Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Անխախտելի օրենքներ

AnKa
Автор:
AnKa
14:45, Понедельник, 24 Сентября, 2012 года
Անխախտելի օրենքներ

Անխախտելի օրենքներ


    

Ամեն ինչ սկսվեց խաղից: Չնայած այն բանի, որ սա խաղ չէր կարելի կոչել, որովհետև խաղը արդար պայմաններ է սիրում, իսկ ես թաղվել էի կեղծիքի մեջ ու…չգիտեմ էլ, թե ինչ էր լինելու: Չէ՛, կներե՛ս, ես գիտեի. կա՛նգ կառնեմ, երբ կուզեմ: Մի քիչ կխաղամ, կսպանեմ առանց այդ էլ տեղում կանգնած ժամանակս ու վերջ:

Գիտե՞ս շատ հեշտ է ասել «ՎԵՐՋ», ու առավել հեշտ է պատկերացնել դրանից հրաժարումը: Լա՜վ, չերկարացնեմ ու սկսեմ, հետևաբար ավարտեմ անավարտ ու անորոշության մեջ մնացած իմ պատմությունը:

Ես 18 տարեկան էի, իսկ նա` 24: Սկսեցինք շփվել ու կարծես ամեն ինչ իմ պլանավորածի պես էր ընթանում: Մենք իրար շատ լավ հասկանում էինք, շատ ու շատ կարծիքներ ու տեսանկյուններ համընկնում էին: Ամեն ինչ շատ լավ էր: Ինձ համար շատ հետաքրքիր էր ու հաճելի: Մենք հետո սկսեցինք մեր կապն ավելի ամրացնել ու. վրա հասավ հեռախոսակապը: Ես արդեն չէի բավարարվում ուղղակի նամակագրությամբ: Անբացատրելի է այս ամենը, քանզի, ինչպես ասել էի, սա խաղ էր: Բայց մի գուցե՞ ուզում էի ավելիին հասնել, որ հաղթանակիս բերկրանքն ավելի առավել լիներ: Չգիտեմ… գուցե ինքնավստահությունս այնքան էր տեղի տվել, որ մոռացել էի, թե այս աշխարհում կան զգացմունքներ` «սահմանված օրենքով»: Եվ նա, ով կխաղտեր օրենքը, կպատժվեր ամենայն խստությամբ:

Զարմացար՞, ախր շատ սիրուն ու փոխադարձ սեր էր: Իրար հասկացող զույգեր, իրար` գնահատող ու հարգող: Էլ ի՞նչ ես խառնվել իրար ու խաղի օրենքներ ես բացատրում:

Է~, երանի ամեն ինչ կարդացածիդ պես լիներ:

Ես ստել էի նրան, ու ամենաստոր ձևով: Ես խաբել էի տարիքս, այդժամ գտնվելուս վայրն ու աշխատատեղս: 18 տարեկանիս փոխարինելու էր եկել 26-ը, մեր բազկաթոռին փռված վիճակիս փոխաիրնելու էր հասել երկաթյա անկողինը, ու վերջապես, աշխատատեղս իր տեղը զիջեց զինվորական շարասյանը: Այդ պահին ամեն ինչ հեշտ էր ու ծիծաղելի, բայց ով էր ենթադրելու, որ մի օր սերն ու խիղճը փայտփորիկի պես կտցահարելու էին ուղեղս: Չգիտե՜մ…

Ամենավատը դեռ առջևում էր: Նա դեռ պիտի իմանար այս ամենը` այն էլ ամենասոսկալի ձևով: Հնչում է հակադարձ հեռախոսազանգը, բայց ի պատասխան այն բանի, որ ես զբաղված եմ ու չեմ կարող մոտենալ, դրա տեղը հնչում է. «Դուք զանգահարել եք զորամաս»: Ես չեմ էլ կարող պատկերացնել քո հոգեվիճակը, բայց սրտանց կուզեմ հավատաս, որ այս տարիներիս ընթացքում դա երևի առաջի զղջումս էր: Ների՛ր ինձ, թե կարող ես:

Եղավ անսպասելին: Դու բացի ներելուց, ուզեցար շարունակել այս ամենն ու…ինչքա՜ն սեր կար քո մեջ` ներես ու շարունակես ավելին տալ: Դա կարող էր անել միայն մեծասիրտը:

Եկավ ամենադժվար հարցի պատասխանը: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ ցավ չտամ թե քեզ, թե ինձ: Գիտե՞ս ինչքան եմ ուզում հանդիպել քեզ, խոսել դեմ առ դեմ կանգնած` ուղիղ սևեռված աչքերիդ մեջ նայելով: Ուզում եմ, որ դու էլ նայես ինձ ու հասկանաս, որ ես վատը չեմ ու ամբողջովին քո մասին եմ մտածում: Հիմա կհարցնես. «Ի՞մ»: Հա՛, հենց քո՛, որովհետև ես չեմ կարող երաշխավորել ինձ այն բանում, որ քեզ ամուր չեմ գրկի ու քեզ չեմ պատի իմ համբույրներով, որոնք արդեն երկու տարվա կարոտ ունեն: Գիտե՛մ, դու էլ ես խուսափում մեր հանդիպումից հենց այս պատճառով: Ինչքան էլ բանական լինենք, վստահ լինելով, որ կկարողանանք կառավարել զգացմունքներս, բայց մի բան ենք մոռացել, որ. «Եթե բանականությունը ստեղծում է մարդուն, ապա զգացմունքը կառավարում է նրան»: Ու ինչքան էլ փորձեցի ինձ բաժին ընկած հզոր բանականությամբ առաջ շարժվել, սակայն անակնկալ զգացմունքն այնքա՜ն նրբորեն այն ինձնից խլեց:

Գիտե՛նք, երկուսս էլ շա՜տ լավ գիտենք, որ մեր կապը, կյանքի ուղին անհնար է: Ու գիտես ամենացավալին որն է. այս ամենը ես ու դու չենք որոշել, այլ մեր շրջապատն ու նրա հորինած սուտ ու փուչ օրենքները: Ո՞վ է իմ տեղը որոշել, թե նա ինչպիսին պիտի լինի, ո՞վ է տարիքային սահմանափակում նշանակել` դու՛, դու՛, թե դու՛: Ինչի՞ ԴՈՒՔ, եթե ես նույնիսկ փորձ չեմ անում իմ փոքր ներկայությամբ ազդել ձեր որոշման վրա:

Ի՞նչ անեմ հիմա ես, ու՞ր գնամ, ո՞նց փախչեմ այս ամենից: Եթե ինձ մնար, ես կզանգեի քեզ` կպայմանավորվեինք տեղն ու ժամը, կվազեի քո մոտ ու կփախչեինք միասին հեռու՜-հեռու՜:

Ափսո՜ս…կյանքում անհնարին բաներ էլ կան: Չնայած, կյանքը լի է անակնկալներով ու ոչ մեկս երաշխավորված չենք, թե ինչ կլինի մեզ հետ…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4933 | 2 | 0
Facebook