Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Բաց նամակ Արտակ Ալեքսանյանին

16:54, Вторник, 04 Июня, 2013 года
Բաց նամակ Արտակ Ալեքսանյանին

Երկիր հնամյա, Երկիր հայրենի,
     Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին
     Քո հավերժական հմայքը չունեն
     Լեռներից այն կողմ, ամպերից անդին

Արտակ ջա՞ն:

Բարեւ:

Էդ ինչու՞ ես էդպես զարմացել ու զայրացել:

Վա՜յ քո տունը շինվի՝ բա մեր պետությունը նո՞ր է կորցնում ադեկվատության զգացումը: Չգիտեի՞ր՝ ինչ թշվառ վիճակում են գտնվում բազմաթիվ ազատամարտիկների կամ գիտնականների ու արվեստագետների ընտանիքներ: Սրանից էլ վառ անադեկվատության ապացու՞յց…

Բա դու չգիտե՞ս, որ տուրիզմն է էս երկրի ապագան: Թքած ունեն գիտության ու մնացածի վրա: Չգիտե՞ս, որ գիտության դոկտորին մի հավաքարարի չափ փող են տալիս ու արդյունք պահանջում: Բայց էդ պայմաններում արդյունք տալիս են, է՜ ախր: Տանում ես արդյունքն աչքները կոխում՝ ասում են «մալադեց», բայց փող չկա, ծախսելու ավելի հրատապ տեղեր կան: Հրատապն էլ տեսնում ենք՝ էլ հայեցակարգային նախագի՜ծ, էլ բորդյու՜ր, էլ բիոզուգարա՜ն, էլ փուչիկ ու ֆլամինգո (ֆլամինգոն էր պակասներս) … Ո՞ր մեկն ասեմ…

Բա չգիտեի՞ր, որ քաղաքի կենտրոնի բորդյուրները փոխելու եւ ճաքալցման աշխատանքների համար 3.3 միլիարդ դրամ են նախատեսել: Կենտրոնին ոչ հարիր բորդյուրներն էլ հո չեն ջարդելու՝ տանելու են քաղաքի ծայրամասեր: Կառուցողակա՞ն է: Կառուցողակա՛ն է… Դե ոչինչ, որ երկրի ծայրամասեր չեն տեղափոխում՝ ամեն դեպքում քաղաք տեղ ա: Համ էլ, օրինակ, սահմանամերձ Մովսեսում «նի դո բորդյուրա» ՝ թուրքը մի կռնից, գելը մյուս կռնից, թարս աճող խյարի պրոբլեմն էլ էն մյուս կռնից… Ա՛յ, որ բորդյուրի փողից մի քիչ տայի՜ն… Բայց հետաքրքիրն այն է, որ էդ բորդյուրների թեմայով «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության բարձրացրած շուխուրին բարգավաճներից էլ անհանգիստ արձագանքներ եղան, թե՝ բա քաղաք տեղ ա՜, քաղաքի կենտրոն տեղ ա՜… Հետաքրքի՞ր չի: Լավ էլ հետաքրքիր ա…

Ասում ես՝ թող էդ նախագծի փողին մի քանի վերելակ սարքեն: Բա եղա՞վ: Ախր տուրիստի հեչ պետքը չի եսիմ որ շենքի վերելակը: Եթե շատ նեղն ընկնի՝ չաշխատող վերելակն ավելի հարմար կլինի: Բայց ելքը գտնվել է՝ բիոզուգարանները: 120 մլն դրամ են տվել 2 զուգարանի համար: Հետո մեկը փչացել է, հետո էլ ասում են՝ վայ թեմ սկի բիոզուգարան էլ չի: Հիմա պիտի էլի եսիմ ինչքան փող ծախսեն, արտասահմանից զուգարանագետ կանչեն, որ սարքի… Երիտասարդ գիտնականներին 100 մլն դրամ էին տվել՝ մատի փաթաթան էին սարքել: Տեսեք-տեսեք՝ գիտության համար ինչե՜ր ենք անում: Ու ի պատիվ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի՝ էդ 100 մլն-ի բաշխումից լիքը մարդ է օգտվել: Հենց էնպես չեն բաժանել է՜… Ամեն բան՝ մրցութային կարգով … Ճիշտ կլիներ, որ որպես գումարի արդյունավետ ծախսման օրինակ՝ ԵԳԱԾ-ի արածի հիման վրա մի բրոշյուր սարքվեր ու կառավարության, քաղաքապետարանի, թաղապետարանների բոլոր կաբինետներում պարտադրվեր կարդալ:

Հրապարակի վերակառուցման հայեցակարգային մրցույթի անցկացման անհրաժեշտության պարզաբանումները չե՞ս կարդացել, Արտակ ջան: Չեղավ, չէ՞: Գրված է, չէ՞, որ «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ…»: Նարեկ Սարգսյանն ախր էդ սիլուետների հետ ի՞նչ կապ ունի… Դրանց հայտնվելուն դիմագրավելը անհնարին բան էր, ախր: Երևի նավթադոլարներն են պատճառն ու Ադրբեջանի քարոզչամեքենան…

Կամ չգիտե՞ս, որ «հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են…»: Բա՜… Կամ որ «կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան»: Էս մեկը ես էլ չհասկացա՝ երեւի գրել են որպես ի գիտություն… Գիտություն գրեցի՝ հիշեցի: Էսօր կարդացի, որ գիտությանը եկող տարի 10 տոկոսով ավել են փող տալու: Ռազմավարական ծրագրերը կարդալիս բերկրանքից ու «տեսլականներից» քիչ է մնում մարդ մի քիչ երջանկության արցունք թափի, բայց էստեղ էլ են խաբում, Արտակ ջան: Ամեն տարի: Այստեղ էլ է լրիվ սազում քո տված որակումը՝ «ցինիկության գերադրական աստիճան»:

Արտակ ջան, քանի որ զայրանալով ու զարմանալով դժվար թե բանի հասնենք, ասում եմ՝ էդ մրցույթին մի առաջարկ էլ ես անեմ. կարող է եւ սրտներից լինի: Որ մի քանի բիոզուգարան բերեն դնեն հրապարակում, էդքանով չե՞նք պրծնի…

Հ.Գ. Արտակ ջան, սովետի վախտ դպրոցներում հասարակագիտություն առարկա էինք անցնում: Էդ առարկայի գրքից մի ֆրազի սկիզբն եմ հիշում միայն. ինչ որ օրինակ էր բերված, որտեղ գրված էր՝ «Բենդերը, այդ ժուլիկը…»: Ասածս ի՞նչ ա՝ ժուլիկների երկիր ենք դառնում…

Հ.Գ.2 Վարչապետով-բանով ընդունեցին, որ զուգարանների գործարքն անարդյունավետ է: Բա մեղավոր չկա՞… Բադասխան տվող չկա՞… 120 մլն-ը թիվ չի՞… Թիվ չի, էլի, իրենց համար… Բայց դե գոնե մեղավորի անունն իմանայինք, ասեինք՝ «քաքլանի մեկը» …

Քո հաղորդումները նայող՝
     Ստեփան Գյոզալյան

    
    
     Նյութի աղբյուրը` http://hetq.am/arm/news/27057/bac-namak-artak-aleqsanyanin.html

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5684 | 4 | 0
Facebook