Մայիսի 23… հրաշալի և անմոռաց օր… հաճելի իրարանցում, անհանգիստ և հուզումնալից հայացքներ, սրտատրոփ սպասում… տոն, իսկապես տոն Նորակերտում:
Դպրոցի տնօրինությունը, ծնողներն ու աշակերտները հոգ էին տարել, որ առավել տպավորիչ ու հիշարժան կազմակերպվեր շրջանավարտների համար այդքան սպասված «Վերջին դասի» արարողությունը:
Մայիսի 23-ի առավոտյան շրջանավարտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` ծաղիկներ դնելով գյուղի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին: Նրանք, եռագույնը ծածանելով, հայրենասիրական երգեր երգելով, ծաղիկներով, դասղեկ Ն. Հովսեփյանի ուղեկցությամբ քայլեցին դեպի հարազատ կրթօջախ, որտեղ նրանց մեծ խանդավառությամբ սպասում էին ուսուցիչները, դպրոցականները և նրանցից ոչ պակաս հուզված ծնողները:
Դասն այդ լեցուն էր երախտագիտության, հրաժեշտի խոսքերով ու բարեմաղթանքներով: