Ընտանեկան երջանկություն ապահովելու գործում հայրը անգնահատելի դեր ունի:
Հոր` ընտանիքի գլխավորի պարտականությունն է` դաստիարակել իր երեխաներին, որպեսզի նրանք դառնան ընտանիքին ու հասարակությանը պիտանի անձինք և հավատարմորեն կատարեն իրենց պարտականությունները:
Ընտանիքը` հայրը, մայրը և երեխաները, անքակտելի մի ամբողջություն են: Ընտանեկան երջանկություն ապահովելը միայն մոր խնդիրը չէ: Հայրերը նույնպես գործունեության կարևոր դաշտ ունեն: Ամուսինը ընտանեկան հարաբերությունները կապող օղակն է, նա իր ուժեղ, անկեղծ, քնքուշ կապվածությամբ միավորում է ընտանիքի անդամներին` մորը և երեխաներին, կազմելով ամուր միություն: Կինը, հանձին նրա, սեր է որոնում, երեխաների դաստիարակության գործում` կարեկցանք ու օգնություն, ինչն, անշուշտ, արդարացի է: Հայրը պատասխանատու է երեխաների համար նույնքան, որքան և մայրը, և հավասարապես պիտի շահագրգռված լինի նրանց բարօրության հարցում: Երեխաները դիմում են հորը` խորհուրդների համար, և նա պարտավոր է իր ավանդը բերել ընտանիքի երջանկությունը կերտելու գործում: Որքան էլ ծանր լինեն նրա հոգսերն ու գործերը դրսում, դրանք չպիտի մթագնեն ընտանիքի ուրախությունը` հայրը պետք է տուն վերադառնա ժպիտով ու բարի խոսքերով:
Հայրերի մեծ մասը բաց են թողնում երեխաներին դեպի իրենց գրավելու և նրանց հետ սերտ կապ հաստատելու բարեպատեհ հնարավորությունները` ձեռք մեկնել նրանց իրենց փոքրիկ դժվարություններում, կապել նրանց սրտերն իրենց սրտերին սիրո ամուր թելերով: