Աղվան Պողոսյան Երիտասարդների Հկ-ի նախագահի հարցազրույցը
18:07, Friday, 27 December, 2013
-Կպատմե՞ք Ձեր գործունեության մասին: - «Երիտասարդների կողքին» հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվեց 2012թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ բազմիցս ունեցել եմ նման մտադրություն, սակայն կայացման համար անհրաժեշտ էին մի շարք նախադրյալներ: Կարևորագույն խթաններից էր հատկապես երիտասարդների խնդիրներով զբաղվող կառույցների ոչ բավարար պատրաստակամությունը՝ աջակցելու երիտասարդների առջև ծառացած խնդիրների լուծմանը: Սկզբնական շրջանում, ինչպես սովորաբար լինում է, հադիպեցինք որոշակի դժվարությունների: Առաջին խնդիրը կայուն և վճռական թիմ ունենալն էր, ինչը մեծ ջանքեր էր պահանջում: -Իսկ ո՞րն է կազմակերպության նպատակը և առաքելությունը: -Նպատակը երիտասարդների համախմբումն է, նրանց առջև ծառացած խնդիրների, խոչընդոտների համար ուղիներ որոնելը, ինչին, կարող եմ ասել, որոշ չափով օգտակար եղանք և շարունակում ենք ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: -Ի՞նչ դեր ունի կամ կարող է ունենալ երիտասարդությունը ներկայիս հասարակական-քաղաքական կյանքում: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և որքանո՞վ է դա հակասում երիտասարդների շահերին։ -Եթե տեղի ունենա առողջ սերնդափոխություն, տրվի հնարավորություն, իհարկե, կարող է մեծ դեր ունենալ: Ներկայիս հասարակության մեջ, ուր, ցավոք, խաբեությունների հաղթարշավ է, մնում է միայն հույսը դնել սեփական ուժերի վրա: Դա այն դեպքում, երբ երիտասարդների առաջնային խնդիրը պետք է լինի մասնագիտություն ձեռք բերելը և կայանալը այս կամ այն բնագավառում: Սակայն, կարող եք ինքներդ դատել, թե որքանով է դա հնարավոր արտագաղթի, ինչպես նաև ուսման վարձերի և հասարակական տրանսպորտի թանկացման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և «ի շահ» ժողովրդի արվող բարեփոխումների, կառավարության որդեգրած գրպանահատ քաղաքականության պայմաններում: -Փաստորեն նույնիսկ այս պայմաններում Դուք վճռական եք տրամադրված ու հավատում եք, որ փոփոխություններ կլինեն։ -Բնականաբար, եթե չհավատայինք, ի սկզբանե չէինք զբաղվի այս խնդիրներով։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման նման համակարգը արդյունավետ չէ և երկար չի կարող գոյություն ունենալ, և որքան էլ մենք զբաղվենք հասարակական ու երիտասարդության խնդիրներով, որպես ՀՀ քաղաքացի չենք կարող զերծ մնալ քաղաքականությունից։ Փորձում ենք և փորձելու ենք մեր ուժերի չափով նպաստել մեր երկրում երիտասարդների խնդիրների շուտափույթ լուծմանը։ -Քանի որ շուտով ամանոր է, Ձեր և Ձեր կազմակերպության անունից ի՞նչ կմաղթեիք հայ երիտասարդներին։ -Կմաղթեմ, որ երբեք չհանձնվեն ու չհիասթափվեն առկա դժվարություններից, հավատան սեփական ուժերին ու կարողություններին, զբաղվեն ինքնակրթությամբ ու սեփական գիտելիքների, մասնագիտական ունակությունների կատարելագործմամբ։ Այդ դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում, տաշած քարը գետնին չի մնա։ |
Like
0
Dislike
0
4631 | 0 | 0 | 0