Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկիրը բանվորների ու գյուղացիների արյամբ ողողածի սպանությունը

19:06, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Երկիրը բանվորների ու գյուղացիների արյամբ ողողածի սպանությունը

1911 թվականի սեպտեմբերի 18-ին հրազենային վիրավորումից մահացել է ցարական Ռուսաստանի Նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինը: Մահվանից չորս օր առաջ նա Կիևի օպերային թատրոնում ներկա է եղել «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ներկայացման առաջնախաղին: Ներկայացումը դիտելու համար Պետերբուրգից Կիև էին ժամանել Նիկոլայ 2-րդ կայսրը, նրա ընտանիքի անդամներն ու արքունիքի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Քաղաքի Թատերական հրապարակում և հարակից փողոցներում ոստիկանական ուժեղացված պահակախմբեր են տեղաբաշխվել, իսկ թատրոնի արտաքին դռների մոտ հերթապահել են ոստիկանական աստիճանավորները: Ըստ Կիևի նահանգապետ Ալեքսեյ Գիրսի՝ ներկայացման նախորդ օրը քաղաքի պահնորդական բաժանմունքի պետ Նիկոլայ Կուլյաբկոն իրեն տեղեկացրել է, թե «գիշերը Կիև է ժամանել մի կին, որին հանձնարաված է ահաբեկչական գործողություն կատարել Կիևում. զոհը, ինչպես երևում է, Նախարարների խորհրդի նախագահն է, բայց չի բացառվում նաև արքայասպանության փորձը»:

Ստոլիպինը նախազգուշացվել է հավանական մահափորձի մասին, իսկ Կուլյաբկոն նահանգապետին խոստացել է, թե «տիրակալի ու նախարարների կողքին նա ամբողջ ընթացքում կունենա ահաբեկչուհուն դեմքով ճանաչող իր գործակալ-իրազեկչին»:

Ներկայացման երկրորդ գործողությանը նախորդող ընդմիջմանն այդ գործակալը՝ Կիևի պահնորդական բաժանմունքի իրազեկիչ Դմիտրի Բոգրովը, մոտեցել է առաջին շարքում նստած Ստոլոպինին և «Բրաունինգ» ատրճանակով երկու անգամ դիմահար կրակել է: Համաձայն Կիևի նահանգապետի վերհուշի՝ «Ստոլիպինին ակնթարթային մահից փրկել է Սբ. Վլադիմիրի խաչը, որին դիպել է գնդակը և փոխել է ուղղությունը՝ խորանալով նրա մարմնի մեջ սրտից փոքր հեռավորությամբ: Բայց հենց այդ գնդակը ծակել է Ստոլիպինի կրծքավանդակը, թոքամիզը, ստոծանին ու լյարդը: Մյուս գնդակն ամբողջովին ծակել էր ձախ ձեռնաթաթը»: Վիրավորվելուց հետո Ստոլիպինը խաչակնքել է Նիկոլայ 2-րդին ու հստակ, իրենից ոչ հեռու գտնվողներին լսելի ձայնով ասել է. «Երջանիկ եմ, որ մեռնում եմ ցարի համար»:

Ոչ մի քաղաքական կազմակերպություն չի ստանձնել սպանության պատասխանատվությունը, բայց հետազողների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ Բոգրովը գործել է էսեռների հանձնարարությամբ: Հետագայում Բոգրովի եղբայր Վլադիմիրը մի գիրք է հրատարակել, որում պնդել է, թե Ստոլիպինին սպանողը միայնակ ահաբեկիչ է եղել, որը որոշել է վրեժ լուծել Ռուսաստանի կառավարության այս ղեկավարից այն բանի համար, որ «պատժիչ արշավներն ամբողջ երկիրը բանվորների ու գյուղացիների արյամբ են ողողել»:

Փարիզում գտնվող ռուս քաղաքական վտարանդիներից մեկը, տեղեկանալով մահափորձի մասին, Իրկուտսկ աքսորված իր հեղափոխական ընկերոջը գրել է.

«Մենք իմացանք Ստոլիպինին սպանելու փորձի մասին…Հասարակությունը սաստիկ ալեկոծվեց. Էսեռները փակեցին իրենց ընթերցասրահը…փակցվեց մի մեծ պաստառ ուրախալի իրադարձության մասին տեղեկատվությամբ: Ստոլիպինի ապաքինման մասին խոսակցությունը ստիպեց տեղական արհմիություններից մեկի թերթին իր հոդվածն այսպես վերնագրել. «Դժբախտություն. Ստոլիպինը, կարծես թե, նորից չի սատկում…»:

Ստոլիպինի մահը շատ լավ տպավորություն է թողել բոլորի վրա, չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե Բոգրովը գործել է առանց որևէ կուսակցական կազմակերպության հանձնարարության:

Մահափորձի հետաքննության սենատական հանձնախումբը միանշանակյա եզրակացության չի հանգել սպանության դրդապատճառների վերաբերյալ:

Ռազմական դատարանի որոշմամբ Բոգրովը 1911 թ. Սեպտեմբերի 25-ի գիշերը կախաղան է բարձրացվել:

Սպանությունից շատ առաջ գրած կտակում Ստոլիպինը պատգամել է. «Ուզում եմ թաղվել այնտեղ, որտեղ ինձ կսպանեն»:

Նրան թաղել են Կիևի Պեչորյան մայրավանքում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1045 | 0 | 0
Facebook
COMMENT.am