Loading...

Articles

«Կանայք իրենց համար ամոթալի չեն համարում հարբելն ու տղամարդկանց կողքին ընկնելը»

15:26, Saturday, 20 July, 2019
«Կանայք իրենց համար ամոթալի չեն համարում հարբելն ու տղամարդկանց կողքին ընկնելը»

Գերմանացի ճանապարհորդ, աշխարհագետ, արևելագետ, պատմաբան, մաթեմատիկոս ու ֆիզիկոս Ադամ Օլեարիուոսը (1603 - 1671), Շլեզվիգ-Հոլշտեյնի կուրֆյուրստ Ֆրիդրիխ 3-րդի հանձնարարությամբ, 1633 թվականին գլխավորել է Մոսկվայի իշխանություն և Պարսկաստան ուղարկված դեսպանությունը: Դեսպանության նպատակն է եղել առևտրային կապեր հաստատել Մոսկովյան իշխանության ու հատկապես Պարսկաստանի հետ: 1643 թվականին ռուսական ցարը նրան հրավիրում է Մոսկվա, առաջարկում է ծառայություն իր երկրում, բայց Օլեարիուսը հրաժարվում է: Իր ճանապարհորդություններից ստացած տպավորությունները նա ամփոփում է այդ ժամանակի Ռուսաստանի ու Պարսկաստանի բարքերն ու կենցաղը մանրամասնորեն ներկայացնող գրքում:

Ահա՛ մեկ քաղվածք նրա տպավորություններից:

Հարբեցողության արատն այս ժողովրդի բոլոր դասերի, ինչպես հոգորականների, այնպես էլ աշխարհականների, բարձրաստիճանների ու ստորինների, տղամարդկանց ու կանանց, երիտասարդների ու ծերերի մեջ այնպես է տարածված, որ եթե այդ երկրում տեսնես ցեխի մեջ թավալվող հարբածների, ուշադրություն չես դարձնի, որովհետև դա սովորական երևույթ է: Եթե մի որևէ սայլապան հանդիպում է իրեն ծանոթ այդպիսի հարբած խոզերի, գցում է իր սայլի մեջ ու տուն է տանում, տեղափոխման վարձ է ստանում: Նրանցից ոչ մեկը բաց չի թողնում առիթը, որպեսզի մի քանի բաժակ կամ սրտի ուզածի չափ խմի՝ երբ էլ լինի, որտեղ էլ լինի, ինչ իրավիճակում էլ դա լինի: Ընդ որում հասարակ ժողովուրդը, ստրուկներն ու գյուղացիներն այնպես խստորեն են պահպանում այդ սովորույթը, որ այդպիսի մարդը շարունակում է այնքան խմել, մինչև գետնին է տապալվում և երբեմն էլ խմիչքը հետ տալու հետ հոգին էլ է տալիս: Այդպիսի դեպքեր մեր ժամանակներում էլ են տեղի ունենում, քանի որ մեր մարդիկ շատ առատաձեռն են եղել ռուսների նկատմամբ…

Ոչ միայն հասարակ ժողովուրդը, ասում եմ ես, այլև ազնվական պաշտոնյաները, նույնիսկ ցարական մեծ դեսպանները, որոնք օտար երկրներում պիտի որ պաշտպանեն իրենց տիրակալի բարձր պատիվը, չափի զգացումը կորցնում են, երբ իրենց առջև թունդ խմիչքներ են դրվում. ընդհակառակը, երբ խմիչքը նրանց գոնե մի քիչ դուր է գալիս, նրանք այն ջրի նման իրենց վրա են լցնում այնքան ժամանակ, մինչև որ նրանց արդեն մեռած վիճակում բարձրացնում ես:

Կանայք իրենց համար ամոթալի չեն համարում հարբելն ու տղամարդկանց կողքին ընկնելը: Որոշ ռուս կանայք մի անգամ եկան իրենց ամուսինների մոտ՝ գինարբուքի, նստեցին նրանց հետ նրանց հետ հավասար խմեցին: Երբ տղամարդիկ, ի վերջո, ընկան գետնին ու քնեցին, կանայք նստեցին տղամարդկանց վրա ու մեկմեկու այնքան օղի հյուրասիրեցին, մինչև որ իրենք էլ մեռածի պես ընկան…

Կարելի է հաճախ հանդիպել նաև հարբած տերտերի կամ քահանայի, ինչպես նաև հարբած գյուղացու: Թեպետ ոչ մի վանքում ո՛չ գինի են խմում, ո՛չ օղի, ո՛չ մեղր, ո՛չ թունդ գարեջուր, այլ միայն կվաս, այսինքն՝ թույլ գարեջուր են խմում, բայց և այնպես վանականները, դուրս գալով մենաստաններից ու հյուրընկալվելով բարյացկամ ընկերներին, իրենց իրավունք են վերապահում ոչ միայն չհրաժարվել լավ խմիչքից, այլև իրենք են պահանջում ու ագահորեն խմում են՝ վայելելով այն այնքան, որ միայն հագուստով կարելի է նրանց տարբերել աշխարհականներից…»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2033 | 0 | 0
Facebook
COMMENT.am