Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր Աստվածը հաղթող է». Արցախյան քառօրյային մասնակցած հոգևորականը մանրամասներ է պատմում

23:40, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
«Մեր Աստվածը հաղթող է». Արցախյան քառօրյային մասնակցած հոգևորականը մանրամասներ է պատմում

«Արցախ մեկնելու որոշումս կայացրել եմ ինքնաբերաբար, պարտքի զգացումից ելնելով. որպես հայ մարդ չէի կարող չգնալ», - մեզ հետ ունեցած զրույցում ասաց Արցախյան քառօրյա պատերազմին իր մասնակցությունն ունեցած հայ հոգևորականներից մեկը:

«Ես երիտասարդներին քարոզում էի հայրենասիրություն ու ինքնազոհություն, և ինչպե՞ս ինքս կարող էի մնալ այստեղ: Եթե մնայի այստեղ, ինչպե՞ս պետք է հետագայում նայեի առաջնագծում կանգնած զինվորների ծնողների աչքերին...»:

Հոգևորականը պատմում է, որ Արցախ է հասել կամավորական ջոկատի հետ միասին, նրանց հետ էլ անց է կացրել այդ օրերը: Զորամասում եղած ժամանակ միաբանը հոգևորականի հանդերձով է եղել, իսկ դիրքերում արդեն զինվորական հագուստով:

«Մենք բռնություն ու ցեղասպանություն էինք կանխում, պայքարում էինք բռնության դեմ:

Մենք գիտեինք, թե ով է կանգնած մեր դիմաց, գիտենք նաև մեր պատմությունն ու մեր ներկան. ոչինչ չի փոխվել, այդ մարդիկ ևս չեն փոխվել: Մենք չենք պատրաստվում անբան ոչխարների պես մորթվել: Մենք Քրիստոսի հոտի ոչխարներ ենք, բայց բանավոր հոտի, ոչ թե անբան ոչխարներ», - նշեց հոգևորականը՝ հավելելով, որ զինվորականների մոտ իր անձի ներկայությունն ընկալվել է որպես Աստծո ներկայություն ու պաշտպանություն: Մարդկանց մոտ կոտրվում էին կարծրատիպեր, տեսնում էին, որ հոգևորականը խեղճություն քարոզող չէ, այլ զինվորի կողքին է և պայքարի մեջ է: «Մեր Աստվածը հաղթող է, և ինչպես ասում են՝ եթե Քրիստոս մեզ հետ է, ո՞վ կարող է մեր դեմ լինել: Այս ոգին էր տիրում սահմանին՝ Աստծու պաշտպանությունը, նրա հովանավորությունն ու պահապան աջի զորությունն էին մարդիկ զգում: Եվ Աստծո ողորմությամբ, մեր ջոկատի անդամներից ոչ մեկին որևէ վնաս չի հասցրվել»: Հոգևոր հոր խոսքերով, սահմանագծին Աստված էր փառաբանվում, ոչ թե հիշատակվում էր հոգևորականի անձը:

Այն դիտարկմանը, թե ինչ սովորեցինք քառօրյա պատերազմից, իմ զրուցակիցը այն կարծիքը հայտնեց, որ պատերազմից քաղած դասերի մասին կիմանաք ապագայում՝ հավելելով, որ պատերազմն ավարտված չէ, այն հիմա ևս շարունակվում է, մենք հիմա նույնպես պատերազմի մեջ ենք: «Տրամաբանական է, որ դասեր քաղել ենք, սովորել ենք ինչ-որ բան: Բայց իրականում սովորել ենք, թե ոչ, ժամանակը ցույց կտա. պատմությունը առիթ կտա՝ սուգելու մեր սովորածը: Հուսամ, որ սովորել ենք…»:

Հոգևորականը նշեց, որ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը մեր գոյատևման միջոցն է, պատերազմից խուսափելու միակ միջոցը պատերազմին մշտապես պատրաստ լինելն է: Հարկավոր է միշտ պատրաստ լինել կռվելու, արյուն թափելու: Մեր տարածաշրջանը, մեր հարևանները չեն փոխվելու և եթե ուզում ենք այս արևի ներքո մեր տեղն ունենալ, պետք է պատրաստ լինենք կռվի: Պատերազմից պետք չէ վախենալ, պատերազմին պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան»:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
5543 | 0 | 0
Facebook