Google ընկերության Android օպերացիոն համակարգի առաջատար ծրագրավորող Էնդի Ռուբինը ներկայացրել է պրեմիում դասի իր սեփական սմարթֆոնը:
Ինչպես նշում է BBC-ն, Google-ից Ռուբինը հեռացել է 2014-ին և հիմնադրել է Playground ընկերությունը, որն զբաղվում է նոր տեխնոլոգիաներում ներդրումներ անելով: Մասնավորապես, այն ֆինանսավորում է Essential ընկերությունը, որն արդեն թողարկել է իր առաջին արտադրանքը` Essential Phone սմարթֆոնը:
Սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ԱՄՆ-ում վաճառքում է հայտնվել` 699 դոլարով:
Փորձագետների կարծիքով` նորագույն սմարթֆոնը դժվարությունների կհանդիպի արդեն իրենց ուրույն տեղը գրաված սմարթֆոնների շուկայում: Վերլուծական ընկերության տվյալներով` ներկա պահին բջջային հեռախոսների շուկայում իշխում է Samsung-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային վաճառքի 21 տոկոսը, մինչդեռ Apple-ի ցուցանիշը կազմում է 14 տոկոս:
Նկարը՝ www.haystar.tk-ում։