Հնդկաստանում շատերը գիտեն աղոթող մահմեդականի կողքով անցած երիտասարդ աղջկա պատմությունը:
Ժամանակին մահմեդականների տիրապետության տակ գտնվող այս երկրում սահմանված օրենքի համաձայն՝ ոչ ոք իրավունք չի ունեցել անցնել այն վայրի մոտով, որտեղ մահմեդականը նամազ է կատարել:
Ահա, երբ աղոթող մահմեդականի կողքով անցած աղջիկը նույն ճանապարհով վերադարձել է, նամազ անողը նախատել է նրան.
«Այս ի՞նչ հանդգնություն է: Դու գիտե՞ս, թե ինչ ես արել»:
«Ի՞նչ եմ արել», - հարցրել է աղջիկը: Եվ աղոթողը նրան բացատրել է:
«Ես քեզ վիրավորանք հասցնելու մտադրություն չեմ ունեցել, - ասել է աղջիկը, - բայց ասա ինձ, թե «աղոթքի» տակ ի՞նչ ես հասկանում:
«Աղոթքն Աստծո մասին մտորումն է, խոկումը, Աստծո հետ մեկուսի զրույցը», - ասել է մարդը:
«Օ՜, - արձագանքել է աղջիկը, ապա հավելել է, - ես հանդիպման էի գնում իմ երիտասարդ սիրեցյալի հետ ու միայն նրա մասին էի մտածում: Այդ էր պատճառը, որ քեզ չնկատեցի: Բայց եթե դու միայն Աստծո մասին էիր մտածում, ապա այդ ինչպե՞ս նկատեցիր ինձ»: