Արմավիրի մարզի Առատաշեն համայնքից կամավորների երկրորդ խումբը մեկնեց Արցախ զորավարժություններին մասնակցելու, այնուհետև սահմանապահ զինվորներին միանալու համար:
Կամավորների առաջին խումբը սահման էր մեկնել դեռ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված իրադրության ժամանակ:
Արցախ մեկնելուց առաջ համայնքի Սրբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց կամավորական խմբի օրհնություն` ձեռամբ Տեր-Արծրուն քահանա Միքայելյանի: Վերջինս հպարտությամբ խոսեց կամավորների մասին` հավելելով. «Միայն հաղթանակներ եմ մաղթում նրանց, և հպարտ եմ այսպիսի զինվորներով, որոնք կարողանում են երկրի դժվարին պահին միասնական լինել ու կամավոր գնալ հայրենիքի պաշտպանության»:
Կամավորական խմբի մեջ էր նաև համայնքում գործող դպրոցի տնօրեն Սևակ Ղազարյանը, իսկ համայնքապետը կամավորներին կմիանա մի քանի օր ավելի ուշ: Դպրոցի տնօրենը մեր այն հարցին, թե որոշները նույնիսկ իրենց ընտանիքները չեն թողնում ու մեկնում առաջնագիծ, ինչպե՞ս նա որոշեց ընտանիքի հետ միասին թողնել նաև իր ենթակայության տակ գտնվող դպրոցն ու մեկնել, հարցն ուղղելով պատասխանեց. «Սա որոշում չէ, սա պահանջ է, և մենք գնում ենք, իսկ դրա համար որոշել կամ մտածել պետք չէ»:
Իսկ վերջում համայնքապետը կամավորներին նորանոր հաղթանակներ մաղթեց, նշելով. «Փառք ու պատիվ բոլոր կամավորներին ու զինծառայողներին, առավելևս 18-20 տարեկան մեր հերոս տղաներին, ովքեր չերկնչեցին թշնամու դեմ և արիաբար մարտնչեցին, ոմանք էլ հերոսաբար ընկան մարտում»:
Զենք և զինամթերք ստանալուց հետո բոլոր ընտանիքներին համբերություն մաղթելով, մարտական բարձր տրամադրվածությամբ և ժպիտները դեմքերին կամավորները ճանապարհ ընկան:
Գրում է Արմինե Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում: