Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավելի բարեկարգ Երևա՞ն

Տաթև
Հեղինակ`
Տաթև
19:20, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Ավելի բարեկարգ Երևա՞ն

Արաբկիրի հարգարժա՛ն թաղապետ, ժամանակն է նայելու Ձեր քթի տակ:
    
     Սա Երևանն է, Արաբկիր վարչական շրջանը: Արդեն մեկ տարի է, ինչ բնակվում ենք Արաբկիր 51-րդ փողոցի 3-րդ շենքում, սակայն իշխանությունների և իրավասու մարմինների անտարբերությունը չի փոխվել. շենքի հարակից տարածքը շարունակում է մնալ նույն անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, ինչ մեկ տարի առաջ էր: Նոր կառուցվելիք շենքի համար մի քանի տարի առաջ փորվել է ահռելի փոս, սակայն ինձ անհայտ պատճառներով շինարարությունը չի սկսվել, իսկ տարածքը դարձել է գարշահոտ աղբանոց և անօթևան շների համար բնակատեղի: Վերջիններիս պատճառով երեկոյան ժամերին այդ վայրով միայնակ անցնելը կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Ի միջիայլոց, տարածքը գտնվում է Երևանում հայտնի Երկվորյակ շենքերի և քաղաքական հայտնի մեծահարուստ գործիչների առանձնատների միջև՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, ասել է թե՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անմիջապես քթի տակ: Չեմ կարծում, թե այսքան տարի թաղապետերից որևէ մեկը նկատած չլինի այս բարձիթողի վիճակը, քարուքանդ ճանապարհները, որոնք թաղամասի այս հատվածը Կոմիտասի պողոտային և Արաբկիրի այգուն կապող ամենակարճ ուղին են, սակայն քարերը և ասֆալտի բացակայությունը սահմանափակում են դեպի այգի երեխաներին մանկասայլակով միայնակ տանելու հնարավորությունը, իսկ մեքենաները ստիպված են լինում ամեն անգամ ճանապարհը երկարացնել վերը նշված փողոց դուրս գալու համար: Ազգային ժողովի վերջին ընտրությունները հույս էին ներշնչել, որ գոնե հիմա ուշադրություն կդարձնեն այս խնդրին, կասֆալտապատեն ընդամենը մի քանի մետր երկարություն ունեցող, բայց շատ կարևոր ճանապարհները, սակայն այս անգամ էլ հուսախաբ եղանք: Քաղաքապետարանն էլ հավատարիմ չէ իր իսկ կողմից հորինված "Ավելի բարեկարգ Երևան" կարգախոսին: Մնում է սպասենք վարչապետի արձագանքին, ով կարծես թե փորձում է ուշադրություն դարձնել քաղաքի մաքրությանը:
     Խոսքս ամփոփելով՝ ցանկանում եմ իմ և Արաբկիրի նշված հատվածի բնակիչների անունից խնդրել համապատասխան լիազորություններ և իրավասություններ ունեցող անձանց, որպեսզի հնարավորինս արագ լուծում տան վերոնշյալ տարածքի ասֆալտապատման խնդրին և որոշեն աղբանոց դարձած փոսի ճակատագիրը: Հիանալի կլիներ, եթե դրա տեղում մանկական խաղահրապարակ բացվեր, քանի որ շենքի շուրջբոլորը կայանված մեքենաների պատճառով երեխաները զրկված են խաղալու և իրենց մանկությունը համակարգչից գոնե մեկ ժամ կտրված անցկացնելու հնարավորությունից:

Պահանջագիրը ստորագրելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով.
     https://www.change.org/p/11489396/preview

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7386 | 0 | 0
Facebook