Իտալիայի Պիեմոնտ երկրամասից Մարսել գաղթած իտալացի ծնողների այս զավակը՝ Դեզիրե Բյանկոն, 13-ամյա դպրոցականը, 1914 թվականի օգոստոսին հաճախելիս է եղել հուսարական 6-րդ գնդի զորանոցի մոտ գտնվող դպրոցը, և բնավորությամբ շուտ խանդավառվող պատանին ամեն օր զորանոցի մոտ կուտակված ամբոխ, զորավարժանքներ անող հետևակայիններ ու նրանց հրացանների փողերի մեջ խցկած ծաղիներ է տեսել: Այս իրադարձությունները Դեզիրեի մեջ հայրենասիրական սուր զգացմունք և այդ զինվորների կողքին լինելու հախուռն ցանկություն են հարուցել:
1915 թվականի հունվարին արդեն նա կամավորագրվել է 6-րդ հուսարական գնդին ու առաջին էսկադրոնի հեծանվորդների խմբի հետ Մաասի ռազմաճակատ է հասել: Մարտ ամսին նրան թիկունք են ուղարկել, բայց շատ չանցած Դեզիրեին հաջողվել է վերստին կրակների բովում հայտնվել: Պատանուն նորից են վերադարձրել ծնողներին, բայց նա 1915-ի մայիսի 2-ին Տուլոն քաղաքի նավահանգստում թաքուն ներթափանցել է 58-րդ գաղութային գնդին Թուրքիայի Դարդանել նեղուց տեղափոխող «Ֆրանսիա» նավ: Այս գունդը համալրելու էր Արևելյան ճակատում փետրվար ամսից ճեղքման գործողություն իրականացնող անգլոֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը: Մի քանի օր անց Անտանտի դաշնակիցների նավատորմը Գալիպոլի թերակղզու ափին էր:
Մայիսի 8-ին, ժամը 17: 15-ին սկսվել է գլխավոր հարձակումը: Խրամատում կողք-կողքի են հայտնվել լեյտենանտ Ասքյոն և պատանի Բյանկոն: Լեյտենանտը Բյանկոյից վերցրել է նրա հրացանն ու սվինը և պատանի զինվորին է տվել իր սուսերը: Չկարողանալով իրեն զսպել՝ Բյանկոն բարձրացրել է սուսերը վեր, գոռացել է «Առա՜ջ» ու նետվել է դեպի թշնամական ամրությունը: Բայց թուրքական գնդակները նրան տապալել են ամրության մոտակայքում:
1916 թվականի օգոստոսի 30-ին Ֆրանսիայի Արևելյան բանակի հրամանատար, գեներալ Կորդոնիեի հրամանում հիշատակվել է Բյանկոյի անունը:
1920 թվականի հունվարի 14-ին, Մարսելի դատարանի որոշմամբ, նա հայտարարվել է Ֆրանսիայի համար մահացած:
1935 թվականի հունիսին նրա անունը «Հազարի լեգեոն» -ի ցուցակում որպես Ֆրանսիայի համար կյանքը զոհած «Թիվ 1» հերոս է գրանցվել:
Նրա անունն է կրում Մարսելի պողոտաներից մեկը:
1936 թվականի մայիսին նրա կիսանդրին տեղադրվել է Տուլոնի զորանոցների դիմաց: Հուշատախտակին հետևյալն է գրված.
«Ի հիշատակ.
13-ամյա պատանին, ականջալուր լինելով միայն սեփական վեհ զգացմունքներին, կարողացավ սողոսկել «Ֆրանսիա» փոխադրանավ…58-րդ գաղութային գնդի հետ նա ափ իջավ Դարդանելում: 1915 թվականի մայիսի 8-ի գրոհի ժամանակ, դրսևորելով առաքինություն և մեծ քաջություն, նա սպանվեց՝ բացականչելով՝ «Սվինով առա՛ջ»: