…ԹԵ ԻՆՉՊԵՍ Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Որ Արարատը ձերն է ու ձերը. Անհեթեթ պատրա՜նք. Քարտեզն է ձերը, Քարտեզի վրա չափած-գծա՜ծը, Իսկ ինքը՝ լե´ռը... Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի Մերը՝ հոգի´ն է.... Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Հրաբխային ժայթքումները բնության ամենասարսափելի և ահեղ երևույթներից են: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ դարերով սնահավատորեն սարսափել են հրաբուխներից: Հրացայտ լեռները, որ լավայի հոսքեր, մահաբեր գազեր, մոխիր ու քար էին ժայթքում, դաժան կուռքեր էին դարձել: Մարդիկ զոհեր էին մատուցում, իսկ խառնարաններում թաղում էին զոհված մարտիկներին: Միլիոն տարի առաջ Հայկական լեռնաշխարհում հայտնված մարդը լսել է քարե հսկաների նվազող հառաչը: Երբեմնի հուրհրացող գագաթները երկար ու խոր քուն են մտել…. Երկար ժամանակ կարծում էին, որ հրաբուխները միայն կործանում ու մահ են բերում: Եվ միայն վերջերս գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ հրաբխային ոլորտի պայմաններում նույնպես կարող են առաջանալ և զարգանալ կյանքի առաջին մոլեկուլները: Հայաստանի ողջ բնությունը պատմում է նրա հրաբխային անցյալի մասին և պատահական չէ, որ 1959 թվականին հրաբխագետների առաջին համամիութենական խորհրդակցությունը անցկացվեց Երևանում: Եվ կարծես թե թանգարանի համար ավանդույթ դարձած այս տոնը նշվեց Թալինի ավագ դպրոցի աշակերտների հետ միասին՝ տնօրեն Հայկ Դիլանյանի գլխավորությամբ: Տեղանքի ընտրությունը պատահական չէր ընտրված. այս շրջանում է գտնվում Արտենի լեռնազանգվածը: Ծրագիրը սկսվեց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի բացման խոսքով: Ներկայացվեցին թանգարանի ամենահետաքրքիր նմուշները: Խոսվեց դրանց կարևորության ու կիրառության մասին: Եղան դիդակտիկ նյութեր, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղ «Ամենահետաքրքիրը լեռների մասին» թեմայով՝ թանգարանի էքսկուրսավար Անուշ Գրիգորյանի ղեկավարությամբ: Սեդա Ավագյանի կողմից տեղում աշակերտների հետ կազմակերպվեց նախօրոք մշակված փոքրիկ բեմականացում «Հայոց լեռների զրույցը» , ինչպես նաև ինտերակտիվ դասընթաց «Ինչ են պատմում հրաբուխները. oբսիդիանի կիրառությունն արդի ժամանակաշրջանում» թեմաներով: ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբան, ե.գ.թ. Սերգեյ Կարապետյանի կողմից համառոտ կերպով ներկայացվեց Հայաստանի հրաբխականությունը, և նշվեց, որ Հայաստանում հայտնի են 550-ից ավելի հրաբուխներ, որոնցից թթու՝ գրանիտային կազմի հրաբուխները 15-ն են: Այդ հրաբուխներից են Արտենին, Գութանասարը, Հատիսը, Սպիտակասարը, Գեղասարը, Բազենքը և ուրիշներ, որոնցից ըստ կառուցվածքի բարդությամբ արտավիժած նյութերի որակով լավագույնը համարվում է Արտենի հրաբուխը: Դրանց ժայթքման հետևանքով արտավիժել են օբսիդիան, պեռլիտ, պեմզա: Այսպիսով, նյութը մատուցվեց հնարավորինս մատչելի՝ համատեղելով օգտակարն ու հաճելին…. |