Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

Հովհաննես Շիրազ. 106

09:52, երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ.
Հովհաննես Շիրազ. 106

Մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում։ Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: 5 տարեկան է եղել, երբ սպանել են հորը: Մայրը երեխաներին սովից փրկելու համար ստիպված որբանոց է տարել: Օնիկը փախել է այնտեղից ու ջուր ծախելով գումար վաստակել:
     Հովհաննես (Օնիկ) Կարապետյանն իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի (քաղաք) վարդերը»:
     1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ "Գարնանամուտ " ժողովածուն ։ Շատ համեստ ապրող մարդ է եղել ։ Պաշտել է Նարեկացուն, Նարեկը միշտ իր սեղանին դրված է եղել։
     Շիրազն առաջին բանաստեղծներից էր, որ իր անդրանիկ գիրքը ձոնեց մորը՝ «Հուշարձան մայրիկիս»: Ինչպես ինքն է ասել." Երբ մայրը կա, էլ ի՞նչ Աստված": Այս գրքի հրատարակումից հետո մի ծեր կին եկեղեցում մոտեցել է Շիրազին, համբուրել ձեռքերն ու ասել." Շնորհակալ եմ, տղաս ինձ ծերանոց էր տարել, քո գիրքը կարդալուց հետո վերադարձրեց տուն"… Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը «Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և բազմաթիվ գործեր: Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից, նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, մարդկային ցավի խտացում:
     1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է: Ցավն ու տառապանքը այդ մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:
     Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Հայոց դանթեականը» պոեմով: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով։ Երբ մահացել է Մեծն Շիրազը նրա սիրտը մարմնի հետ չի թաղվել, այլ պահվել է ավագ որդու ՝ Արա Շիրազի մոտ: 2006 թվականին, մի խումբ հայ լեռնագնացներ բարձրանալով նրա պաշտելի Արարատ լեռան գագաթը՝ այնտեղ էլ թաղել են Մեծ բանաստեղծի սիրտը:
     Որդու հետ զրուցելիս ասել է. «Գիդես չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի» ։


    
     Ն. Տոնեյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի "Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ" առարկայի դասախոս

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1320 | 0 | 0
Facebook
COMMENT.am