղեկավարելով ԼՂՀ խորհրդարանի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Հարավային Օսիայի խորհրդարանական պատվիրակությունը: Վրաստանի իշխանությունները չափազանց ցավոտ են արձագանքում Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հետ ցանկացած շփում՝ համարելով, որ դա ուղղակիորեն հակասում է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Գալուստ Սահակյան-Անատոլի Բիբիլով հանդիպումը ևս չէր կարող բացառություն լինել: Չնայած Հայաստանի պաշտոնական հավաստիացումներին, որ հանդիպումը ոչ թե պաշտոնական այլ մասնավոր է եղել, պաշտոնական Թբիլիսին շարունակում էր անընդունելի համարել նման հանդիպման հնարավորությունը: Ավելին՝ Վրաստանի իշխանությունները ի նշան բողոքի, բավական կոշտ հայտարարություն տարածեցին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես նշեցինք, վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցով այս տհաճ միջադեպը կարելի է հարթված համարել: Էական չէ, թե ինչ է ասել վարչապետը ԱԺ նախագահի հանդիպման հետ կապված, կարևորն այն է, որ վրացական կողմը այսպիսի հանդիպում և ընդունելություն կազմակերպելով ցույց է տալիս, որ ինքը ևս շահագրգռված չէ կոնֆլիկտի խորացմամբ: Հայաստանի համար Վրաստանը կարևոր գործընկեր է, քանի որ Վրաստանի տարածքով են անցնում Հայաստան ներկրվող և Հայաստանից արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը: Հայաստանը շահագրգռված չէ Վրաստանի հետ հարաբերությունների սրմամբ՝ մանավանդ, որ դրա համար առանձնապես լուրջ հիմքեր չկան: Բայց, մյուս կողմից, Վրաստանի իշխանությունները ևս հասկանում են, որ Հայաստանը իրենց համար կարևոր քաղաքական գործընկեր է:

Թուրքիան և հատկապես Ադրբեջանը ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները սրելու և դրանց թշնամական բնույթ հաղորդելու համար: Ադրբեջանը կցանկանար, որ Վրաստանը միակողմանի կախվածության մեջ ընկներ Թուրքիայից և Ադրբեջանից, ովքեր հանդիսանում են այդ երկրի հիմնական առևտրային գործընկերները: Եթե հաշվի առնենք Ռուսաստանի հետ Վրաստանի ունեցած թշնամական հարաբերությունները, ապա Հայաստանը Վրաստանի միակ ցամաքային հարևանն է, ում միջոցով Վրաստանը ընդունակ է հակակշռել թուրք-ադրբեջանական օրեցօր ավելացող ճնշմանը: Վրաստանի իշխանությունները սա լավ հասկանում և գնահատում են:

Չնայած վարչապետ Աբրահամյանի այցը ավելի շուտ ունեցել է քաղաքական նշանակություն և ուղղված է եղել կարգավորելու հայ-վրացական հարաբերությունները, սակայն, ըստ մեր աղբյուրի, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական բնույթի խնդիրներ: Առաջիկայում Հայաստանի և Վրաստանի սահմանի Բագրատաշեն-Սադախլո հատվածում նախատեսված է նոր կամրջի և նոր անցակետի կառուցում: Այդ նպատակով Հայաստանը և Վրաստանը արդեն ներգրավել են վարկային միջոցներ՝ 10 միլիոն եվրոյի չափով: Քանի որ կամուրջի մի մասը լինելու է Հայաստանի տարածքում, իսկ մի մասը՝ Վրաստանի, կողմերը պայմանավորվել են, թե ինչպես անել, որ կամրջի շինարարությունը իրականացվի ընդհանուր շինարարական նորմատիվներին համապատասխան: Ըստ մեր աղբյուրի՝ չի բացառվում, որ հարցը ավելի պարզեցնելու համար շինարարությունը իրականացնի մեկ ընկերություն, իսկ տեխնիկական հսկողությունը յուրաքանչյուր երկիր իրականացնի իր տարածքում կատարվող շինարարության համար:

Նոր կամրջի կառուցման միջոցով ցամաքային հաղորդակցությունը դյուրացնելուց բացի, կողմերը պայմանավորվել են նաև օդային հաղորդակցությունը կանոնավոր դարձնելու շուրջ: Մասնավորապես խոսվել է օդային կանոնավոր հաղորդակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, և հնարավոր է, որ մոտ ապագայում այն իրողություն դառնա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3381 | 0 | 0
Facebook