ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանում կրթական համակարգի թվայնացման և զարգացման համար
Երևան, Հայաստան - Մարտի 10-ին Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև: Համագործակցության հուշագիրն ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը (ստորագրվել է փոխնախարարի կողմից), Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: «Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր են ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար: Եվ մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ և մշակել աշխատանքային պլան՝ ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի ինտեգրման համար, ինչպես նաև ապահովել համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մենք կարևորում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում, կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ», - ստորագրման արարողությունից հետո նշել է SADA-ի Նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։ SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, Google-ի որակավորման պայմաններին համապատասխան: SADA-ի մասին SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ |