Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին

19:01, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին

Սիրելի Հայրենակիցներ,

Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։

Այս հրամայականը առավել արդիականություն է ձեռք բերում նախ և առաջ այն Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված իրողությունների համատեքստում։

Փաստացի նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձևավորվելիք և վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին։

Բովանդակային հագեցում ասելով նախ և առաջ ի նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի ձևավորում, նոր կուսակցական համակարգ և կուսակցականության դերակատարման և առաքելության առավել ամրացում և բյուրեղացում։

Իսկ ինչ ունենք մենք հիմա?

Կուսակցություններ և քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես ձևավորված և ադապտացած են նախորդ քաղաքական համակարգի խաղի կանոններին՝ որոնք «քաղաքական» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։

Անհրաժեշտ է փաստել, որ ներկայիս կուսակցությունների գերակշռող մասի գաղափարական հենքերը շատ հեղհեղուկ են և էպիզոդիկ, եթե չխոսեմ բացառապես իշխանություն դառնալու ձգտման մասին։

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության և պետականության ընկալման կարևորությունը և դրա փոխարեն անընդմեջ շահարկվում և չարչկվում է «ժողորդրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության և պետականության ամրապնդման բաղադրիչի։

Սա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության և նրա ինստիտուտների կենսական նշանակությունը՝ դրա իրավահաջորդության, քաղաքական իշխանության սահուն և անցնցում փոխանցման, էվոլյուցիոն կայուն զարգացման կարևորագույն առաքելությամբ։

Ցավով պետք է նշեմ, որ մեր կուսակցական համակարգին և մշակույթին հատուկ է լիդերակենտրոնությունը և պսեվդոգաղափարական պատկանելիությունը, որոնք, պետք է խոստովանեմ, հաճախ չեն հաջողում քողարկել այդ լիդերների իշխանատենչությունը....

Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշումը, հայտարարում եմ վերը նշված գաղափարները կիսող և արժեվորող համախոհների հետ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին
    
    
     ։Արթուր Ղազինյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2391 | 0 | 0
Facebook