Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու իրավունքներն ընդդեմ կեղծ կենդանասիրության

23:26, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
Մարդու իրավունքներն ընդդեմ կեղծ կենդանասիրության

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ մարդը բարձրագույն արժեք է: Սակայն քանի դեռ դեղին մամուլը շարունակում է իր աղբը տարածել համացանցում, դժվար է խոսել բարձր արժեքներից:
     Վերջերս «Econews» բնապահպանական կայքը հրապարակել է «Ստրուկ կապիկը» ամոթալի վերնագրով մի նյութ, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետությունում բնակվող Գայանե Հապետյանի խնամակալության տակ գտնվող Բարս կապիկի կյանքը:


    
    

Նյութում առկա տվյալները, տեսանյութերն ու լուսանկարները ձեռք են բերված ապօրինաբար՝ առանց դրանց սեփականատիրոջ համաձայնության և ներկայացված են բացառապես խեղաթյուրված եղանակով, առանց ստույգ ճշտված տեղեկությունների:


    

Նյութի հենց սկզբում նշված է, որ «կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի և բիզնես միջոց», այնինչ բերված օրինակները բացառապես չեն համապատասխանում իրականությանը և միայն նյութի հեղինակի վառ երևակայության և լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության արյդունքն են:

Այո, Գայանե Հապետյանը ծավալում է բիզնես գործունեություն, որը սակայն ոչ մի կապ չունի իր պահած կապիկի հետ: Կապիկը հազվադեպ է մասնակցել միջոցառումների և միայն մարդկանց խնդրանքով, բացառապես անվճար և կարճատև ժամանակահատվածով:


     Նյութում նշված է, որ կապիկը ենթարկվում է բռնի գործողությունների, դաժան վերաբերմունքի և ապրում է տանջալից պայմաններում:

Կարելի է ենթադրել, որ այս հույժ պրոֆեսիոնալ լրագրողը այցելել է Արցախ, Գայանե Հապետյանի բնակարան, անձամբ ծանոթացել է, թե ինչ պայմաններում է ապրում կապիկը, ինչով է սնվում և ինչով զբաղվում: Հակառակ դեպքում կարելի է միայն կարծել, որ հեղինակը և կայքի տնօրինությունը կորցրել են պատասխանատվության զգացումը և իրենց կեղծ կենդանասիրությամբ մարդկանց զրպարտելով են զբաղված, իսկ հետո էլ գուցե մի լավ խորովածով նշում են իրենց «բարի գործը»:


    

Լավ, դեռ մարդու իրավունքների սահմանադրական նորմերը խախտելը մի կողմ, բայց նման նյութ և նման մեղադրանքներ հրապարակելու համար պետք են գոնե մինիմալ գիտելիքներ տվյալ կենդանատեսակի հետ կապված:

Նույնիսկ ամենաակներև դետալները անուշադրության առնելով, հեղինակը նշել է, որ կապիկը վզկապով է, ինչի արդյունքում վզի շրջանում տեսանելի են ուռուցքներ: Սա պարզապես ծիծաղելի է, քանի որ նախ կապիկը վզկապով չէ, այլ գոտկատեղից է կապված՝ բնականաբար անվնաս կապով, իսկ լուսանկարի ուռուցքները այս կենդանատեսակի սննդի պարկերն են, որոնք առաջանում են, երբ կապիկը սնունդը հավաքում է այդ պարկերում, որպեսզի քիչ-քիչ ուտի:

Նաև նշված է, որ կապիկին «կռվեցնում են շների հետ, քարշ են տալիս, նետում լողավազանը», այնինչ այս տեսակի կապիկները հրաշալի լողորդ են և Բարսն ինքն է նետվում ջուրը, քանի որ շատ է սիրում լողալ: Շների հետ նա խաղում է և ոչ թե կռվեցնում են, երբեմն իհարկե նկատողություն են անում և վարժեցնում են, քանի որ մակակներն ունեն գերակտիվ և չարաճճի բնավորություն:

Բայց տանջանքների ու դաժանության ենթարկել մի կենդանու, ում սիրում են և պահել են դեռ շատ փոքր հասակից, համաձայնեք, որ ադեկվատության սահմաններից դուրս է: Ինչ վերաբերվում է կապիկին բնությանը վերադարձնելուն, նշենք, որ նախ կապիկը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, պահվում է բժշկի խորհրդատվությանը համապատասխան և շատ փոքր հասակից սովոր է այս միջավայրին, պայմաններին և մարդկանց: Այս պարագայում նրան իր բնական միջավայր վերադարձնելը մեծ ռիսկեր է կրում, քանի որ նա սովոր չէ սնունդ հայթայթել, դիմադրել եղանակային պայմանններին, իսկ իր նման մյուս առանձնյակների համար նա օտար է և չի ընդունվի, այդպիսով վտանգի կենթարկվի կենդանու կյանքը:


    

Նյութում առկա են նաև Գայանե Հապետյանի այդպես կոչված «մեկնաբանությունները» և «հարցադրման պատասխանները», այնինչ «Econews» կայքից ոչ մի ներկայացուցիչ իրեն հարցեր չի ուղղել, մեկնաբանություններ չի պահանջել և նույնիսկ չի տեղեկացրել նման նյութի հրապարակման մասին, այն հայտնաբերվել է պատահականությամբ:


     Լրատվական կայքերի խոսքի ազատությունը չպետք է ոտնահարի մարդկանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և առավել ևս տարածի զրպարտություն՝ հրապարակելով բացարձակ չստուգված տեղեկատվություն, չունենալով հավաստի փաստեր, կեղծելով ապօրինությամբ ձեռք բերված տվյալները և դրանք ներկայացնելով ի օգուտ իրենց սեփական շահերի:

Այդ իսկ հիմնավորմամբ այս նյութի հեղինակները ենթարկվելու են պատասխանատվության և մեծ հույս ունենք, որ այդուհետ կգործեն սահմանադրությանն ու օրենքին համապատասխան կամ գոնե կպահպանեն իրենց կայքում նշված նորմերը, այն է՝ «Կայքն իր ընթերցողներին տրամադրում է հավաստի տեղեկատվություն` ներկայացնելով խնդրով հետաքրքրված բոլոր կողմերի կարծիքներն ու մտահոգությունները, իր գործունեության սկզբունքն է տրամադրել անկողմնակալ և չեզոք տեղեկատվություն` պահպանելով բոլոր կողմերի իրավունքները»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1662 | 0 | 0
Facebook