Loading...

Articles

Երբ հյուր են գնում կոշիկները

12:18, Sunday, 10 April, 2016
Երբ հյուր են գնում կոշիկները
    
     Հնում, շատ հնում, տատս է պատմել, մեր գյուղում ապրելիս եղել է մի մարդ, հարուստ, գոռոզ մի մարդ։ Գյուղի հարսանիքներին, երբ կանչում էին և թաղումներին, որ պիտի գնար առանց կանչելու, այդ մարդը ինքը չէր գնում, այլ ուղարկում էր իր․․․կոշիկները։ Այո, այո, կոշիկները՝ ինքը չէր գնում, ուղարկում էր իր կոշիկները։
     Գյուղացիք բարի ու անօգնական մարդիկ էին, այդ մարդը հարուստ էր և ուժեղ, և նրա կոշիկները տանում-դնում էին պատվավոր տեղ՝ հարս ու փեսային մոտիկ, կամ հանգուցյալի դագաղին մոտիկ։ Բայց եղավ մի օր, որ մեռավ նաև այդ մարդը, որը հարուստ էր ու չար (հարուստ ու չար մարդիկ էլ, լավ է, որ գոնե մեռնում են), մեռավ և նրա դագաղի մոտ՝ մեծ, լուսավոր հյուրասենյակում, մեկ-երկու ազգականի կողքին՝ հերթով, իրար հետևից եկան, շարվեցին գյուղի բոլոր․․․կոշիկները։
     Գյուղացիք բարի էին և անօգնական, բայց նրանց հոգին փխրուն էր, իսկ փխրուն հոգիների վերքը ուշ է սպիանում։ Այդ մարդը երեխա էլ չուներ, կին ուներ, որ ավելի վաղ էր մեռել, և նրա դագաղը դժվարությամբ կտրեցին գետնից, որովհետև կոշիկները պարզ է, ձեռքեր չունեն և այդ մեկ-երկու ազգականն էլ մի քանի րոպե տանելուց հետո դագաղը սայլին դրեցին, որովհետև անկարող էին մինչև գերեզմանատուն հասցնել, իսկ գյուղի կոշիկները բոլորն էլ տանը մնացին, որովհետև այդ կոշիկների տերերը մնացել էին իրենց տներում՝ առաջին անգամ խախտելով գյուղի սուրբ ավանդությունը: /Վ. Պ./
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4630 | 0 | 0
Facebook