ԽԱՉԻԿ ԲԵԳԼԱՐԻ ԱԹԱՆՅԱՆ
Ծնվել է 10.07.1967թ. ՀՀ Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղում, զոհվել է 06.09.1992թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Հարությունագոմերի մերձակայքում...
...Երկու ամիս առաջ նա կտոներ իր 50-ամյակը, կարող էր ընտանիք ու զավակներ ունենալ, ծննդյան տորթը զարդարող մոմերի բոցով այդ կեսդարյա կյանքի շարունակությունն իր երազանքի գույներով կներկեր ու գուցե նաև արդեն թոռնիկին գրկած, նրան իրավունք կտար առաջինը փչել-հանգցնել մոմերը… «Պապիկ, երազանքդ ի կատար…»:
Նա երբեք պապիկ չի դառնա, չհասցրեց ամուսնանալ, երեխաներ ունենալ: Իր Խաչիկ անունը նվեր ու պատգամ մնաց տարիներ հետո ծնված եղբորորդուն: Սա էլ իր բաժինը վրեժը լուծելու հնարավորություն ունեցավ 2016թ. Ապրիլյան պատերազմում` Քարվաճառում:
Հովտաշատցի Բեգլար Աթանյանի միջնեկ որդին էր Խաչիկը. բարձրահասակ, գեղատես, համեստ ու շիտակ բնավորությամբ: Երբևէ չի ձգտել առանձնակի ուշադրություն գրավել, բայց յուրահատուկ ու նուրբ հումոր ուներ, գերազանցիկ չէր, բայց առավել հետաքրքրվում էր պատմություն առարկայով: Համագյուղացիները, դասղեկը, եղբայրն ու ընկերները, ժպիտով ու սիրով են հիշում Խաչիկին…
ԽՍՀՄ բանակում ծառայել էր հեռավոր Մոնղոլիայում, վերադարձից հետո նորից անցավ ծառայության, այս անգամ Մասիսի Հրշեջ կայանում:
Եղբայրը` Վոլոդյան է հիշում.
- Մինչ Վազգեն Սարգսյանի 1992թ. օգոստոսի 15-ի` Մահապարտների գումարտակ ստեղծելու կոչը, Խաչիկը ակտիվորեն մասնակցում էր Արցախյան ազատագրական պայքարին. ցույցերին, միտինգներին: Լսելով Սպարապետի հեռուստակոչը, հաջորդ օրը մեկնեց Երևան, անդամագրվեց «Արծիվ մահապարտների» զորագնդին:
Թերթում եմ գումարտակի արխիվը. ամենասկսբնական ցուցակներում նա 81-րդ համարն է: Օրվա վերջում 500-ից վաղուց անցել, թիվն առաջ էր գնացել: Հայրենիքի համար մինչև արյան վերջին կաթիլը նվիրվելու պատրաստակամություն էին հայտնում հազարավոր ազատամարտիկներ: Ընտրվեցին ոգով ու բազկով առավել պինդ տղաները: Նրանցից մեկը` Խաչիկ Աթանյանն էր, որ ընդգրկվեց 4-րդ վաշտի կազմում, որպես հրաձիգ: Այս վաշտում հիմնականում Կոտայքի Նոր Գեղիի, և Վանաձորի «Լոռվա տղերք» ջոկատների տղաներն էին:
Մարտավարական պարապմունքներն անցան Մայրաքաղաքային գնդում: Մարտընկերները Խաչիկին կատակով Աշխարհաբեկ էին ասում: Այնքան բարձրահասակ էր, որ Վազգեն Սարգսյանը շարքում նկատել ու ժպիտով ասել էր. «Աշխարհաբեկ, գլուխդ ցած կպահես»: Իսկ նա, իր յուրահատուկ հումորով պարտքը վերադարձրել էր` այդ օրերին հնարավոր լավագույն ռազմական հանդերձանքն ստանալիս. «Սա՞ եք տալիս, -ասել էր, - բա մենք էլ մտածում էինք Ռեմբոյի հագուստ ու զենք ենք ստանալու»: Վազգենը ժպտացել էր. «Սա’ ունենք հիմա, սրանո’վ ենք կռվելու, ու հաղթելու»:
Օգոստոսի վերջին օրը երեկոյան Մահապարտները Եռաբլուրում մոմերի լույսի տակ երդվեցին: Հաջորդ օրն արդեն Արցախում էին: Թշնամին ընդհուպ մոտեցել էր Գանձասարին: Մի քանի ժամ ուշացումն անգամ ճակատագրական էր լինելու, բայց Մահապարտների «Արծիվ» գումարտակը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատի ամենադժվարին հատվածում սեպտեմբերի առաջին լուսաբացից առաջ սկսեց մասսայական սխրանքի ուղին, բեկելով պատերազմի ընթացքը:
Խաչիկը մասնակցեց Մարտակերտի շրջանի Վանք /Գանձասար/, Պողոսագոմեր, Հարությունագոմեր, Չլդրան գյուղերի պաշտպանության և ազատագրության համար մղվող մարտերին: Զոհվեց Հարությունագոմերի մոտ… սեպտեմբերի 6-ին:
Այդ օրվա մասին գումարտակի սխրանքը լուսաբանող «Մահապարտները» գրքում զետեղված «Ժամանակագրական ամփոփագրում» ասվում է.
06.09.92թ.-Ժամը 10.30 րոպեին հակառակորդը սկսեց հարձակումը, անհավասար մարտի մտանք: Աջ թևում դիրքային պաշտպանության անցավ Նոր Գեղիի դասակը: Թշնամին ձախ թևից փորձեց մեզ օղակի մեջ առնել: Ճարահատ Սարոն տեղափոխվեց այդ թևը, որտեղ և առաջինը ընկավ Երիցյան Յուրան: Սուրենը /Ղազարյան-ծ.թ. հեղ/ վիրավորվեց, սակայն զենքը ձեռքին շարունակում էր կրակել: Այդ ընթացքում մի քանիսը խուճապահար էին եղել, փորձում էին նահանջել: Անկանոն նահանջի պատճառով մենք 7-ը զոհ, նույնքան էլ վիրավոր տվեցինք, բայց մյուսները շարունակում էին խիզախորեն կռվել: Ազերիների շարքերում կային նաև ռուսներ, որոնք մեր ուղղությամբ նռնակներ նետելով, շրջափակման պատրանք ստեղծելով պահանջում էին գերի հանձնվել: Ընդհանուր հրամանատարը կարգադրեց ուժերը տեղաբաշխել ձորի ուղղությամբ, թույլ չտալ թշնամուն անցնել գետը: Հակառակորդը կարծելով, որ մենք լրացուցիչ ուժեր ենք ստացել, սկսեց նահանջել, ճանապարհին հասցնելով ստուգողական կրակոցներով խոցել մեր զոհված մարտընկերներին: Այդ օրը զոհերի թիվը 8-ի, վիրավորներինը 11-ի հասավ: Լուսաբացին, սակայն պարզվեց, որ հակառակորդը թողել է 3 տասնյակից ավելի զոհ, այդքան էլ վիրավոր:
Սարոն, ում մասին հիշվում է ամփոփագրում, պատմում է, որ երբ ինքն արդեն վիրավորված էր, Խաչիկը դեռ շարունակում էր մարտընչել: Նա հրաձիգ էր, բայց նաև գնդացրով էր կռվում: «Կարգին, դուխով տղա էր» -ափսոսանքով ու հպարտությամբ հիշում է մարտընկերը, ավելացնելով, որ արդեն հոսպիտալում է տեղեկացել Խաչիկ Աթանյանի, Արթուր Սարուխանյանի, Մուսայել Պարոնյանի, Սամվել Գևորգյանի զոհվելու մասին:
Այդ դիրքերը մի քանի օր անց մերոնք վերագրավելով կարողացել են տղաների դիակները բերել, ցավոք թուրքերի «ձեռագիրը» ակնհայտ էր...
Խաչիկ Բեգլարի Աթանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով, «Արծիվ մահապարտներ» կրծքանշանով և «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանով: Ծննդավայրում` Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղում Խաչիկի անունով թաղամաս են կոչել, հիշում և ոգեկոչում են հովտաշատցի մյուս երեք զոհված ազատամարտիկներին նույնպես:
Օրերս, «Արծիվ մահապարտների միության» նախաձեռնությամբ, Հովտաշատի գյուղապետարանի հետ համատեղ կազմակերպվեց Փառաց արարողություն. նրա ուսանած դպրոցում անցկացվեց հիշատակի ու մեծարման ցերեկույթ` «Փառք անմահներին» խորագրով:
ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր համակարգող հրամանատար, համանուն միության հիմնադիր նախագահ գեներալ -մայոր Աստվածատուր Պետրոսյանը նրա եղբորը` Վոլոդյա Աթանյանին հանձնեց Խաչիկ Աթանյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար տրված հետմահու պարգևները:
Արծիվ մահապարտ Խաչիկ Աթանյանի մարտական ուղին լուսաբանող հուշանկյուն հիմնվեց դպրոցում:
Նրա երկրային և ոգեղեն կյանքի երկու 25-ամյակները խորհրդանշող մոմերը վառվեցին մահարձանի դիմաց: Երազանքդ ի կատար, Անպարտ-Մահապարտ:
Վ. ԲԱԴԻԿՅԱՆ