Loading...

Articles

Գործազրկությունը նպաստում է արտագաղթին

16:27, Wednesday, 30 April, 2014
     Բազմաթիվ հայեր են մեկնում արտասահման՝ լավ աշխատանք ունենալու ակնկալիքով: Շուրջ 10 տարի ՌԴ-ում ապրող դաշնակահար Աիդա Կոստանդյանը համոզված է՝ միշտ չէ, որ նրանք հասնում են հաջողության. «Չքավորություն է տիրում նաև արտերկրում, դրա համար էլ էմիգրանտներին աշխատանքի չեն ընդունում: Գործատուները սիրում են ստրուկի պես աշխատացնեն և շատ ժամանակ էլ ամիսներով չվճարեն: Մարդիկ գնում են արտերկիր՝ մտածելով, որ այնտեղ լավ կապրեն ու ամեն ինչ հեշտ կմատուցվի: Սակայն այդ ամենն իրենց համար երազանք է դառնում»:
    
    
Այնուամենայնիվ իրենց «երազանքի» հետևից մեկնողների թիվը տարեցտարի աճում է: Նմանատիպ մարդկանցով լեցուն ավտոբուսներ, որոնք մեկնում են Ռուսաստանի Դաշնություն` Ռոստով, Սոչի, Ուֆա, Վորոնեժ և այլ քաղաքներ, գրեթե ամեն օր կարելի է տեսնել նաև Վանաձորի տարբեր փողոցներում:

    
«Մարդիկ հիմնականում գնում են ամառվա ընթացքում», - ասում է ավտոբուսի տոմսեր վաճառող ընկերության աշխատակիցներից Մարիամ Նազարյանը: Մեկ այլ ընկերության աշխատակից` Սուսաննա Եղշատյանը հավելեց. «Մեկնում են նաև դեկտեմբերից հետո: Այնպես է լինում, որ օրական 2, նույնիսկ 4 անգամ ավտոբուսները հեռանում են արտերկիր»:

    
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2013թ. առաջին 8 ամիսներին միայն օդային ճանապարհով ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -42, 286 մարդ: Իսկ օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը 2013թ. հունվար-հունիսին մնում է բացասական 32, 5 հազարով, նախորդ տարվա 50.000-ի համեմատ:
Վանաձորի փողոցներում արված հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց ստվար մասը ճիշտ է համարում այն փաստը, որ անհատը գործազուրկ լինելու պատճառով լքում է հայրենիքը, իսկ մյուս մասը դեմ է դրան: Օրինակ՝ Լոռու մարզպետարանի աշխատակից Սամվել Գրիգորյանը կողմ է, քանի որ. «Տիրում է գործազրկություն և ծանր տնտեսական վիճակ»: Իսկ ինժեներ-շինարար Աշոտ Կռոյանը համաձայն չէ. «Իրենց բախտի հետ խաղ են անում»:

    
Արտագաղթի թիվը հնարավորինս նվազեցնելու համար պետության կողմից ձեռնարկվում են կանխարգելիչ քայլեր: Վանաձորի Զբաղվածության մարզային կենտրոնը անցկացնում է դասընթացներ գործազուրկների համար: «Բոլոր նախագծերը կատարվում են՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով», - ասաց կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:

     Աշխատանք փնտրողների ընտրությունը իրականացվում է բազայից` հաշվառման միջոցով: Կարճաժամկետ մասնագիտական ուսուցման դասընթացները սահմանվում են 1-3 ամիս ժամանակահատվածով՝ նայած մասնագիտության ընտրությունից:
    
     2013թ. ընթացքում զբաղվածության կենտրոնը իրականացրել է 3 մասնագիտական ուսուցման ծրագիր` համակարգչային դիզայն, սղոցավար և վարսահարդարում մասնագիտական գծերով: Ուսուցումը կատարվում է աշխատաշուկայի թափուր աշխատատեղերի առկայության դեպքում: Պահանջարկի ժամանակ հայտ է ներկայացվում զբաղվածության պետական ծառայության գործակալություն: Այնուհետև գործատուն մասնակցում է գնումներին և շահում տվյալ ուսուցումը իրականացնելու իրավունքը:
    
    
«Այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք 15, իսկ մինչև տարեվերջ` 45-50 աշխատանք փնտրողների մասնագիտական ուսուցման ծրագրեր», - հայտնեց Արա Առաքելյանը:

    
Զբաղվածության կենտրոնը նաև ձեռնամուխ է լինում սատարելու հաշմանդամ գործազուրկներին: Այդ ծրագիրը գտնվում է նախապատրաստական փուլում, ըստ որի կստեղծվի մի կազմակերպություն, որտեղ աշխատանքի մեջ կներգրավեն հաշմանդամները. «Մենք պետք է մասնակցենք հաշմանդամներին մասնագիտական ուսուցման ծրագրում ներգրավելու, ուսուցում կազմակերպելու և միաժամանակ աշխատավարձի փոխհատուցում իրականացնելու ծրագրերով», - նշեց Արա Առաքելյանը:

    
Մասնագիտական ուսուցում անցած, ծրագրերին մասնակցած աշխատանք փնտրողների մոտավորապես 75-80%-ը տեղավորվել են աշխատանքի: Ընդհանուր ուսուցումը կատարվում է անվճար համակարգով:

    
Արա Առաքելյանը հորդորում և փոխադարձ օգնություն է առաջարկում գործատուներին. «Եթե ունեք թափուր աշխատատեղեր և հնարավորություն չունեք այդ աշխատատեղերը լրացնելու համապատասխան մասնագետներով, ապա մենք կարող ենք օգնել ձեզ: Մեր պետական բյուջեի ֆինանսական միջոցների հաշվին կիրականացնենք մասնագիտական ուսուցման ծրագրեր և աշխատանք փնտրողներին կուղղորդենք, որպեսզի լրացնեն իրենց թափուր աշխատատեղերը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4936 | 0 | 0
Facebook