Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր շունչ նոր գրողի հետ

23:13, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Նոր շունչ նոր գրողի հետ

Միշտ մեծ հաճույքով եմ ընթերցել երիտասարդ գրողների գործերը: Ինձ հետաքրքրել են նրանց մտքերը, մտածելակերպն ու ապրելակերպը: Բազմիցս անգամ համացանցում կարդացել եմ այս երիտասարդ գրողի բանաստեղծությունները, որոնք մտքիցս դուրս չեն եկել: Նա իր տողերով մի անգամից հոգի է գերում, ցավ տալիս ու մեղմում ցավը: Նրա ամեն մի բառը կարծես սրտիցս լիներ: Չէի կարող անտարբեր անցնել և չփորձել բացահայտել նրան: Խոսքս 18-ամյա Գոհար Պետրոսյանի մասին է, ով իր բանաստեղծությունների վերջում որպես հեղինակ, հանդես է գալիս Փիարթ գրական կեղծանվամբ:


     -Քանի՞ տարեկանից ես ստեղծագործում, ի՞նչը կամ ո՞վ է ստեղծագործելու առիթ դարձել:
    
     -Ստեղծագործում եմ 10 տարեկանից: Ստեղծագործելուս համար ինչ-որ առիթ չկար: Գրում էի` ինչ մտքիս գալիս էր. սկզբում բանաստեղծություններ, հետո պատմվածքներ և այդպես շարունակ: 2014թ-ին գրեցի առաջին վեպս` «Հավերժական քուն» վերնագրով:

    
     -Իսկ վեպը ինչ-որ տեղ տպագրվե՞լ է:
    
     -Ցավոք սրտի վեպս երկար կյանք չունեցավ: Ես այն գրելուց հետո այրել եմ:
    
     (Իսկ թե ինչն էր պատճառը` հրաժարվեց պատասխանել):
    
    

-Դա քո գրած միա՞կ վեպն էր, թե՞ էլի կան:
    
     -Մյուս վեպս մի փոքր ինքնակենսագրական բնույթ ունի, այն գրել եմ 2016թ-ին. վերնագիրն էր` «Հոգեկան թակարդ»: Ունեմ ևս մի վեպ,

որն անավարտ է. վերնագրել եմ «Մերկացած ստվեր»:
    
    
-Իսկ ինչու՞ «Փիարթ»:
    
     - «Փի» տառը ազգանվանս առաջին տառն է, իսկ «արթ» -ը արվեստ է նշանակում, տ-ն թ-ով եմ փոխել գեղեցիկ հնչողության համար:


     -Ունե՞ս սիրելի գրողներ, գրքեր: Կնշե՞ս մի քանիսը:


     -Իհարկե ունեմ: Գիրք, որը փոխեց կյանքս, ապրելակերպս, որը ինձ սովորեցրեց գնահատել և սիրել սեփական անձս. խոսքս Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գրքի մասին է: Կառանձնացնեմ նաև մի քանի գրողի` Բալզակին, Դրայզերին, Հեսսեին, Ռեյ Բրեդբերիին, Բրեմ Սթոքերին, էլի ու էլի կան: Սիրում եմ բոլոր իմ կարդացած գրքերը, բացառությամբ դպրոցական պարտադիր պարտադրվող գրականությունից: (ծիծաղում է)
    
     -Իսկ ինչպիսի՞ հետաքրքրություններ, զբաղմունքներ ունես: Ինչու՞ որոշեցիր լրագրող դառնալ:
    
     -Դեռ 9 տարեկանից նկարում եմ: Ինձ համար օդը միշտ լցված է արվեստով: Արվեստը չեմ կարող նշել զբաղմունքներիս կամ հետաքրքրություններիս շարքում, քանզի այն իմ մեջ է` ես էլ նրա: Ներսիս մյուս աշխարհն իմ կորեացիներին է պատկանում: Կորեացիներիս մասին շատ կխոսեմ, դրա համար կանցնեմ մյուս հարցին: «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցերի ժամանակ էլ ցանկություն առաջացավ:
    
     -Իսկ քո ստեղծագործությունները հաճա՞խ են քննադատում: Կամ երբևէ քննադատե՞լ են: Եվ ինչպե՞ս ես ընդունում քննադատությունները:
    
     - Չեն քննադատում, ուղղակի միշտ չի, որ տողերիս հետ համակարծիք են լինում: Դե դա բնական է: Միայն մի մարդ է եղել` ուսուցչուհիս, ով մի օր բանաստեղծություններիցս մեկը կարդալուց հետո` ասաց. «Զբաղվիր նրանով, ինչը քեզ մոտ ստացվում է»: Սակայն ինձ միտումնավոր կոտրելը և առավել ևս կոտրելը, այդքան էլ հեշտ չէ, ասեմ ավելին` անհնար է: Եվ ես հիմա կասեմ. «Շնորհակալ եմ խորհրդի համար. ես զբաղվում եմ նրանով, ինչը ինձ մոտ ստացվում է»: Եթե ես անեմ մի բան, որը ինձ մոտ վատ կստացվի և դրա համար ինձ կքննադատեն` ես ներսումս կընդունեմ այդ քննադատությունը և հնարավոր է, որ այդ բանն այլևս չանեմ: Իսկ երբ ես անում եմ մի բան ու գիտեմ, որ լավ եմ արել` քննադատությունից ինձ ավելի վեհ եմ զգում:
    
     -Ի՞նչն է քո մուսան, ե՞րբ ես ստեղծագործում:
    
     -Երբ մի նոր զգացմունք է մեջս կենդանություն առնում: Կապ չունի, թե ինչ: Մեծամասամբ ստեղծագործում եմ, երբ տխուր եմ լինում, կամ մեջս ինչ-որ անհանգստություն է լինում: Անորոշ վիճակը կարող է ինձ խելագարության հասցնել, քանի որ մտքերս նույնպես անորոշ վիճակում են լինում և ստեղծագործելս չի գալիս:
    
     -Իսկ ի՞նչը կստիպի քեզ այլևս չստեղծագործել:
    
     - Երբ լինեմ լիարժեք երջանիկ: Բայց դե, ըստ իս, երջանիկ մարդիկ չկան և անթերիորեն երջանիկ լինելն էլ անհնար է: Հետևաբար... Ես միշտ եմ ստեղծագործելու:
    
     -Կյանքի նշանաբան ունե՞ս, որով առաջնորդվում ես:
    
     - «Նպատակ, պայքար, հասնել...նպատակ»: Կյանքն անիմաստ եմ համարում առանց նպատակների, նպատակներին չհասնելը նույնպես: Էլ ի՞նչ նպատակ, որ չես իրագործելու:
    
     -Իսկ դու հասե՞լ ես նպատակներիդ:
    
     -Մասամբ: Ամենաառաջնայինը դեռ առջևում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3904 | 3 | 0
Facebook