Loading...

Articles

«Աշխատելու ընդունակ եմ, բայց էդ հնարավորությունը ամուսինս չի տալիս»

16:43, Wednesday, 30 April, 2014
     Մարտի 8-ը նշվում է որպես կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր: Խախտվում են կանանց գրեթե բոլոր տեսակի իրավունքները` բռնություն, գենդերային անհավասարություն, թրաֆիկինգ և այլն: Այս խնդրից անմասն չի մնացել Վանաձորը ևս:
     Կնոջ իրավունքների խախտման զոհ է դարձել վանաձորցի Նարինե Մատինյանը: Ամուսինն արգելում է, որ կինը որևէ աշխատանք կատարի, իսկ վերջինս էլ մեծ ցանկություն ունի աշխատելու: «Մեր տանը ամբողջ օրը վեճ է: Ես ուզում եմ աշխատել, իսկ ամուսինս թույլ չի տալիս» -ասում է Նարինե Մատինյանը:
     Նրանք որևէ սոցիալական խնդիր չունեն և ինչպես նշում է Նարինեն. «Ես ուզում եմ աշխատել զբաղվելու, մարդկանց հետ շփվելու համար: Ամուսինս պատճառաբանում է ասելով, որ եթե աշխատես չես հասցնի տանը գործ անես, երեխեքի դասերը սովորացնես»:
     Նարինեն համոզված է, որ կհամատեղի և՛ աշխատանքը, և՛ ընտանիքը, ու մյուս կողմից էլ եկամուտը ավելի շատ կլինի: «Ընտանիքիս մյուս անդամները շատ են ասել ամուսնուս, բայց ինքը մտքափոխ չի լինում: Ես էլ շատ եմ նեղվում, աշխատելու ընդունակ եմ, բայց էդ հնարավորությունը ամուսինս չի տալիս» -ասում է Նարինեն:
     Նմանատիպ իրավունքների խախտման կանխարգելմամբ զբաղվում են Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններ:
     «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կայքում նշված է, որ ազգային թեժ գիծ ծառայությունը 2014թ. հունվար և փետրվար ամիսների ընթացքում արձանագրել է 220 զանգ, որից 177-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր` 73-ը՝ առաջնային և 104-ը՝ կրկնվող: 73 առաջնային զանգից 60-ը կապված են եղել հոգեբանական, 11 զանգը` ֆիզիկական և 2-ը` սեռական բռնության հետ: Թեժ գիծ ծառայությունը 269 զանգ է ստացել ՀՀ մարզերից:
     Կայքը նաև հավելում է, որ շատ հաճախ հեռախոսային խորհրդատվությունը բավարար չի լինում ընտանեկան բռնության ենթարկված կանանց օգնություն ցուցաբերելու համար, այդ իսկ պատճառով կին շահառուներն ու նրանց երեխաները հրավիրվում են ճգնաժամային կենտրոն, որտեղ նրանց տրամադրվում է հոգեբանականկամ իրավաբանական խորհրդատվություն: Այս ամենից զատ իրականացվում են նաև կանանց աջակցման խմբեր:
     Կան թրաֆիկինգի ենթարկված, առողջական, սոցիալական և այլ խնդիրներ ունեցող կանայք կամ ընտանիքներ, որոնցով անմիջականորեն զբաղվում է Լոռու մարզի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Այստեղ դիմողներին տարաբնույթ խնդիրների հետ կապված տարբեր ծառայություններ են առաջարկվում: Օրինակ՝ թրաֆիկինգի դեպքում տրամադրվում է հոգեբանական աջակցություն, փաստաթղթերի վերականգնում: Բարդ իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցություն են ցուցաբերում, իրականացնում` սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և այլն:
     Մատուցվող ծառայությունները կարող են նպաստել վերականգնելու կանանց ոտնահարված իրավունքները, եթե վերջիններս մեծ պատրաստակամություն հայտնեն: «Ամեն ինչ կախված է անձից, եթե ուզում է ստանալ աջակցություն, ապա
     հասնում է նպատակի», - հավաստիացնում է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Դավթյանը:
     Կենտրոնը ամեն կերպ ջանում է և կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում իրավունքների խաթարման թիվը նվազեցնելու համար: Այդ նպատակովէլ հանդիպումներ է ունենում ցերեկային կենտրոնների շահառուների հետ և անհրաժեշտության դեպքում էլ մասնակցում խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովների նիստերին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5308 | 0 | 0
Facebook