Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Երգելը ժառանգել եմ մայրիկից, իսկ նվագելը' հայրիկից»

Naira Karapetyan
Հեղինակ`
Naira Karapetyan
11:54, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Երգելը ժառանգել եմ մայրիկից, իսկ նվագելը' հայրիկից»
     «Փոքր մարմնում հզոր ձայն», - այսպես կարելի է բնութագրել Արսեն Սահակյանին, ով իր աննկարագրելի ձայնով զարմացնում է ոչ միայն հայազգի, այլև օտարազգի ժողովրդին։ Արսենը 14 տարեկան է։ Ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Հաճախում է տեղի Արայիկ Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցը։Արսենը տան կրտսեր և երրորդ զավակն է։ Երգել սկսել է դեռ մանկուց, և ինչպես նշում է հերոսը. «Երգելը ժառանգել եմ մայրիկից, իսկ նվագելը' հայրիկից» ։ Արսենի մոտ նկատելով այդ ջիղը, նրա ծնողները որոշում եմ իրենց որդուն ուղարկել Ջիվանու անվան աշուղական դպրոց ուսանելու, որի տնօրենն է ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը։2015թվականին Արսենը ընդունվում է աշուղական դպրոց, ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի դստեր' Արմինե Հունանյանի դասարանում։ Խմբի անդամների հետ հանդես է եկել խմբակային համերգներով, իսկ 2017թվականից արդեն հանդես է եկել ինքնուրույն' Հայաստանը ներկայացնելով տարբեր բեմերից, որոնց արդյունքում ստացել է մի շարք դիպլոմներ և պատվոգրեր։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է «Սիրո ամառ» երգով։ Արդեն 2017թվականին Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանի և իր ծնողների աջակցությամբ մասնակցել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք մրցույթ-փառատոնին։ Եվ ինչպես նշեց Արսենի մայրը' տիկին Հռիփսիմեն. «Այն ազգային փառատոն էր, որտեղ տղաս երգել է երկու նումինացիայով' ժողովրդական և ազգագրական։ Ժողովրդականով գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ազգագրականով' ստացել է Grand Prix մրցանակը։ Գլխավոր մրցանակին արժանացել է «Հայի արյուն» երգի կատարմամբ։ Այդ մրցանակաբաշխությանը մասնակցում էին տասնյոթ պետություն, այդ թվում' Ադրբեջանը։ Իսկ երբ Արսենը ստացավ գլխավոր մրցանակը, Ադրբեջանի ժյուրիի և մասնակցի համար մեծ ամոթ էր, որը նրանք թաքցնել չկարողացան»:
Արսեն Սահակյանի անունը հնչել է տարբեր բեմերից։ Արսենը, ինչպես նշեց նրա հայրը' Աշոտ Սահակյանը, «մասնակցել է նաև Թեհրան քաղաքում տեղի ունեցող փառատոնին' Կարեն Գևորգյանի ղեկավարած «Բերդ» պարային համույթի հետ միասին։ Իսկ «Հուշեր» պարային համույթի հետ արդեն ելույթ է ունեցել Բեյրութում։ Իսկ այս տարի Բաթումի քաղաքում արժանացավ «լավագույն երգիչ, լավագույն կատարող» կոչմանը» ։ Ինչպես նաև դուետով հանդես եկել Լիլիթ Հովհաննիսյանի հետ վերջինիս մենահամերգի ժամանակ»:
Արսեն Սահակյանի առաջընթացում մեծ դեր են ունեցել և շարունակում են ունենալ Արմինե Հունանյանը և վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանը։ Արսեն Սահակյանը իրենց համայնքապետի աջակցությամբ մենահամերգ է ունեցել Նոր Խարբերդի մշակույթի տանը' տեղի պարային համույթի հետ միասին։ Բարեգործական համերգներով կրկին գյուղի պարային համույթի հետ միասին հանդես է եկել զորամասերում, որտեղ նրան ընդունել և ճանապարհել են մեծ սիրով և ջերմությամբ։ Բարեգործական համերգ է ունեցել նաև Արցախի Հանրապետությունում (Քաշաթաղ, Լաչին և այլն): 2018 թվականին' իր ծննդյան օրը Առնո Բաբաջանյան համերգասրահում, Արսենը իր ծնողների և իրենց համայնքի ղեկավար Կամո Կակոյանի հովանավորությամբ, տվել է իր առաջին մենահամերգը, որտեղ Արսենին լսելու են եկել նաև ժողովրդական երգիչներից շատերը։
Արսենի ծնողները խորը երախտագիտություն են հայտնում այն մարդկանց, ովքեր աջակցել են իրենց որդուն առաջ քայլելու և հաջողություններ գրանցելու հարցում։ Նրանք նշեցին նաև, որ շատ տեղերից է իրենց որդին ստանում առաջարկներ, սակայն չունենալով համապատասխան ֆինանսական պայմաններ չի կարողանում մասնակցել։ Ասացին նաև, որ շատ տեղեր են դիմել, սակայն պատասխան չեն ստացել։ Առաջիկայում ցանկանում են նորից կազմակերպել իրենց որդու երկրորդ մենահամերգը, սակայն չունեն համապատասխան միջոցներ։ Նշեցին նաև, որ «Արսենը ունի հեղինակային երգ, բայց քանի որ տեսահոլովակ նկարելը ևս մեծ ծախսերի հետ է կապված, դեռ ոչինչ չենք կարողանում անել»:
Հատկանշական է նաև այն փաստը, որ մարզիկներ Ալբերտ Ղազարյանը, Ժորա Թումանյանը Մոսկվայում կայանալիք մրցումների ժամանակ Արսեն Սահակյանի երգերի ներքո են մտել ռինգ։
Արսենի մասին կարելի է երկար խոսել, սակայն ընթերցողին երևի կբավականացի այսքանը, որպեսզի նա սկսի հետաքրքրվել այդ 14 տարեկան երեխայով։
Այն հարցին, թե ինչպիսի երեխա է Արսենը երգարվեստից դուրս, տիկին Հռիփսիմեն պատասխանեց. «Ինչպես բոլոր երեխաները, Արսենը ևս ապրում է իր առօրյայով։ Գնում դպրոց, հետո դհոլի և սոլֆեջիոյի դասերի»: Զրույցից պարզ դարձավ, որ տղան նախքան երգարվեստի մեջ խորանալը, հաճախել և շարունակում է հաճախել դհոլի դասերի։ Իսկ թե ինչպես է առաջացել սերը դհոլի նկատմամբ, մայրը պատասխանեց. «Արսենը դեռ մանկուց սիրում էր հարվածել ափսեների, կափարիչների վրա կամ սեղանին։Եվ այդ տեսնելով որոշեցինք ուղարկել դհոլի դասերի»:
Արսենի ծնողները ասացին նաև, որ իրենց որդուն 2020թ. մարտին հրավիրել են Գերմանիա' մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնին, իսկ մինչ այդ նա երկրի ներսում հանդես կգա մի շարք համերգներով։
Զրույցի ավարտին Արսենը օգտվելով առիթից ասաց. «Իմ հաջողությունների համար անչափ շնորհակալ եմ ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանին և նրա դուստր և իմ ուսուցչուհի Արմինե Հունանյանից»:
Աղբյուրը` MAMUL.AM
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6198 | 0 | 0
Facebook