Լավ էր, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժողովուրդը բռունցք դարձած կանգնեց զինվորի կողքին: Լավ էր, երբ հայրենիքը պաշտպանող հայ զինվորներին որոշ կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի երեք բջջային օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ), «Յուքոմ» -ը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» -ը իրենց աջակցությունը եւս ցուցաբերեցին: Վերջիններս, հաշվի առնելով ապրիլի 2-ից առաջնագծում ծավալվող իրադարձությունները, տարածել էին հաղորդագրություն, համաձայն որի ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ/րոպե:
Սակայն, ապրիլի 15-ին նշված երեք օպերատորները տարածում են ևս մեկ հաղորդագրություն` ապրիլի 18-ին ժամը 00: 00-ից սկսած ընկերությունների շարժական հեռախոսակապի բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունների համար նախկին 45 դրամ/րոպե սակագնին վերադառնալու մասին: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, շահ է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների: Չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել...
Սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, այնպես էլ հետո բացասական արձագանք գտավ, և հիմա այն լուրջ մտահոգություների առիթ է դարձել:
Այսպիսով, մենք վստահում ենք վերոնշյալ 3 օպերատորների հայրենանվիրությանն ու հասարակության անունից կոչ ենք անում` հանուն սահմանապահ զինվորի ու նրանց ընտանիքների վերականգնել նախկին 5 դրամ/րոպե սակագինը:
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 19-ին, Մարտունու շրջանի շարքային Ռստակյանն արդեն իսկ բաց նամակով դիմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Մի խումբ ուսանողների կողմից
Գրում է Արմինե Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում