Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց

21:44, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն երեկ հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին հրաժարական ներկայացնելու՝ իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել: Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։

Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ», - հայտարարել է Աղվան Հովսեփյանն ու ավելացրել. «Ուզում եմ, որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում:

Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և, ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնել քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը:

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով», - դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։ «Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել հասարակական գործունեությունն ու ակտիվությունը քաղաքականությունից», - հայտարարել է Ա.Հովսեփյանը։
    
     Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3575 | 0 | 0
Facebook