Loading...

Articles

ԵՍ ՄՏԱՎՈՐԱԿԱ՞Ն ԵՄ

18:50, Tuesday, 27 November, 2012
ԵՍ ՄՏԱՎՈՐԱԿԱ՞Ն ԵՄ

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԵՍ ՄՏԱՎՈՐԱԿԱ՞Ն ԵՄ…

Մի քանի օր առաջ գրչակից բարեկամներիցս մեկը հիշեց ռուսական մշակույթի ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Դմիտրի Լիխաչովի մասին: Անմիջապես մտաբերեցի նրա շատ հայտնի հոդվածը մտավորականության մասին, որը տպագրվել էր 1980-ականների սկզբներին:, , Կրթվածությունը չի կարելի խառնել մտավորական կեցվածքին: Կրթվածությունն ապրում է հին բովանդակությամբ, մտավորականությունը՝ նորի ստեղծմամբ, և հնի՝ իբրև նորի, գիտակցությամբ: Ավելին... Զրկեք մարդուն նրա բոլոր գիտելիքներից, կրթվածությունից, զրկեք նրան բուն հիշողությունից, բայց եթե այս ամենից հետո նա կպահպանի ինտելեկտուալ արժեքների ընկալումը, գիտելիքի ձեռքբերման հանդեպ սերը, հետաքրքրությունը պատմության հանդեպ, արվեստի ճաշակը, անցյալի մշակույթի նկատմամբ հարգանքը, դաստիարակված մարդու հատկանիշները, բարոյական հարցերի լուծման հանդեպ ունեցած պատասխանատվությունը, իր լեզվի գեղեցկությունն ու ճշգրտությունը՝ գրավոր և բանավոր, ուրեմն հենց դա էլ կկոչվի մտավորականի կեցվածք, , : Ինձ համար դժվար էր թարգմանել ռուսերեն интеллигентность բառը՝ հայերենում չգտնելով բարեհունչ համարժեքը: Այդ պատճառով էլ դիմեցի մտավորականի կեցվածք ձևին: Ի վերջո, այնքան էլ կարևոր չեմ համարում ձևը, կարևորը բովանդակությունն է: Լինել մտավորական... Ցավոք, ինչպես Լիխաչովն է նշել, տասնամյակներ, կամ գուցե հարյուրամյակներ, շարունակ մենք մտավորական հասկացության տակ տեսել ենք կրթված կամ մտավոր աշխատանք կատարող մարդուն միայն, մոռանալով, որ մտավորականն առաջին հերթին մշակույթի կրողն է՝ անկախ կրթական մակարդակից, ազգային պատկանելությունից: Այն մշակույթի, որը չի պարփակվում միայն գեղարվեստական ստեղծագործության շրջագծերում և վերածվում է առավել համապարփակ հասկացության: Իսկ այս համապարփակ հասկացությունը տակավին չկա, որովհետև ինչպես խորհրդային իշխանության ժամանակներում, այնպես էլ հիմա, բացակայում է մշակույթի և մշակութային զարգացման հայեցակարգը: Շատ-շատերը մշակույթ ասելով հասկանում են երևույթների մի նեղլիկ շրջանակ լոկ՝ թատրոն, թանգարաններ, երաժշտություն, գրականություն, կինո՝ շատ հաճախ մշակույթի շրջագծից դուրս թողնելով գիտությունը, կրթությունը... Իսկ մշակույթը ամբողջական երևույթ է, որը որոշակի տարածության մեջ ապրող մարդուն սովորական բնակչությունից վերածում է ազգի ու ժողովրդի: Մշակույթ հասկացության մեջ մշտապես պիտի ընդգրկել կրոնը, գիտությունը, կրթությունը, մարդկանց ու պետության վարվեցողության և բարոյականության չափորոշիչները: Մշակույթի համնակողմանի ընկալման և կարևորման գործառույթն էլ ի սկզբանե դրված է մտավորականի վրա: Մտավորականության վրա: Հետևաբար, մեր շատ ու շատ շեղումներ ու աղավաղումներ ծնունդ են առնում այն պատճառով, որ լինելով կրթված ու կարդացած մարդիկ, մենք շատ հաճախ չենք դառնում մտավորական, չենք կրում այն առաքելությունը, որը սահմանված է մտավորականի համար:

Օրերս մի խումբ երիտասարդներ, ովքեր իրենց ազգային մշակույթի կրող ու պահապան են հռչակել, բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով մարզեր վերադարձնել այն մի քանի տասնյակ ճարտարապետական փոքր ստեղծագործությունները, որոնք հավաքվել էին տարբեր վայրերից և բերվել Երևան, պատմության թանգարանի բակ: Հավաքվել էին ինչ-որ հասարակական կազմակերպության անդամներ, լրագրողներ, պահի մեջ հերոսացել ու հայրենասեր էին դարձել բողոքող երիտասարդները, որոնք, ի զարմանս ինձ, պայքարում էին հանուն մարզերի զարգացման, հանուն այն բանի, որ չխաթարվի մշակութային զբոսաշրջության համաչափությունը, որ ճարտարապետական կոթողներից ու հուշարձաններից պոկված, քայքայված բեկորները չկորցնեն իրենց մշակութային նշանակությունը: Երիտասարդների թիկունքում, , պահվել, , էր ճերմակ մազերով մի մարդ, ով աշխատում էր խույս տալ նկարահանող խցիկներից՝ միևյուն ժամանակ հուշելով բողոքողներին, որ ինքը ջատագովում է նրանց: Ճանաչեցի՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահն էր, մարդ, ում աչքի առջև ամեն օր աղավաղվում է Երևանը, պատմական ու մշակութային արժեք ներկայացնող շատ քաղաքային բնակավայրեր կորցնում են իրենց նախնական գրավչությունը, ով այսօր ելել է այն բանի դեմ, որ մարդիկ ցանկանում են, , Համազգային, , թատրոնի համար շենք կառուցել՝ օգտագործելով մի տարածք, որը նույնպես ավերակույտի է վերածվել, որտեղ հառնում է մայրաքաղաքի բացօթյա սրճարաններից մեկը՝ խլելով ահռելի չափաբաժին հանրային հորջորջվող տարածքից... Այս մարդն ու նրա շատ գործընկերներ հաճույքով նախագծեցին սրճարաններ Օղակաձև զբոսայգում, նրանք լռություն պահպանեցին, երբ օպերայի և բալետի թատրոնին մերձ պուրակն ամբողջապես ծառազրկվեց՝ տարածքը պատելով սրճարանների լաբիրինթոսով, Ճարտարապետների միության նախագահն ու նրա համախոհները նաև լռություն պահպանեցին, երբ վաճառվեց Կառավարության երկրորդ մասնաշենքը, ուր տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը: Դա նրանք ճարտարապետական արժեք ու հուշարձան չկոչեցին, ինքնաբավ հայտարարություն արեցին, թե կարևորն այն է, որ պահպանվում է շենքի արտաքին տեսքը: Երևի պետք չէր բազմաթիվ տիտղոսներ ունեցող այս մարդկանց բացատրելու, որ ճարտարապետական լուծումը միայն արտաքին տեսքին չի վերաբերում, որ ներսույթներն ու դրսույթները մտնում են համակառույցի մեջ, ձևավորում ճարտարապետական մտահղացման առանձնակիությունը... Այս մարդիկ, բնականաբար, իրենց մտավորական են կոչում: Եվ, գուցե այդ կոչումը մեկ անգամ ևս զրնգուն դարձնելու համար էլ՝ գողունի աջակցում են այն երիտասարդներին, ովքեր այսօր պայքարում են մայրաքաղաք բերված բեկորների համար: Կառավարության համապատասխան որոշումը միանշանակ չընդունվեց, ոմանք զայրացան ու բորբոքվեցին, իրենց մտավորական կոչեցին ու սկսեցին աղմկել: Աղմկեցին այն բանի համար, որ փրկվում են բազմաթիվ բեկորներ ոչնչացումից, արժեզրկումից, որ ցեխի ու քարերի մեջ նետված, ոչնչացման դատապարտված խոյակներ ու խաչքարերի բեկորներ այսօր ոմանք կամենում են փրկել, վերականգնել, ցուցադրել մայրաքաղաքում՝ նրանց հանդեպ հետաքրքրություն ձևավորելով: Ստացվում է, որոշ մտավորականներ կողմ են այն բանին, որպեսզի անուշադրության և անհոգության պայմաններում ոչնչանան շատ արժեքներ, կորցնեն իրենց պատմական և մշակութաբանական նշանակությունը, վերածվեն ամենասովորական քարակտորների… Արդյո՞ք սա մտավորականի պահվածք ու մտածողություն է, արդյո՞ք հենց նման մարդիկ իրավունք ունեն ասելու՝ ես մտավորական եմ, երբ նրանց համար կարևոր են դառնում ինչ-որ շարժումներ ու նախաձեռնություններ, որոնք չեն անցնում հանրային պոպուլիզմի սահմաններից, որոնք, հավանաբար, ֆինանսավորվում են ինչ-որ կազմակերպությունների կողմից… Բայց նույն այս մտավորականները ոտքի չկանգնեցին, իրենց ձայնը չբարձրացրեցին այն ժամանակ, երբ Գյումրիից Երևան բերվեցին Մինաս Ավետիսյանի որմնանկարները, նրանք որևէ նախաձեռնությամբ հանդես չեկան այն ժամանակ, երբ այդ նույն որմնանկարները երկու տասնամյակից ավելի մատնվում էին կորստի ու ոչնչացման: Ազգային մշակույթի հանդեպ անտարբեր ու հայեցողական վերաբերմունքը խոսում է լոկ այն մասին, որ շատերի մեջ, , մտավորականն, , արթնանում է միայն այն ժամանակ, երբ առկա է դառնում, , սոցիալական պատվերը, , …, , Սոցիալական պատվերի, , անունից գործելը դարձել է շատերի համար զբաղմունք ու հոգեբանություն, դարձել է կեցվածք: Ու ցավ եմ ապրում, երբ ամեն անգամ նմաններն են հայտնվում հանրության առջև, ճամարտակում ու բողոքում, ինչ-որ մտքեր արտահայտում՝ այսպես պահվելով մտավորականի թիկնոցի ծալքերի տակ՝ ճշմարիտ մտավորականությունը դարձնելով կրավորական ու վարկաբեկված: Մեր աչքերի առջև տասնամյակներ շարունակ ոչնչացման էին դատապարտված Հաղպատի ու Սանահինի վանքերը, հրաշալի Վահրամաբերդը, որը Բագրատունյաց փառքի վերջին վկայություններից մեկն է, ցանցապատվել է ինչ-որ մեկի կողմից, ով սեփականաշնորհել է այս տարածքը և վերածվել աստիճանաբար փլուզվող-ավերվող մի կառույցի, մոտ 500 վանք ու տաճար, որոնք դիմակայել են դարերին ու ավերումներին՝ այսօր բարձիթողի վիճակում են, մոռացության ու անտերունչության մատնված: Մեր մտավորականությունը լռում է, մեր մտավորականությունն այդ տաճարների մոտ չի կազմակերպում իր բողոքի դրսևորումները, մեր մտավորականությունը լուռ ու անտարբեր է անցնում դրանց կողքով՝ հավանաբար չուզենալով ձայն բարձրացնել այնտեղ, որտեղ չեն վճարում տարբեր, , գրանտատու, , կազմակերպությունները… Մեր մտավորականությունն անտարբեր ու անհոգ է անցնում Դերենիկ Դեմիրճյանի հուշատան կողքով, որի մուտքը շրջափակված է բազմաթիվ աղբամաններով, որի սենյակների հատակը ճոճվում է այցելուների ոտքերի տակ, իսկ պատերի խունացածությունից միայն հիասթափություն է ծնվում: Նշանավոր գրողի տունը որևէ մտավորականի չի հետաքրքրում, այլ արժեքներ ևս չեն հետաքրքրում… Մեր մտավորականությունը ծափ է զարկում ամեն մի ապազգային նախաձեռնության առջև, , , հորթի հրճվանքով, , ու ոգևորությամբ բարեբանում նրանց, ովքեր օրավուր և ծրագրավորված Գաֆեսճյան կենտրոնից դուրս են մղում ամեն մի ազգային՝ անգամ շրջափակելով Գրիգոր Խանջյանի նշանավոր, , Վարդանանքը, , , որն այսօր մեզ ու Հայաստան եկող շատ արվեստասերների համար անմերձենալի ու անհասանելի է դարձել… Իսկ մենք կռիվ ենք տալիս Երևան բերված բեկորների համար՝ չհիշելով, որ տասնամյակներ շարունակ դրանք մեր անտարբերության լուռ ու խռոված վկայություններն են դարձել: Անցել ենք դրանց կողքով ու չենք նկատել… Հիմա կառավարությունը որոշել է դրանք Երևան բերել ու փրկել, փրկել ու պահել մինչև 2016 թվականը: Իհարկե, այս որոշման մեջ բացակայում է մտավորականի գործոնը, բացակայում են շատ հանգամանքներ: Բայց մեր մտավորականությունը դարձյալ պահ է մտել, դարձյալ չի կամենում լուրջ ու համակողմանի խոսակցություն ծավալել, պետական այրերին հասկացնել, որ վերականգնումից հետո դրանք պետք է վերադարձնել այնտեղ, որտեղից բերվել են, որովհետև ազգային պատկերասրահը կամ պատմության թանգարանը Լուվր չեն, որովհետև իսկական մտավորականի մտահգությունը պետք է լինի այն, որ մարզերը չթալանվեն ու չաղքատանան, որպեսզի չհաղթի գեղցու հոգեբանությունը՝ Երևանը վերածելով դեգեներատ մի մարմնի…

Ազգային գիտությունը, որը, ինչպես նշեցինք, նույնպես մշակույթի բաղկացուցիչներից է, այսօր իր լավ օրերը չի ապրում: Ակադեմիական գիտությունը երբեմն դառնում է ինքնաբավ ու ինքնապարփակ, որովհետև մինչև հիմա մշակված չեն գիտության հայեցակարգն ու զարգացման հիմնադրույթները, որովհետև գիտությունը չի դիտարկվում իբրև ռազմավարական առաջնահերթություն: Թվում էր, որ իրենց մտավորական կոչողները, շատ հաճախ ամբիոններից ու հեռուստաեթերից մտավորևականության անունից խոսողները պիտի բանավեճ ու քննարկում ծավալած լինեին, պիտի ստիպեին պետական այրերին մտահոգվել գիտության խնդիրներով, հրամայական դարձնեին պայքարը գիտության կարևորման համար: Հայաստանից հեռանում են շատ գիտնականներ, գիտությունից հեռանում են շատ շնորհալի երիտասարդներ, որովհետև գիտնականի հանդեպ ձևավորվել է գրեթե պետական մակարդակի հասցված քամահրանք, որովհետև մեր շատ չինովնիկների համար առավել կարևոր են օրավուր փոփոխվող ծառայողական մեքենաները՝ իրենց շլացուցիչ գներով, քան՝ գիտնականի վաստակը, որը գնահատվում է 50-60 հազար դրամով… Ու՞ր եք, հայրենի մտավորականներ, ինչու՞ չեք ելնում այս ամենի դեմ, ինչու՞ ձեր կիրքն ու ուժը չեք ծախսում այս խնդրի շրջանակներում, ինչու՞ բողոքի ու ցասման ձայն չեք բարձրացնում այնտեղ, որտեղ այդ ձայնն ու ցասումն անհրաժեշտ են… Այդ ամենի փոխարեն՝ օրոր-շորոր եք գալիս իշխանությունների առջև, հալվում-աննյութանում այն ժամանակ, երբ ձեզ մեդալ ու կոչում են տալիս՝ այսպես իբրև թե ցույց տալով իրենց սերն ու հարգանքը ձեր հանդեպ, հոգատարությունը: Ստալինը պարգևներ էր տալիս, սեփական անձի փառաբանումն առաջնային դարձնելով՝ իր անվամբ մրցանակներ շնորհում՝ այդ մրցանակակիրներից շատերին հաջորդ իսկ օրը գնդակահարելով կամ անտեղի ապաշավանքի քշելով սիբիրյան ԳՈՒԼԱԳ-ներ… Հիմա դատապարտում ենք այդ ամենը՝ չնկատելով ու չտեսնելով, որ մենք էլ հայտնվում ենք նույն այդ որոգայթների մեջ, որովհետև վաղուց, շատ վաղուց մտավորականի փոխարեն վերածվել ենք սովորական կրթված մարդկանց… Ոչ ոք չի հանդգնում բարձրաձայն ու անկեղծ խոսակցություն վարել իշխանությունների հետ, մատնացույց անել մշակութային այն երևույթները, որոնք այսօր ճշմարիտ ու համակողմանի հոգածության կարիքն են զգում:

Եթե ճշմարիտ մտավորականները շատ լինեին մեզանում, ապա խոսակցություն ծավալած կլինեին մեր մարզերում ձևավորված մշակութային ու գիտական աղքատության, այն ավերումների մասին, որոնք գործվում են ամեն օր ու ամեն ժամ: Կխոսեին այնպիսի կարևորագույն մշակութային երևույթի մասին, ինչպիսին թատրոնն է: Խորհրդային տարիներին իշխանությունները բոլոր նախկին շրջանները լցրեցին թատրոններով՝ այսպես ցանկանալով գաղափարախոսական աշխատանքի մեջ ներգրավել նաև թատրոնը: Հատկապես շրջան կոչվածներում ունեցանք լավ թատրոններ, ինքնատիպ թատերախմբեր: Հենց այս թատրոններում արմատավորվեցին ազգային դերասանական արվեստի ավանդույթները, այդ թատրոններն ահռելի դեր կատարեցին, նախապատրաստեցին հանդիսատեսին, նրան կապեցին ճշմարիտ արվեստային իրողություններին: Այսօր նախկին շրջանային կոչված թատրոնները մեր հայացքի ներքո փլուզվում-ավերվում, գրեթե ոչնչանում են: մենք գրեթե կորցրել ենք Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը, որը կարող էր հրաշալի փորձարան դառնալ թատերական երիտասարդության համար, մանավանդ որ հեռու չէ Երևանից: բայց այս թատրոնում անտարբերությունը դարձել է Գլխավոր դերակատար: Նույն վիճակն է տիրում նաև Կապանի թատրոնում, որի հանդեպ պետական ուշադրություն է պետք, քանզի այս թատրոնն իրապես ունի ռազմավարական նշանակություն: Բայց իշխանությունները նայում են մատների արանքով, իսկ մտավորականություն էլ չկա, որ ձայն բարձրացնի: Մտավորականություն չկա, որ ձայն բարձրացնի Գավառի թատրոնի համար, որը չգոյության է դատապարտվել, որի մասին ոչ ոք չի հիշում: Ու՞ր եք, ազգիս մեծախոս մտավորականներ, որտե՞ղ եք հանճարի թիկնոցի տակ պատսպարվածներ, ձայն բարձրացրեք, խոսակցություն բացեք ոչնչացող մշակութային արժեքի համար, թմբուկ զարկեք, որ արձագանքը սար ու ձոր ընկնի…

Ես մտավորակա՞ն եմ՝ հաճախ հարցնում եմ ինքս ինձ: Պատասխանը գտնելու համար՝ սկսում եմ ինքնամխիթարանքի բառեր շշնջալ, սկսում եմ արդարացումներ փնտրել: Ինձ նման՝ երևի շատերն են ինքնամխիթարվում ու հանգիստ քնում՝ մտածելով, թե մտավոր աշխատանք կատարելն արդեն բավարար է մտավորական կոչվելու համար: Բավարար չէ, զրոյի է հավասար, երբ բացակայում է մտավորականի կեցվածքը, այն, ինչը ռուսերենով կոչվում է интеллигентность


    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4841 | 1 | 0
Facebook