Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 13 Декабря, 2024 года

Статьи

Նույնիսկ անզեն աչքով երևում է՝ իշխանությունները վախենում են Ծառուկյանից

16:41, Суббота, 24 Ноября, 2012 года
Նույնիսկ անզեն աչքով երևում է՝ իշխանությունները վախենում են Ծառուկյանից

Zham.am-ին Գագիկ Ծառուկյանի տված հարցազրույցից, ինչպես նաև նոյեմբերի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ու խմբակցության փակ նիստից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն սպասվող նախագահական ընտրություններում հանդես կգա իր թեկնածուով, ու այդ թեկնածուն կլինի կուսակցության առաջնորդը: Այս փաստը չէր կարող դուրս մնալ իշխանամետ ԶԼՄ-ների կողմից: Մառազմի նոր ալիք հեղեղեց կայքերի ու թերթերի էջերը:

«Անկախ վերլուծաբանները» սկսեցին կոկորդիլոսի արցունքներ թափել Օսկանյանի ու Քոչարյանի հետ կապված: Հիմնական թեզն այն էր, որ ԲՀԿ-ում նախ քցեցին Օսկանյանին, իսկ հետո էլ Քոչարյանին: Նման վերլուծաբաններից մեկը, ում հատուկ է դավադրության տեսություններով շարժվելը, եզրակացություն է արել, որ Facebook սոցցանցում Օսկանյանի գրառումը ճնշում էր Ծառուկյանի վրա. «Իր գրառման մեջ Օսկանյանը միջնորդավորված ակնարկում է Ծառուկյանին, որ նա պետք է օգտագործի իր կուսակցական հեղինակությունը նրա համար, որ թեկնածու դառնա Օսկանյանը», - գրում է Բաղրամյան 26-ի հովանու տակ աշխատող այս «վերլուծաբանը»:

Իշխանական ԶԼՄ-ի նոր «վերլուծություններում» Օսկանյանը վերածվել է ժամանակակից Հայաստանի ամենամաքուր քաղաքական գործչի: Նկատենք, որ դրանք հենց այն կայքերն են, որոնք 2-3 ամիս առաջ ցեխ էին շպրտում Օսկանյանի վրա՝ նրան մեղադրելով փողերի լվացման, գողացված փողերի հաշվին առանձնատուն գնելու ու մի շարք այլ բաների մեջ: Ու մեկ էլ «հանկարծ» «անկախ լրագրողներին» սկսում է հետաքրքրել Օսկանյանի ճակատագիրը: Շտապեմ հայտնել այդ «անկախ վերլուծաբաններին», որ Օսկանյանն իր ծանրակշիռ դերն ունի ժամանակակից Հայաստանում: Նա նորմալ մարդ է, լավ կառավարիչ ու որակյալ մասնագետ, իսկ նման մարդիկ մեզ պետք են զարգացման ու բարգավաճման ճանապարհին:

Բացի այդ, լրացուցիչ անգամ շոշափվեց Քոչարյանի անունը: Կրկին դավադրության տեսության շրջանակներում լրագրողները սկսեցին Ծառուկյանի հայտարարության մեջ փնտրել «Քոչարյանի ստվերը»: Սեփական երկերեսանիությունից ելնելով՝ իշխանամետ լրագրողները սկսեցին պնդել, որ «իրականում դա Քոչարյանի հայտարարությունն էր, սակայն նա լրիվ այլ բան էր ցանկանում ասել»: Սա հենց այն դեպքն է, երբ ասում են. «Ձեզնով մի՛ չափեք»:

Քոչարյանը մի հատկություն ունի, որ «անկախ» լրագրողներն ու նրանց տերերը կերազեին ունենալ՝ նա ասում է այն, ինչ մտածում է: Երկրորդ նախագահին կարող են քննադատել, որ նա չափից դուրս կոշտ է, բայց դրա փոխարեն նրա խոսքը, մտքերն ու գործողությունները համապատասխան են:

Ինչ վերաբերում է այդ «վերլուծաբաններին» ու նրանց տերերին, ապա այդ մարդիկ ղեկավարվում են մի կանոնով՝ մտածել մի բան, ասել ուրիշ բան, անել լրիվ մեկ այլ բան: Սա խնդիր չէր լինի, եթե նրանք հանրային կյանքի վրա ազդեցություն չունենային: Երկերեսանի այս «վերլուծաբանները», որ մեծ հրճվանքով կատարում են իրենց տերերի պատվերները, աղավաղում են իրականությունն ու հասարակության ներսում ատելություն են սերմանում : Կարող է թվալ, թե այս բոլոր լրագրողներն ու «վերլուծաբանները» դարձել են հանգամանքների զոհ, սակայն ինչպես ասել է մի խելոք մարդ. «Թույլ մարդը բողոքում է հանգամանքներից, ուժեղ մարդն ինքն է ստեղծում հանգամանքները»: Այս բոլոր «վերլուծություններում» երևում է գրչակների մարդկային ցածր որակները: Նրանք այն մարդկանց թվին են պատկանում, որոնք արդեն «պլինդուզից» ցած են իջել ու ոչ թե ուզում են բարձրանալ այդտեղից, այլ ուզում են մյուսներին էլ իջեցնել իրենց մակարդակին՝ ստի, բամբասանքների ու անձնական վիրավորանքների մակարդակին: Դրա հետ մեկտեղ նրանք ենթադրաբար հասկանում են իրենց ցածր էությունը, դրա համար էլ փորձում են դիմակավորվել որպես «արևմտամետներ» ու «քաղաքացիական ակտիվիստներ»: Իշխանությունների թևի տակ աշխատող լրագրողներն ու «վերլուծաբանները» ոչ միայն թույլ մարդիկ են, ովքեր ապրում են օրվա կուրսով, այլև նրանք այն գործիքն են, որով իշխանությունները թունավորում են հասարակական միջավայրը՝ տարածելով սուտ ու կեղտոտ բամբասանքներ: Դրա համար էլ նրանք պետք է հասկանան, որ իրենք պակաս պատասխանատվություն չեն կրում այն իրավիճակի համար, որ այսօր ստեղծվել է մեր հասարակությունում ու պետությունում:


    

    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4959 | 0 | 0
Facebook