Աշխատաժողով՝ նվիրված «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի ավարտին
Հունվարի 27-ից 28-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Արդարադատության ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում մշակված «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի ավարտին: Ներկա էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վարչական վերաքննիչ և Վարչական դատարանների այն դատավորները, որոնք մասնակցել և հաջողությամբ ավարտել են 10 շաբաթ տևողությամբ վերապատրաստման այդ դասընթացը: Աշխատաժողովի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան հեռաուսուցման դասընթացը մշակած հեղինակների հետ քննարկել թեմային առնչվող մի շարք հարցեր: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիային ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Ք. Բիրվիրթը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ առումով հատկապես կարևորելով պետության և դատարանների դերը: Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը դասընթացը հետագայում առավել խորացնելու պատրաստակամություն հայտնեց և ներկայացրեց դասընթացի մշակման և մատուցման մեթոդոլոգիան: «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար, ինչպես նաև նշեցին հեռաուսուցման դասընթացի արդյունավետության մասին՝ ընդգծելով ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնոլոգիական առավելությունները: Դատավորների խոսքով՝ փախստականների իրավունքը ոչ թե տարիներով, այլ ժամերով է զարգանում, և այդ ոլորտի առանձնահատկություններին տիրապետելը առավել քան անհրաժեշտություն է: Նրանք նշեցին նաև հեռաուսուցման դասընթացների ընդլայնման անհրաժեշտության մասին, քանի որ առանց աշխատանքից կտրվելու հնարավորություն են ունենում որակյալ ուսուցում ստանալ: Դատավորները նաև անդրադարձան հեռաուսուցման դասընթացի բովանդակային հարցերի քննարկմանը: Դասընթացի համահեղինակ Արա Խզմալյանը պարզաբանումներ ներկայացրեց մասնակիցների կողմից հնչեցրած հարցերի վերաբերյալ: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում անցկացվեց նաև դատախաղ: |