Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիշատակի օր էր, համադպրոցական միջոցառում` «Կոչեմ ապրողաց» խորագրով: Դպրոցի 5-12 –րդ դասարանի աշակերտները արծարծում էին մեր պատմության տխուր ու արյունալի տեսարաններ ներկայացնող վավերագրեր . ինչ պատահեց, ինչպես պատահեց, անպատասխան թողնված խորհրդավոր հարցադրումներով …
Հայի հայրենակարոտ հոգու ու արծվենի թռիչքների, ժայռակոփ ոգու փորձության ու ապրելու անբեկանելի տենչանքների ամրագրում էր միջոցառումը, որի սցենարը մշակել էր ուսհաստատության փոխտնօրեն ՝Մարգարիտ Հարությունյանը:
Միջոցառումը սկսվեց «Երբ հիսուսն ասաց` սիրիր թշնամուդ, այնժամ թուրքը չկար աշխարհում» իսահակյանական խոհով:
Հայրենասիրական երգերը, բանաստեղծությունները, բեմական հատվածները, պատմության մեջբերումները ամբողջացրին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մեծ ոճրագործության ընդհանուր պատկերը: Աշակերտների խոսքը արտահայտիչ էր, երգում էին խրոխտ ու առնական` պահանջատիրոջ իրավունքով: Միջոցառումը ոգեկոչելու ու հիշեցնելու կոչ էր, այն անձնուրաց հայդուկներին, ովքեր անսահման սեր ու նվիրում ունեին հայրենիքի հանդեպ և ցասում ու վրեժի խոր զգացում նրանց նկատմամբ, ովքեր փորձեցին բնաջնջել հայությանը:
Ամփոփելով միջոցառումը ուսհաստատության տնօրեն Մ . Շատոյանը այն համարեց հայրենասիրական լավագույն դաս և հորդորեց ներկաներին միավորել ջանքերը, անել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հայաստան – Հայրենիքի շենացման հարատևության և լուսավոր ապագայի: